կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-22 13:47
Առանց Կատեգորիա

Մեր իրականության մեջ նույնիսկ իրականությունն է պակասում

Մեր իրականության մեջ նույնիսկ իրականությունն է պակասում

Yerkir.am-ի զրուցակիցն է գրող, ռեժիսոր Արեգ Ազատյանը:

 

- Արե'գ, ստեղծագործություններդ կարդալով` հասկանում եմ, որ ճամփորդել շատ ես սիրում: Ի՞նչ ես փնտրում:

-Հատուկ ինչ-որ բան չեմ փնտրում, քանի որ սովորաբար մարդիկ փնտրում են, երբ ինչ-որ բան կորցնում են: Իսկ ես, այդ իմաստով, բախտավոր մարդ եմ, քանի որ ճամփորդելու հանդեպ սերն առաջացել է շատ ինքնաբերաբար. ծնողներս, երբ ես 4-5 տարեկան էի, հաճախ էին գնում արտերկիր` միջազգային փառատոների մասնակցելու, եւ ինձ միշտ տանում էին իրենց հետ: Հենց այդ տարիներին էլ ինձ մոտ ճանփորդելու ագահություն առաջացավ: Հիշում եմ` 5-6 տարեկան էի, ասում էի` պա'պ, ինչ կլինի` արի գնանք Ճապոնիա, Իտալիա: Բնականաբար, այդ թվականներին նման երազանքներն իրականացնելն անհնար կլիներ, եթե, իհարկե, հատուկ հրավերներ չլինեին: Երբ մի քիչ հասունացա եւ լիարժեքորեն ընկղմվեցի մութ ու ցուրտ տարիների մեջ, դուրս գնալու կարոտն ավելի շատացավ ինձ մոտ:

 

-Եթե ճամփորդել սիրում ես ու ոչինչ չես փնտրում, ուրեմն ուզում ես գտնել ինչ-որ բան:

-Այո, ուզում եմ գտնել, բացահայտել նոր վայրեր: Ի դեպ, հարցերին փիլիսոփայական պատասխաններ չեմ տալու: Վերջերս մի բան հասկացա` կյանքը շատ թանկ է մարդու համար, մի քիչ պետք է էգոիստաբար մոտենանք մեզ տրված ժամանակին եւ ավելորդ լացը, տանջանքը, նեղվածությունը հեռու վանենք: Ես երջանկություն եմ փնտրում, կյանքը վայելելու ճանապարհն եմ փնտրում: Իմ գրքերի հերոսներն էլ մեծ հաշվով դրան են ձգտում` ինչ-որ մի ուրախ, պայծառ բան, որից կարելի է կառչել: Կարող է` շատ ռոմանտիկ կամ պարզունակ է դա հնչում, բայց, մեծ հաշվով, կատարելությունը պարզության մեջ է: Պետք չէ երկար փիլիսոփայել, բարդ, վերամբարձ նախադասություններ ասել` հասկանալու համար, որ, այո, պարզությունն ու գեղեցկությունը շատ ավելի կարեւոր են, քան եռահարկ ենթատեքստերը:

 

-Երեւանը փոքր քաղաք է, փախչելու, մենակ մնալու տեղ, կարծես, չունենք: Երբ ճամփորդելուց հետո վերադառնում ես Հայաստան, Երեւանի փոքրությունը խեղդո՞ւմ է, թե՞ ավելի գրավիչ է թվում:

-Հայաստանը երբեք ինձ շատ փոքր չի թվացել: Ճամփորդելուց հետո Հայաստան վերադառնալիս Երեւանի` աղքատիկ լինելն եմ ավելի շատ զգացել, որից շատ եմ նեղվել: Անընդմեջ խոսում ենք Երեւանի գեղեցկության մասին, եկեք չխաբենք իրար` Երեւանը ես գեղեցիկ քաղաք չէի անվանի: Ճարտարապետական առումով մենք բազմաթիվ խախտումներ ունենք, եւ զբոսնելով` հաճույք զգալ Երեւանի փողոցներում կամ բակերում երբեք չես կարող, շատ հազվագյուտ բակեր կլինեն, որ կարող ես մտնել եւ հիանալ, իսկ դրսում այդպես չէ: Ավելի շատ հարազատներիդ, ընկերներիդ կարոտն է քեզ Հայաստան վերադարձնում:

 

-Գրող, ռեժիսոր` այս սահմաններում որտե՞ղ ես քեզ ավելի «հարմար» զգում, քանի որ դրսում /միգուցե ֆիլմերիդ միջոցով/ ավելի շատ քեզ որպես ռեժիսոր են ճանաչում, իսկ այստեղ` որպես գրող:

-Իմ գրքերը հայերեն են, թարգմանված չեն, դրա համար էլ, որպես գրող, այո, ինձ չեն ճանաչում, եւ հակառակը` կինոյի ասպարեզում ավելի շատ փորձ ունեմ դրսում, քան այստեղ: Ինձ համար կինոն ու գրականությունը հավասար են, պարզապես գրականությունն ավելի ինտիմ ու պարզ միջավայր է: Ես կարող եմ այսօր գրել, վաղը գրել, դրան հաջորդող օրը չգրել, իսկ հետո կրկին գրել, բայց ես չեմ կարող կինոյի հետ այդպես վարվել: Կինոն արդյունաբերություն է, իսկ պրոֆեսիոնալ կինոարտադրությունը նախապատրաստական շրջան է սիրում, զարգացում, արտադրության լուրջ կազմ, հետարտադրություն:

 

-«Թռչող աֆրիկացի» ստեղծագործությանդ «կաֆկայոտ» աշխարհը մի քիչ շատ չէ՞ մեր իրականության մեջ պակասում:

-Մեր իրականության մեջ այնքան բան է պակասում, որ միայն Կաֆկան ու Քամյուն չեն փրկի: Մեր իրականության մեջ նույնիսկ իրականությունն է պակասում: Մեզ մոտ մարդկային հարաբերություններն են պակասում, քաղաքավարությունը: Ինձ վհատեցնում են մարդկանց դժգոհ դեմքերը, այո, միգուցե այդ դժգոհությունը բացատրելի է, բայց, մյուս կողմից, մեր ձեռքում են ուրախ լինելու բոլոր հնարավորությունները: Եթե ոչինչ չենք անում եւ դժգոհում ենք` մենք ենք մեղավոր: Ամեն ինչ քաղաքականացնելու ճանապարհով լուծում գտնելը ճիշտ չէ, յուրաքանչյուր մարդ իր խնդիրը կարող է լուծել ինքնուրույն: Մեր երկիրն այն ազատ դեմոկրատական երկրներից չէ, որտեղ դու կարող ես ինչ-որ բան նախաձեռնել եւ առանց խնդիրների կյանքի կոչել, բայց, ամեն դեպքում, շատ բաներ քո ձեռքերում են:

 

-Որպես անհատ դրսեւորվելու, ինչ-որ ոլորտում կայանալու համար համապատասխան մթնոլորտ կա՞ մեզ մոտ, ստեղծագործական մթնոլորտի պակաս չե՞ս զգում:

-Մեզ մոտ կա նման խնդիր, որի պատճառով էլ ես շատ շուտով միգուցե ինչ-որ ժամանակով լքեմ հայրենիքս: Բայց ինչ-որ բանի հասնելու համար պարտադիր չէ լինել լավ երկրում, քանի որ մարդու բախտն իր հետ է: Բախտ ասելով` միայն քամին նկատի չունեմ, մարդու «ես»-ն իր հետ է` լինես Սոմալիում, Կամբոջայում, թե Հայաստանում: Ես գիտեմ հրաշալի, մեծ հաջողությունների հասած մարդկանց, ովքեր ծնվել, մեծացել եւ իրենց պրոֆեսիանալ միջավայրը հաղթահարել են ավելի աղքատ ու վատ զարգացած երկրներում, քան Հայաստանն է: Բայց, մյուս կողմից, ես իմ կաշվի վրա եմ զգացել, որ քո միջավայրում կայանալու համար շատ ավելի խոչընդոտներ պետք է հաղթահարես, քան այլ երկրներում: Սա ինչ-որ տեղ կարծես կոփի մեզ. Հայաստանում կոփված արվեստագետը, հատկապես` երիտասարդը, դրսում շատ ավելի մեծ հաջողությունների կարող է հասնել: Մենք վայրի պայմաններում ենք առաջ գնում, իսկ դրսի ստեղծագործողները` ավելի հստակ եւ գծագրված:

 

Կարինե Հարությունյան