կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-27 14:09
Հասարակություն

Ադրբեջանական խնձորի պիտակը պոկվում է և այլ անվան տակ վաճառվում. Պիպոյան

Ադրբեջանական խնձորի պիտակը պոկվում է և այլ անվան տակ վաճառվում. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողներին ասաց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզապես անգործության է մատնված և պատշաճ կերպով չի արձագանքում շուկայում ադրբեջանական և թուրքական ծագման սննդամթերքի առկայությանը: Նրա խոսքով՝ թեև ՍԱՊԾ-ը հայտարարություններ է տարածում, բայց դրանք արժանահավատ չեն:

«Աղմուկը բարձրացավ Թուրքիայից Հայաստան մատակարարվող լոլիկի պատմությունից հետո: Արդեն այս ամսի 19-ին ամբողջ լրահոսում տեղեկատվություն էր այն մասին, որ թուրք ֆերմերն ասել էր՝ Հայաստան է արտահանում վտանգավոր մթերք: Նրանք լավը պահում են իրենց, վատը տալիս են մեզ նման ոչ բարեկամ երկրներին: Միայն ամսի 20-ին, երբ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց այդ հարցը, ՍԱՊԾ-ը միայն մեկ օր անց բարեհաճեց սոցիալական ցանցում գրառում անելու տեսքով հայտարարություն տարածել, թե` սահմանով թուրքական լոլիկ Հայաստան չի ներմուծվում»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ մեկ այլ պարզաբանման մեջ էլ նշվում էր, որ ինչ մտնում է Հայաստան, ստուգվում է:

«ՍԱՊԾ-ը փաստացի, հաշվի չառնելով փաստերը, որ շուկայում առկա է թուրքական լոլիկ, խոսում էր այն մասին, որ սահմանով չի անցել այն»,- ասաց նա, ապա նշեց, որ շուկայում առկա լոլիկի գներից էլ կարելի է հասկանալ, որ այն թուրքական է: «Եթե անգամ մակնշման մեջ գրված չէ, որ թուրքական է, միևնույն  է, գների կոնտրաստն այնքան մեծ է, որ ակնհայտ է դառնում` որն է տեղական, որը՝ թուրքական: 1500 դրամանոցը տեղական է, 600-700 դրամանոցը՝ թուրքական»,- ասաց Պիպոյանը:

Խոսելով Ադրբեջանից ներկրված «DAD» մակնշմամբ կանաչ խնձորի մասին՝ նա նախ ցուցադրական պոկեց իր հետ բերած խնձորի վրայի պիտակը, ապա ասաց, որ  ադրբեջանական խնձորը կարող է հունականի կամ ֆրանսիականի անվան տակ վաճառվել, ինչը և արվում է:

Պիպոյանը շեշտեց, որ, անկախ գյուղմթերքի ծագումից, պետք է այդ մթերքի որակը նախապես ստուգվի, ինչը, ըստ նրա, չի կատարվում: «Քաղաքացու ահազանգից հետո է ՍԱՊԾ-ն գնում և հայտարարում, որ խնդրին տեղյակ են և իրացման ցանցերից նմուշառում են վերցնում: Տարիներ շարունակ չեն փորձաքննել լոլիկները և միայն ահազանգից հետո են գնում ու 20 լոլիկից նմուշառում վերցնում, նույնը` նաև խնձորի դեպքում: Գնացել են մի խանութ և մի քանի խնձորի վաճառք կասեցրել»,- ասաց նա՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ն խոշոր շուկաներում ստուգումներ չի անցկացրել:

«Գնացել եք ձեր բակի խանութ ու տղերքին էլ ասել եք՝ պոկեք էդ պիտակը: Էդ խնձորը փամփուշտ է դառնում և ուղղվում մեր զինվորի դեմ: Սրա դեմ չպայքարողը ադրբեջանցի հրաման տվողին է նման»,- ասաց  Պիպոյանը, ով նաև իր անհանգստությունը հայտնեց առ այն, որ ՍԱՊԾ-ն այդպես էլ չհրապարակեց, թե քանի տոննա խնձոր է ներմուծվել և ում կողմից:

«Միայն ամսի 22-ին` դեպքից երեք օր անց, լիազոր մարմինը եկավ` պատմելու ոչ թե կատարված աշխատանքի մասին, այլ  խոսելու լրահոսում քննադատությունների մասին: Սա ուղղակիորեն ապացուցում է այն հանգամանքը, որ լիազոր մարմինն աշխատում է ոչ թե հանուն սպառողների, այլ միայն մի բանի համար, որ ամբողջ հայ հասարակությունը չգիտակցի ու չհասկանա, թե ինչ մակարդակի հանցավոր անգործության հետ գործ ունենք»,- ասաց Պիպոյանը, նաև նշեց, որ շուկայում առկա են թուրքական ցոգոլներ, պղպեղներ և այլ մթերք:

Նրա խոսքով՝ այն պնդումները, թե միայն արկղերն են ադրբեջանական, բայց դրանց պարունակությունը այդ երկրից չէ, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ արկղերի տեսքից էլ երևում է,  որ թարմ են` Հայաստան նոր բերված: