Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դժվար է ասել՝ ՀՀ կրթության և գիտության կամ սփյուռքի նախարարությունը գոնե մոտավոր տվյալներ ունե՞ն արտերկրում սովորող հայ ուսանողների թվի մասին: Տվյալներ ունե՞ն, թե ուսումնառության ավարտից հետո նրանցից քանիսն են վերադառնում հայրենիք: Որոշակի տվյալների, անշուշտ, կարող են տիրապետել նաև այլ գերատեսչություններ, բայց ահա հանրությունը աչքի չափով էլ գիտի՝ այսօր արտասահմանում հազարավոր ուսանողներ են սովորում՝ ո՛րը զանազան կրթական ծրագրերի շրջանակներում, ո՛րը՝ դրամաշնորհների ու հիմնադրամների ընձեռած հնարավորություններով:
Ուսանողության մի մեծ բանակ էլ կա, որ ուսումնառության նպատակով արտասահմանում է հայտնվել սեփական հնարավորություններով ու միջոցներով: Այդպիսի ուսանողների առյուժի բաժինը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Այս երկրի տասնյակ, հարյուրավոր բուհերում և քոլեջներում սովորում են բազմաթիվ հայ ուսանողներ: Սակայն խոսքն այստեղ այդ մասին չէ, այլ այն, թե ինչպես մեր ռազմավարական դաշնակիցը, որ այնպես խիստ և անհանդուժող է իր մոտ աշխատելու նպատակով հայտնվող ներգաղթյալների նկատմամբ, այդ թվում` առանց գոնե «մաքսային» բացառության՝ նաև հայերի, հիմա էլ խիստ ողորմածաբար բացառություն է անում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող այն ուսանողների համար, որոնք ուսումնառության ավարտին կցանկանան ՌԴ քաղաքացիություն ստանալ:
Մամուլը գրում է, որ Դաշնային միգրացիոն ծառայության կողմից արդեն փետրվարի կեսերին ՌԴ Պետդումա կներկայացվի օրինագիծ, որով առաջարկվում է օտարերկրյա ուսանողների ՌԴ քաղաքացիության դյուրացված շնորհում: Ըստ ամենայնի՝ հենց միայն ռուսաստանյան բուհի կամ քոլեջի ավարտական դիպլոմը կարող է դառնալ այն հիմքը, որով օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողները կդառնան ՌԴ քաղաքացիներ:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը փակում է դռները դեպի իրեն հորդող ֆիզիկական աշխատուժ-զանգվածի առջև՝ միաժամանակ փորձելով կլանել արտաքին ինտելեկտուալ ներուժը: Եվ դա կարող է աղետի վերածվել արտագաղթից քամվող Հայաստանի համար: ՌԴ քաղաքացիության մասին տասնամյակներ երազող մեր բազմահազար հայրենակիցների համար ընդունվելիք օրենքը կարող է դառնալ մի «երանելի» ճանապարհ, որով սկզբում երկիրը կթողնեն ուսանող զավակները, ապա նաև՝ իրենք: Եվ պատկերացնելն իսկ դժվար է, թե ինչ պայմաններում կհայտնվեն հայաստանյան բուհերը, երբ նրանց դիմորդների մի զգալի հատված, ընդսմին՝ առավել գրագետ ու բանիմաց, բնականորեն կգերադասի ուսում ստանալ, ապա նաև հիմնավորվել-ապրել անհամեմատ բարեկեցիկ ու հնարավորություններով հարուստ Ռուսաստանում: Երկիր դատարկող կործանարար ալիք է գալիս Հայաստան:
Հ.Գ. Կասկած չկա, որ ռուսաստանյան բուհերն ավարտողների «երանելի» կարգավիճակում կհայտնվեն նաև Երևանում Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ստեղծվելիք մասնաճյուղի ապագա ուսանողները: Դա կլինի արդեն իններորդ ալիքը:
Լևոն Սարգսյան