Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կաշառակերության մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակիցներ Էդուարդ Զաքարյանը, Գևորգ Գևորգյանը, Վաղինակ Վարդանյանը և նրանց պաշտպանները դիմել են ՀՀ Վերաքննիչ դատարան` խնդրելով բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. նոյեմբերի 29-ի վճիռը և ՀՀ քր. օր-ի 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նշանակել համաչափ պատիժներ:
Նշենք, որ, ըստ մեղադրանքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, նույն վարչության աշխատակիցներ Գևորգ Գևորգյանի և մյուսների հետ, Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դավիթ Եդիգարյանին:
Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Նշենք, որ 2013թ. օգոստոսի 20-ին հիշյալ քրեական գործի վարույթը կասեցվել էր և ուղարկվել ՀՀ Սահմանադրական դատարան, սակայն նույն թվականի նոյեմբերի 22-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը որոշում էր կայացրել` վերսկսել գործի դատաքննությունը: Դատավորը վճռել էր նաև գործով ամբաստանյալ Գևորգ Մարտիրոսյանի միջնորդությունը բավարարել, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել`հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու վերաբերյալ ստորագրությունն անհապաղ վերացնել։ Հիշեցնենք, որ Գևորգ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառքի միջնորդության համար:
Դատարանը նոյեմբերի 29-ի վճռով Էդուարդ Զաքարյանին, Վաղինակ Վարդանյանին և Գևորգ Գևորգյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով:
Վերաքննիչ դատարանը` դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, բողոքը կլսի փետրվարի 24-ի դատական նիստում: