կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 12:50
Քաղաքական

Հայաստանում ամեն պահի կարող է պայթյուն լինել

Հայաստանում ամեն պահի կարող է պայթյուն լինել

ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ ինչ-որ մի ձևաչափով պատրաստ է նստել եւ քննարկել գազային պայմանագրերի ուսումնասիրման հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե` ինչ է նշանակում` նստել, քննարկել:

 

«Մենք այդքան առաջարկներ արեցինք նստել-քննարկելու վերաբերյալ` դեռ ավելի վաղ, բայց բոլորը մերժվեցին: Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի, ես չգիտեմ, մենք պատրաստ ենք ամեն նման քննարկումների, խնդիր չունենք, ավելի լավ է քայլ կատարվի, քան հարցը փակուղի մտնի: Ժողովրդի համար կարևոր հարց է գազի հետ կապված հարցը: Եթե քաղաքական կամք դրսևորեն, մենք պատրաստ ենք: Բայց եթե պիտի արվի քարոզչական նպատակով, իմաստ չունի, հերթական հիասթափությունը կառաջացնի»,- ասաց պատգամավորը:

 

Ռուստամյանի դիտարկմամբ` երբ իշխանությունը ոչ իշխանական ուժերի ցանկացած առաջարկություն մերժում է, մարդիկ ավելի ու ավելի են հասկանում` ինչն ինչոց է: «Մարդիկ տեսնում են, որ եթե ցանկացած հարց մերժվում է, անգամ` ամենաանմեղ հարցը, բնական հարց է առաջանում` եթե նվազագույն խնդիրների լուծման առաջարկները պետք է մերժվեն իշխանության կողմից, ուրեմն մեկ հարց է մնում օրակարգում՝ իշխանություններին փոխելը: Այո, սա մարտավարություն է, որ խնդիրները դառնում են գերակա, որ խնդիրները կուտակվում են: Այս ամենը, կուտակվելով ու հասունանալով, տալու է իր արդյունքները հասարակության մեջ: Ոչ իշխանական քաղաքական չորս ուժերն իրենց օրակարգից չեն հրաժարվելու: Կա իշխանափոխության նպատակ, բայց ինչպե՞ս գնալ դրան, ի՞նչ բովանդակությամբ, ինչպե՞ս անել, որ նոր եկող իշխանությունները նույն սխալները չկրկնեն, դա դեռ քննարկման փուլում է: Այնպիսի համակարգ պետք է ձևավորվի, որ ժողովրդավարական ավանդույթներն արմատներ գցեն: Այնպես որ` չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը աշխատում են իրար հետ գտնել համաձայնության եզրեր: Դեռ կան տարաձայնություններ, բայց եթե չենք հասել մեծ համաձայնության, գոնե պետք է առանձին հարցեր գտնել ու միասին շարժվել առաջ, դա արդյունավետ ճանապարհ է: Կփորձենք այդպես առաջ շարժվել»,- նշեց պատգամավորը եւ ընդգծեց, որ քիչ չէ նաեւ այն, որ եթե անգամ մեկ հարցի շուրջ չորս քաղաքական ուժեր համախմբվում են, ինչը նախկինում չի եղել, պետք է դա պահպանել:

 

Իշխանությունները, ըստ Ռուստամյանի, ոչ իշխանական ուժերին պառակտելու քարոզչություն են իրականացնում, իշխանությունները ջանք չեն խնայում` այդ միասնությունը պառակտելու համար, որովհետև դա նրանց ձեռնտու է, ձեռնտու չէ ընդդիմության ու հասարակության միավորում կոնկրետ հարցի շուրջ: «Դա պետք է հասկանանք ու համառորեն առաջ գնանք: Մի օր նպատակները կիրականանան, որովհետև այսպես շարունակվել չի կարող»,- նշեց նա:

 

Հարցին` արդյո՞ք սպասվում է թեժ գարուն Հայաստանի քաղաքական կյանքում, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց, որ Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ թեժությունը սեզոնային բնույթ չունի. այս ձմեռն էլ պակաս թեժ չէր, և կլիմայական պայմանների հետ պետք չէ այն կապել, հարցերն այնքան են թեժանում, որ ցանկացած պահի կարող են պայթյուն առաջացնել: «Մենք այդ թեժ պրոցեսի մեջ ենք, պարզապես իշխանությանը ձեռնտու չէ, որ իրավիճակը տեսնեն: Ասում են՝ ի՞նչ է եղել որ, ամեն ինչ բնականոն հունով է գնում, պարզապես որոշ քաղաքական ուժեր կան, որ բզբզում են, ամեն ինչ սև ակնոցներով են դիտում, փորձում են հրահրել և այլն»,- նշեց Ռուստամյանը: