կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-25 13:26
Հասարակություն

Եթե ես լինեի պետության ղեկավար, նման հայտարարություն չէի անի. ''Դեմ եմ պարտադիրին'' շարժման անդամ

Եթե ես լինեի պետության ղեկավար, նման հայտարարություն չէի անի. ''Դեմ եմ պարտադիրին'' շարժման անդամ

«Եթե ես լինեի պետության ղեկավար, նման հայտարարություն չէի անի, որքան էլ համոզված լինեի, որ օրենքը սահմանադրական է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանի երեկվա մեկնաբանությունները պարտադիր կուտակային համակարգի մասին չեն նախանշում ՍԴ վերջնական որոշումը:

 

Դավիթ Մանուկյանը թեև նշեց, որ քաղաքացիական շարժման անդամները փորձում են հնարավորինս զերծ մնալ քաղաքական գնահատականներից, այնուամենայնիվ, որպես քաղաքացի, կարծիք հայտնեց, որ դա մեսիջ էր ՍԴ-ին, այն դեպքում, երբ գործը դեռ քննության մեջ է, ինչը սխալ քայլ էր օրենքի վերաբերյալ անաչառ վերաբերմունք դրսևորելու գործում:

 

«Չէի ցանկանա, որ իմ երկրի առաջին դեմքը նման կարծիք արտահայտեր, այն դեպքում, երբ գործը դեռ քննվում է ՍԴ-ում: Դատական համակարգը պետք է միշտ անկախ լինի: Մենք էլ մեր մեսիջն ենք ուղարկելու, թող չկասկածեն»,- ասաց Դավիթ Մանուկյանը՝ հավելելով, որ եթե ՍԴ-ն չբավարարի իրենց պահանջը, ապա գործադրելու են քաղաքացիական անհնազանդության ողջ ռեսուրսը, իհարկե` օրենքի շրջանակներում: Դրանք կլինեն նստացույցեր, գործադուլներ, երթեր, փողոցներ փակել, անգամ՝ կոմունալ վճարները չվճարելու ակցիաներ և այլն:

 

Քաղաքացիական շարժման անդամներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը հավելեցին, որ թույլ չեն տա քաղաքացիների թափը կոտրել, որովհետև վստահ են` եթե գիտակից քաղաքացին պայքարում է համառությամբ, ապա իշխանությունները պարտավոր են նրա հետ հաշվի նստել: Շարժման անդամները նշեցին, որ ներկայումս լայնածավալ աշխատանքներ են տանում շարժման մեջ մեծ թվով մարդկանց ընդգրկելու ուղղությամբ, մասնավորապես՝ աշխատում են մարզերի բնակչության հետ, ինչպես նաև ուսանողության հետ:

 

Խոսելով ԿԲ ներկայացուցիչների՝ վերջերս արած մեկնաբանությունների մասին, թե ՍԴ կողմից օրենքի հակասահմանադրական ճանաչելը վնասելու է երկրի վարկանիշին, շարժման անդամները նշեցին, որ այդ պատասխանի մեջ իսպառ բացակայում է տրամաբանությունը, որովհետև օրենքի հակասահմանադրականության ճանաչումը ՍԴ կողմից միմիայն բարձրացնելու է երկրի վարկանիշը: «Վստահեցնում ենք, որ մեր երկրում իմիջը գցող շատ ավելի վատ բաներ են կատարվում»,- ասացին շարժման անդամները: