կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 14:32
Տնտեսական

Թե ինչու կառավարությունը որոշեց չվաճառել ոսկյա իրերն ու թանկարժեք քարերը

Թե ինչու կառավարությունը որոշեց չվաճառել ոսկյա իրերն  ու թանկարժեք քարերը

Թեեւ այս օրերին մամուլում հրապարակումներ եղան, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը աճուրդի միջոցով վաճառքի կհանի պետական գանձարանում առկա մոտ 67 կիլոգրամ ընդհանուր քաշով 14 հազար 761 հատ ոսկյա իրերը, 873 կարատ ադամանդը, 762 կարատ ալմաստը, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտը եւ այլն, եւ դրա մասին որոշման նախագիծը պետք է այսօր ներկայացվեր կառավարության հաստատմանը, սակայն այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բոլորովին այլ նախագիծ ներկայացրեց:

 

Սկզբում նա նշեց, թե մամուլում հակառակ տեսակետն է շրջանառության մեջ մտել, եւ իբր կառավարությունն այս նախագծով ոչ թե ցանկանում է վաճառել այդ զարդերը, այլ հակառակը` չվաճառել, իբր քանի որ դրա համար բարենպաստ ժամանակ չէ: Մինչդեռ, իրականում լրատվամիջոցները չէին սխալվել. իրոք, որոշման նախկին նախագծով նշվում էր վաճառքի մասին, այլ ոչ թե վաճառքը հետաձգելու:

 

Yerkir.am-ին հասած հավաստի տեղեկություններով` մամուլում այս հարցի շրջանառությունից հետո կառավարությունում լուրջ խոսակցություններ ու քննարկումներ են սկսվել, որոնց ժամանակ որոշ մարդիկ նշել են, որ այս «խառը օրերին» կառավարության կողմից նման քայլն անմիջականորեն կհարվածի ժողովրդի հույսին` մարդիկ վերջին հույսը կկորցնեն, քանի որ տպավորություն կստեղծվի, թե էլ վաճառելու ոչինչ չի մնացել, ու արդեն պետական գանձարանում առկա ոսկյա իրերն ու թանկարժեք քարերն են վաճառում:

 

Հաջողվել է վարչապետին համոզել, ինչի արդյունքում էլ այսօր կառավարության հաստատմանը ներկայացվեց հակառակ բովանդակությամբ որոշման նախագիծ: