Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արտակ Կարապետյանի` կայքերից մեկի հետ զրույցում ոստիկանության հասցեին հնչեցրած մեղադրանքների հետ կապված: Կարապետյանը, մասնավորապես, նշել է, թե պահանջել են իր ավտոմեքենան տանել ոստիկանության բաժին` զննության, ինքն էլ, հայտարարելով հանդերձ, թե պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, լուրջ չի վերաբերվել այդ պահանջին՝ այն կապելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին իր մասնակցությունը կանխելու` ոստիկանության «գործելաոճի» հետ:
«Ոստիկանական հետապնդումները» Ա. Կարապետյանի մտասևեռումի հետևանքն են, իսկ իրականությունն այս է: 2013 թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով պատահարի վայրը՝ հեռացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ վրաերթ կատարած ավտոմեքենան արտասահմանյան մակնիշի է, բաց գույնի, աջակողմյան ղեկով, իսկ վարորդը՝ երիտասարդ տղամարդ: Ոստիկանության ծառայություններին է տրամադրվել հաշվառման մեջ գտնվող համանման ավտոմեքենաների ցանկը և հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ կասկածելի մեքենաները գտնելու և դրանց վարորդներին ոստիկանություն ներկայացնելու ուղղությամբ:
2014 թ. հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնից կողմնորոշում է ստացվել հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ: Հունվարի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Եղիշե Խաչատրյանը այցելել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի 40 բնակարան՝ այնտեղ բնակվող Վոլոդյա Կարապետյանի անվամբ հաշվառված «Mitsubishi chariot grands» ավտոմեքենան համապատասխան զննության ենթարկելու համար, սակայն բնակարանում ոչ ոք չի եղել: Տեսուչն իր տվյալներն ու հեռախոսի համարը տվել է Վ. Կարապետյանի հարևանին, խնդրելով, որ Կարապետյանը կապ հաստատի իր հետ: Հունվարի 16-ին Վ. Կարապետյանը զանգահարել է տեսուչին ու հայտնել, որ ավտոմեքենան շահագործում է որդին՝ Արտակ Կարապետյանը, որը գտնվում է Երևանում: Այնուհետև տեսուչին է զանգահարել Արտակ Կարապետյանը, որին նույնպես համայնքային տեսուչը բացատրել է նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի զննության անհրաժեշտությունը, սակայն Ա. Կարապետյանը պատասխանել է, թե չի կարող գալ Հրազդան՝ մեքենայի անվադողերը մաշված են, և ավելացրել՝ եթե ձեզ պետք է, եկեք Երևան ու զննեք մեքենան: Իսկ երբ տեսուչն ասել է, որ չի կարող լքել վարչական տարածքը, Ա. Կարապետյանը չի ցանկացել շարունակել խոսակցությունը և անջատել է հեռախոսը: Սա է իրողությունը, իսկ թե ինչքանով կապ ունի այս իրողությունը վաղվա հանրահավաքի ու Արտակ Կարապետյանի «ակտիվիստական գործունեության» հետ, թողնում ենք իր տրամաբանությանը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: