Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի համար վերջին շրջանի պաշտոնանկություններն անսպասելի չէին:
«Մի իշխանություն, որ կառուցված է շահերի եւ փողի վրա ու չի առաջնորդվում ազգի շահերով, մի օր պիտի հանգեր այս իրավիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է ամրացնել իր թիկունքն ընտրություններից առաջ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական որոշ խնդիրներ լուծել:
Անդրադառնալով պաշտոնանկ եղած պաշտոնյաներից յուրաքանչյուրին` ՍԴՀԿ ատենապետ նշեց, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, թեեւ ռուսամետ գործիչ էր, սակայն դիտարկվում էր որպես արեւմտյան կողմնորոշում ունեցող: «Նա պարզապես չկարողացավ դիմանալ այն գործելաոճին, որ գոյություն ունի այսօր իշխանական շրջանակներում: Դա պայմանավորված չէր նոր, ավելի շահավետ աշխատանքի անցնելով, այլ այս իշխանությունների հետ աշխատելու անհնարինությամբ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ «չեզոքացվեց», քանի որ դիտարկվում էր որպես քոչարյանական գործիչ: «Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ռուսական սցենարի կրկնության դեպքում, եթե անգամ ինքը ընտրվի նախագահ` հայտնվելու է անգլիական թագուհու դիրքում»,- կանխատեսեց Լ. Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաեւ Միքայել Մինասյանի հրաժարականին` նշելով, որ բոլորին է հայտնի, թե ինչ ազդեցություն ունի նա նախագահի վրա: Բանախոսի համոզմամբ` հանրապետականները նրան չեն ընդունում, քանի որ փորձում է խաղից դուրս թողնել հին ՀՀԿ-ականներին, ունեցվածքի վերաբաշխում իրականացնել, ինչն էլ չի գոհացնում օլիգարխներին:
«Ես հակված եմ այդ պաշտոնանկությունը կապել Սերժ Սարգսյանի մոսկովյան այցելության հետ, քանի որ Միքայել Մինասյանը դիտարկվում էր որպես ավելի արեւմտյան կողմնորոշում ունեցող անձ, ինչը Ռուսաստանին դուր գալ չէր կարող»,- ասաց նա`հավելելով, որ Մ. Մինասյանի հրաժարականով նրա ազդեցությունը Սերժ Սարգսյանի վրա չի նվազի:
ՀԱԿ անդամը չմոռացավ նաեւ անդրադառնալ ԲՀԿ-ին ու քոչարյանական Գագիկ Ծառուկյանին` նշելով, որ վերջինս անընդհատ փորձում է թռչել ՀՀԿ-ի ուղեգծած գնացքից, սակայն չի կարողանում, քանի որ Սերժ Սարգսյանը նրա դեմ կոմպրոմատներ ունի` կապված բիզնեսի հետ: «Այս պահին Գագիկ Ծառուկյանը չի կարող մնալ վստահելի գործընկեր Սերժ Սարգսյանի համար»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: