Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել. հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության պարզաբանման մեջ նաև գրված է. «Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ազազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր: Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը: Այնտեղ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իր և ներկա գտնվող այլ լրագրողների մասնագիտական գործունեությանը, ինչպես և իրենց հասցեին արել են վիրավորական բնույթի արտահայտություններ: Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել և նյութերը եզրակացությամբ կցվել են քարտուղարության կարգագրին: Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն, ապա այդ դեպքում նրանց միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա` պաշտպանելով մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը երբևէ կաշկանդված չի եղել հակաիրավական արարք կատարած այս կամ այն անձին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում և իրականացրել է միմիայն արդարացի քննություն»:
Հիշեցնենք, որ ատենախոսության պաշտպանությունը բաց է, եւ լրագրողներին այդ օրը անօրինական ձեւով արգելեցին ներս մտնել եւ ներկա գտնվել Տարոն Մարգարյանի «պաշտպանությանը»: Առաջարկում ենք դիտել այդ խայտառակ օրվա տեսանյութերից մեկը, իսկ եզրակացությունը թողնում ենք ձեզ` խախտվե՞լ է լրագրողի մասնագիտական գործունեությունն այդ օրը, թե՞ ոչ: