կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-03 11:16
Տնտեսական

2014 թվականը սկսվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ լայնածավալ պայքարով. Արծվիկ Մինասյան

2014 թվականը սկսվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ լայնածավալ պայքարով. Արծվիկ Մինասյան

Ավարտվեց սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական բուռն զարգացումներով լեցուն 2013 թվականը: Հայաստանի հիմնական  սոցիալ-տնտեսական պրոցեսների ամփոփումը  Yerkir.am-ին է ներկայացնում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


-Պարո'ն Մինասյան, Ձեր դիտարկմամբ որո՞նք էին Հայաստանի 2013 թվականի  տնտեսական տարվա հիմնական առանձնահատկությունները:


-2013 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը որակական որեւէ առաջընթաց, ցավալիորեն, չարձանագրեց: Ավելին՝շարունակվում են տնտեսական կառուցվածքում ոչ համաչափ զարգացումները՝ մասնավորապես՝ տնտեսության կառուցվածքի մեջ շարունակում է անկում ապրել շինարարությունը, ինչն, ըստ էության, նաեւ զբաղվածության ոլորտում մեծ դերակատարություն ուներ, և բացի ավելացված արժեք ստեղծելուց, ապահովում էր նաեւ հսկայական աշխատատեղեր: Իսկ դրա անկումը նշանակում էր, որ մենք շարունակում ենք արձանագրել զբաղվածության ցուցանիշների վատթարացում:

 

Մյուս կողմից, այն չփոխհատուցվեց տնտեսության այլ ճյուղերում էական եւ որակական այլ զարգացումներով: Խոսքը վերաբերում է թե' արդյունաբերությանը, թե' գյուղատնտեսությանը եւ թե' ծառայությունների ոլորտի այնպիսի հատվածներին կամ  ուղղություններին, որոնք կարող էին եւ հնարավորություն ունեին ներգրավվելու, որպես  շինարարության ոլորտի անկման փոխհատուցում: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը չարձանագրեց էական առաջընթաց. ավելին՝ տնտեսական աճի ցուցանիշները թույլ են տալիս արձանագրել, որ մենք շատ հեռու ենք քիչ թե շատ նորմալ տնտեսական կառուցվածք եւ տնտեսական որակական աճ ունենալու բաղձալի նպատակից:

 

-Ի՞նչ պետք է արվեր Ձեր մատնանշած թերացումների վերացման ուղղությամբ, որ չի արվել:


-Դրա համար անհրաժեշտ էր, որ պետության, կառավարության դերակատարությունը տնտեսության կառուցվածքային  փոփոխության հարցում լիներ ավելի բարձր մակարդակի վրա: Խոսքն, ամենեւին, պետական տնտեսություն վարելու մասին չէ, այլ, ավելի շատ, տնտեսության կարգավորման  ոլորտում մրցակցային միջավայրը բարելավելու, տնտեսության ճյուղային կառուցվածքում առկա անհամամասնությունները վերացնելուն ուղղված կոնկրետ ծրագրեր իրականացնելու եւ, որ ամենակարեւորն է, շինարարության ծավալների՝ հնարավորինս աճ ապահովելու մասին է: Այդ ամենը չարվեց. փոխարենն ավելի խստացվեցին պայմանները թե' օրենսդրական, թե' իրավակիրառական  պրակտիկայում՝ փոքր ու միջին  բիզնեսի հատվածում, որի արդյունքում մենք անկում ունեցանք եւ շարունակվելու է այս միտումը ցավալիորեն նաեւ 2014 թվականի: Ամեն դեպքում,  փոքր ու միջին բիզնեսը, խեղդվելով հանդերձ՝ փակվում է եւ տեղը զիջում է խոշոր բիզնեսի կլաններին:

 

-Տնտեսական զարգացումները բնակչության կենսամակարդակի վրա ինչպիսի՞ազդեցություն ունեցան:


-Եթե վերածենք տնտեսական  զարգացումը նաեւ կենսամակարդակի տեսակետից, պետք է  արձանագրենք, որ թե' պաշտոնական վիճակագրությունը, թե' փորձագիտական գնահատումները թույլ են տալիս ասելու, որ բնակչության իրական կենսամակարդակը 2013 թվականին ավելի ցածր էր, քան, անգամ, 2012-ին, եւ կրկնակի ավելի ցածր, քան մինչեւ 2008 թվականն էր: Այլ կերպ ասած՝ անգամ չնչին տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացումը  չի վերածվել կենսամակարդակի վիճակի, թեկուզ նույն տոկոսային հարաբերությամբ  բարելավմանը: Միայն այն ցուցանիշը, որ 11 ամիսների կտրվածքով գնաճի մակարդակն ավելի բարձր է եղել, քան աշխատավարձերի աճը, արդեն ցույց է տալիս, որ  կենսամակարդակի իրական ցուցանիշն անկում է ապրել, էլ չասած՝ աղքատության եւ  սոցիալական իրացվելիության մասին:

 

-Ո՞ր զարգացումներն ու պրոցեսներն էին, որոնք Հայաստանի տնտեսական կյանքի վրա հիմնականում ազդող գործոններ դարձան:


- 2013 թվականը նշանավորվեց մի քանի իրադարձություններով, որոնք, թերեւս, ներքաղաքական կամ արտաքին քաղաքականության խնդիրներ էին, բայց դրանք իրական ազդեցություն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա. նախագահական ընտրություններ, Երեւանի ավագանու ընտրություններ, այնուհետեւ շրջադարձ Եվրոպայից՝ Մաքսային միություն... եւ եթե դրան գումարենք իշխանությունների կարծրացած մոտեցումը կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման, գազի գների աճի եւ նաեւ  տրանսպորտի գների փոփոխության հետ կապված, բնականաբար, այս ամենը տնտեսական տարվա վրա  ունեցան կտրուկ բացասական ազդեցություն, բայց նաեւ ներդրումների՝  տոկոսային հարաբերությամբ շեշտակի անկման վրա ազդեցություն ունեցան: Իսկ դա նշանակում է, որ ներդրումային միջավայրը դարձել է Հայաստանի խոցելի տեղերից մեկը: Սա ածանցվում է թե' վարվող քաղաքականության, թե' ստեղծված ռիսկերի ակնհայտ դրսեւորման հետ: Մասնավորապես՝ ցանկացած պահի ներդրողը վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, հայաստանյան  օրենքների ընդունման եւ կիրառման նկատմամբ, ինչպես նաեւ տնտեսության ոչ մրցակցային վիճակը թույլ չի տալիս, որպեսզի օտարերկրյա ներդրողներն ավելի վստահորեն կատարեն իրենց ներդրումները:

 

-Կխնդրեի ավելի մանրամասն անդրադառնալ հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքում  էական նշանակություն ունեցած իրադարձությունների հետեւանքներին:


-Ես դրանցից  կառանձնացնեմ կենտրոնականը՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանն ուղղված իշխանությունների կարծր քայլերը, որոնց արդյունքում, կարծում եմ, 2014 թվականի հունվարի 1-ից բոլոր այն անձիք, ում աշխատավարձերի աճ նախատեսված չէ, կամ այդ աճը չի կարող փոխհատուցել այդ պարտադրվող կենսաթոշակային վճար կատարելը, ստացվում է, որ նրանց իրական կենսամակարդակը նույնպես անկում է ապրելու: Եվ հաշվի առնելով պարտադիր բաղադրիչի անցանկալի դրսեւորումն ու ծանրաբեռնվածությունը, հատկապես երիտասարդ սերնդի աշխատունակ քաղաքացիների գործունեության վրա, կարող ենք վստահաբար ասել, որ 2013 թվականն, ըստ էության, նաեւ աշխատանքային ռեսուրսների նվազեցմանն ուղղված պետական քաղաքականության տարի էր: Այն, որ ընդամենը 1 միլիոն 170 հազար զբաղվածների դեպքում ամբողջ բեռն ընկնելու է 260 հազար քաղաքացիների վրա միայն պարտադիր բաղադրիչով, ցույց է տալիս, որ երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը որեւէ օրգանական կապ չունի կայուն զարգացման քաղաքականության հետ:

 

-Այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական ինչպիսի՞ պրոցեսներ կարելի է ակնկալել 2014 թվականին:


-Նախ, ես կարծում եմ, որ 2014 թվականը հենց սկզբից էլ սկսվելու է պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ լայնածավալ պայքարով, ինչը, հուսով եմ, որ կտա իր դրական արդյունքը, թե' Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ որոշում կայացնելու առումով եւ թե'  նաեւ պարտադրելու իշխանություններին՝ իրականացնել իրական հասարակությանը օգտակար բարեփոխումներ, այլ ոչ թե մեկ կամ երկու խմբերի կամ ենթակառուցվածքների ֆինանսավորմանն ուղղված գործողություններ: Իսկ սա նշանակում է, որ վստահությունը կարող է վերականգնվել թե'  Հայաստանի մարդկային ռեսուրսների, եւ թե' նաեւ օտարերկրյա ներդրումների տեսակետից:

 

Այնպես որ 2014 թվականի առաջին եռամսյակը ես շատ եմ կարեւորում՝ հատկապես այս ուղղությամբ իրականացվող գործողությունների մասով: Եվ գտնում եմ, որ 2014 թվականի սկզբնական հատվածում, որպես տնտեսական լավագույն ձեռքբերում, կարող է լինել տեղական արտադրության մի շարք ապրանքների միջազգային շուկա մտնելու հնարավորության լիարժեք ընձեռումը: Խոսքը, հատկապես,  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղական արտադրության համակարգիչների թողարկման ու  արտահանման մասին է: Սա, կարծում եմ, կարող է մի կողմից բարձրացնել Հայաստանի վարկանիշը, մյուս կողմից հնարավորության տալ, որպեսզի մրցակցային տնտեսության ձեւավորման համար նաեւ այլ ուղղություններում  իրատեսական քայլեր կատարվեն: Երկրորդ կարեւոր ուղղությունը վերաբերում է աշխատավարձերի համակարգային քաղաքականության գործադրմանը: ճիշտ է, այն նախատեսվում է 2014 թվականի երկրորդ կիսամյակում, բայց հուսով եմ, որ սա կբերի նաեւ մասնավոր սեկտորի ակտիվ աշխատավարձային քաղաքականության իրականացմանը, որի արդյունքում մենք կարող ենք տարվա երկրորդ կեսին ակնկալել նաեւ աշխատավարձերի իրական բարձրացում, ինչը նշանակում է՝ պահանջարկին միտված քաղաքականություն, եւ սրա արդյունքում կարող ենք ակնկալել տնտեսության՝ ավելի ակտիվ եւ դինամիկ զարգացում:

 

-Իսկ 2013 թվականից ո՞ր խնդիրը կամ խնդիրները կփոխադրվեն 2014 թվական:


-Հարցերի հարցը, որ ցավալիորեն մնում է նաեւ 2014 թվականին, այն է, որ մեր տնտեսության կառուցվածքի, մրցակցային տնտեսական պայմանների, աշխատուժի՝ տնտեսության մեջ ներգրավման եւ Հայաստանի ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու մասով կառավարությունը եւ իշխանությունը արմատական վերանայումների խնդիրներ ունեն՝ թե' գաղափարախոսական, թե' կիրառական տեսակետից:

 

Հարցազրույցը՝ Գևորգ Ավչյանի