կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 17:55
Սպորտ

Տասը տարի հետո ինձ շնորհակալություն կհայտնեն. Արթուր Գևորգյան

Տասը տարի հետո ինձ շնորհակալություն կհայտնեն. Արթուր Գևորգյան

 Yerkir.am-ի զրուցակիցն է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը:

 

 

-Ե՞րբ որոշեցիք  բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ձեր թեկնածությունն առաջադրել:

 

-Երբ հասկացա, որ  Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայում սրտացավ մարդու, մասնագետի կարիք կա: Ընթացքում մասնագետներ, մարզիչներ շատ էին գալիս, դիմում, խնդրում, ներկայացնում իրենց խնդիրները, բողոքները: Կամաց-կամաց  հասունացավ պահը`
բռնցքամարտի՝ 2013-ի  աշխարհի առաջնությունից հետո, երբ Հայաստանի հավաքականը տեղ չգրավեց, փոխարենը՝ մեր հարևան երկիրը գրավեց երկրորդ տեղը, որը, ըստ իս, իրենց կյանքի պատմության մեջ ամենաբարձր արդյունքն էր: Երբևիցե ոչ մեկիս մտքով չի անցել, որ այդ երկիրը  բռնցքամարտում մեզանից առաջ կլինի: Դա դառնում է արդեն անձնական հարց, թասիբի հարց:

 

-Ի՞նչ պատկերի ականատես եղաք՝ գալով ֆեդերացիա:

 

-Ոչ ցանկանում եմ դրական ասել, ոչ էլ` բացասական: Ծախսվել են մեծ գումարներ, բայց միայն գումարը ծախսելով չէ: Կառույցում սրտացավ մարդու, պրոֆեսիոնալի կարիք կար:

Ֆեդերացիա ասվածը ինքնահոսի էր տրված:
Պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ մենք կունենանք ավելի բարձր նվաճումներ:

Բայց ավելի հեշտ է եղածը շարունակել, քան արդեն քանդած վիճակում փորձել նորը ստանալ: Ֆեդերացիան չի ստեղծել նախապայմաններ, որպեսզի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մոտ լինեն  հավաքական թիմին: Երբևիցե չեմ լսել, որ մեր աշխարհի չեմպիոններին դիմավորեն: Դա աբսուրդ է:  Երբ նրանք գալիս են Հայաստան, ֆեդերացիան չի կազմակերպում ոչ մի տեսակի հանդիպում: Մի խոսքով` ոչինչ չի անում, որ կապ հաստատի նրանց հետ: Այդ տղաները մեր հավաքականի մարզիկներ են: Իմ թիմի մարզիկներն էին և՛ Վիկ Դարչինյանը, և՛ Արթուր Աբրահամը: Սկսնակ մարզիկն իր լեգենդին պետք է տեսնի, որ ձգտում առաջանա: Պետք է տեսնի  նրա և՛ սոցիալական վիճակը, և՛ նրա կայացած լինելը, որպեսզի ինքն էլ ցանկանա հասնել դրան:

 

-Դա` կառույցում, իսկ ի՞նչ խնդիր կա բռնցքամարտի Հայաստանի հավաքականում:

 

-Շատ կարևոր մի խնդիր կա՝ թիմը չունի լիդեր: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի հավաքականում մի շարք լիդերներ կային, շատ անվանի բռնցքամարտիկներ, որոնց ես տեսնում էի՝ Իսրայել Հակոբկոխյան, Նշան Մունչյան, Մեխակ Ղազարյան: Մի ամբողջ սերունդ էր:

Հենց այդ ցանկությունն է, այդ երազանքի իրականացման ձգտումն է բերում մարզիկին իր նպատակին. երբ դու ձգտում ունես, տեսնում ես լիդերին, ուզում ես հասնել նրան և գալիս է մի ժամանակ, որ դու անցնում ես նրան: Թիմն այսօր չունի լիդեր, դա շատ բացասական երևույթ է: Կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է շտկենք այդ սխալը:

 

-Շրջել եք շրջանների մարզական օջախներում: Ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերն այնտեղ:

 

-Եղել եմ Գյումրիում, Լոռիում, Արմավիրում,Արարատում, մնացած մարզերում չեմ հասցրել լինել, սակայն շուտով կշարունակեմ այցերը: Այս ընթացքում փորձում եմ մեծացնել բռնցքամարտի աշխարհագրությունը: Սյունիքը հիանալի հատված է, որտեղ կարող են կռվող, թասիբով և տաղանդավոր բռնցքամարտիկներ լինել: Ինչո՞ւ չէ` նաև Արցախում:

Հնարավոր է, որ մարզադպրոցներ  ստեղծենք այնտեղ:

Ինչ վերաբերում է առկա մարզական գույքին, խայտառակություն է: Գույք չկա: Դա ամենամեծ խնդիրն է: Երեխաները չունեն ձեռնոցներ: Դահլիճներում ցուրտ են: Ֆեդերացիան չի ստեղծել  մանկապատանեկան բռնցքամարտի զարգացման նախապայման: Միայն անվանի և հաջողակ մարզիկներին ֆինանսավորելով չի: Մենք հետևից  եկող սերունդ չունենք: Պետք է վերականգնենք բռնցքամարտի լավագույն ժամանակները:

Ժամանակին Հայաստանում գործում էր 5-15 մարզիչ, և մենք ունեցանք  օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ: Հիմա ունենք 130-ից ավելի մարզիչ: Ցավոք, քանակը որակ չի ապահովում: Այն ժամանակ պատիվ էր բռնցքամարտիկ լինելը, հիմա ես չեմ տեսնում, որ մեկը պարծենա:

 

-Ասացիք, որ բռնցքամարտով զբաղվելու նախապայմաններ չկան, մարզական գույքի խնդիր կա, սակայն եթե հետ նայենք, այդ նույն վիճակը, անգամ `ավելի վատ,  եղել է  Ձեր ժամանակներում: Գուցե սերնդի՞ խնդիր է:

 

-  Չգիտեմ, երևի մեր դաստիարակությունն է այդպիսին եղել:  Այո’, այն ժամանակ ֆինանսներ չկային, ջեռուցման մասին խոսք լինել չէր կարող, տաք ջուր ասվածը գոյություն չուներ: Մի տակառ  ունեինք, որի մեջ ջուր էինք լցնում և մարզումից  հետո դույլերով լոգանք ընդունում:  Այդ տարի աշխարհում գրավեցինք երրորդ տեղը: Դա այն ժառանգությունն էր, որը մնացել էր ԽՍՀՄ-ից: Մենք պահելու և շարունակելու փոխարեն կամաց-կամաց, տարի-տարի կորցրեցինք:

 

 

-Կադրային  լուրջ փոփոխություններ եք արել, փոխել եք նաև բռնցքամարտի Հայաստանի  հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, ով քիչ առաջ դուրս եկավ Ձեր սենյակից: Դժգո՞հ էիք նրա աշխատանքից:

 

- Հետաքրքիր զուգադիպություն ստացվեց՝ Դուք եկել եք հարցազրույցի և իմ սենյակից դուրս է գալիս հավաքականիարդեն նախկին մարզիչ Կարեն Աղամալյանը: Նա շատ ողջունելի քայլ է արել` համագործակցության եզրեր է փնտրում: Նա ուզում է ապացուցել, որ սրտացավ է, որ տղամարդ է: Հազար ու մի բամբասանքից  ուզում է դուրս մնալ և աշխատելու պատրաստակամություն է հայտնում: Նա ունի մի քանի մարզիկներ, որոնց հետ անձամբ աշխատում է: Ես նրան ասացի, որ գնա և շարունակի այդ բռնցքամարտիկների հետ աշխատանքը:

Բռնցքամարտի ֆեդերացիան ոչ մեկի պապական կտակը չէ: Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու ժամանակ ինչքան մարդկանց հեշտ նշանակել եմ, նույնքան հեշտ նրանցից ազատվել եմ` չարդարացնելու դեպքում: Արդյունքում ստեղծվել է արդյունավետ թիմ:  Ես հնարավորություն եմ տվել մի նոր խմբի, որին ես հավատում եմ, բայց դա չի նշանակում, որ հին խումբը պետք է խանգարի նոր խմբին: Այս բանակցությունների ընթացքում ես հորդորել եմ նրանց` օգնել նոր խմբին, ոչ թե մեկը մյուսի տակը փորել: Նորից եմ ասում` ով կօգնի հավաքականին, ով կկանգնի թիմի կողքին, նա կգնահատվի:

 

 

-Բացի կադրային փոփոխություններից, ի՞նչ նորամուծություններ կլինեն հայկական բռնցքամարտում:

 

 - Ես թույլ եմ տալու, որպեսզի մարզիկներն ինքնադրսևորվեն: Սա թիմային խաղ չէ, սա անհատական մարզաձև է: Հավաքականում ինձ խելոքներ պետք չեն, ինձ խելացիներ են պետք, ճարպիկներ են պետք, երևացող մարզիկներ են պետք: Բռնցքամարտիկը պետք է երևացող լինի, պետք է հասարակության մեջ նրան նկատեն: Ինձ համար միշտ ցավալի է եղել, երբ անվանի մարզիկները լավ  չեն խոսում, չեն կարողանում ներկայացնել իրենց ուզածը: Ցավոք, դրա մեջ մեղքի մեծ բաժին ունեն լրագրողները: Մարզական լրագրողը պետք է կարողանա ցույց տալ, որ իր դիմաց նստած չեմպիոնն աստվածային է իր գործի մեջ, ոչ թե ցույց տա՝ որքան անգրագետ է նա: Իհարկե, նա ռինգում, գորգի վրա հավասարը չունի, նա չի ասում` արի, ինձ հետ գորգի վրա մրցենք, դու ինչո՞ւ ես ուզում ասել, որ նրանից խելոք ես: Չնայած դա միշտ չէ, որ այդպես է: Լինում են դեպքեր, երբ մարզիկները դառնում են հրաշալի բժիշկներ, քաղաքական գործիչներ:
Հավաքականը ունենալու է իր հոգեբանը, սննդաբանը: Իմ ֆեդերացիայում պարտադիր նորմ է դարձել համագործակցությունը դպրոցների հետ: Միջազգային մրցաշարերին մասնակցելու համար դպրոցներից կպահանջեն այդ երեխաների արդյունքները, գնահատականները: Բացասական կամ բավարար լինելու դեպում նրանք չեն գնա այդ մրցաշարին, կգնան երկրորդ համարները, ովքեր ավելի լավ են սովորում: Գոնե այս տարիքային խմբում, թեկուզ ստիպելով, կկարողանանք լավ սերունդ ստանալ:

Ազգային ժողովում ոչ թե կլինեմ ես մենակ, որ մասնակցել եմ օլիմպիական խաղերին, այլ կլինենք 10 հոգի: Չէ՞ որ մեծամասնական կարգով ամենահեշտ ընտրվող, ճանաչում վայելողները մարզիկներն են:  Ժողովրդի սերը վայելում ենք, համարձակ ենք, խոսելու հետ խնդիրներ չունենք և հաստատ ոչ մի կոռուպցիայի մեջ չենք մտել:

Մի լավ ավանդույթ է ձևավորվելու` ոչ թե մարզից կգան քաղաք, այլ քաղաքից մարդ կուղարկենք, ով կգնա և կաշխատի մարզերում:

Կան մարզիչներ, ովքեր համաձայնել են այդ պայմաններին: Մենք նրանց լավ կվճարենք, և նրանք ընտանիքով կգնան, մի ուրիշ մարզում կաշխատեն: Տասը տարի հետո ինձ շնորհակալություն կհայտնեն:

 

 

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում  բռնցքամարտի  Հայաստանի  հավաքականը դրսից հրավիրված մարզիկներով համալրելուն:

 

Ես չեմ ցանկանում զբաղվել անձերի գողությամբ: Այնպես, ինչես անում են, օրինակ, մեր հարևանները: Դա փուչիկ է, որը վաղ, թե ուշ կպայթի: Նույնիսկ ես դեմ եմ օտար երկրներում բնակվող հայ մարզիկների ներգրավմանը Հայաստանի հավաքականում: Մենք դրանով խախտում ենք մի կարևոր նախապայման` մարզիկը, ով ամեն օր Ապարանից, Աբովյանից տրանսպորտով հասնում է Երևան, մարզվում է, հասնում է Հայաստանի առաջնություն, որտեղ դառնում է Հայաստանի չեմպիոն կամ եզրափակիչի մասնակից, իսկ մենք նրա փոխարեն Ռուսաստանի քաղաքացի՝ ազգությամբ հայ մարզիկի ենք տանում աշխարհի առաջնության:

Նույնիսկ` եթե նա մի քիչ ուժեղ է: Ես կտանեմ իմ տեղացուն, նա փորձ ձեռք կբերի և կդառնա ուժեղ մարզիկ:

Մենք  պետք է զարգացնենք մեր մանկապատանեկան բռնցքամարտը, որպեսզի հետևից եկող սերունդ ունենանք:

 Հայ մարզիկները պետք է համոզված լինեն, որ ֆեդերացիան իրենց թիկունքին է կանգնած:

 

 

-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝  ֆուտբոլը կանանց համար չէ: Դո՞ւք ինչ կասեք Ձեր մարզաձևի համար:

 

Ես բազմիցս նշել եմ`եթե կա կին, ով ցանկանում է կռվել, խնդրեմ (ծիծաղում է): Մենք ունենք աղջիկների հավաքական, որը մարզվում է տղաների հետ: Մի անգամ՝  կեսկատակ-կեսլուրջ ասացի, որ «կանացի» և «բռնցքամարտ» բառերն իրար չեն համապատասխանում, սակայն ես դեմ չեմ:

 

-Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կլինեն Ձեր կատարած փոփոխությունների առաջին արդյունքները:

 

-Բարդ է: Նորություն է այն մոդելը, որով մենք մարզվելու ենք: Մարզչական այս նոր կազմը կարելի է համեմատել դասախոսական կազմի հետ: Դժվարություն կա մեր տղաների ընկալման հետ: Նրանք սովոր չեն սրան, իրենք աշխատել են ուրիշ ծրագրով: Որոշ ժամանակ է պետք ադապտացվելու համար:  Կանցնի 6 ամիս, մեկ տարի, և մենք արդյունքները կտեսնենք:

Տղաներն իրենք իրենց վրա կտեսնեն արդյունքները:

Ցանկանում եմ, որ Հայաստանի բռնքամարտիկների հետ հանդիպումից խուսափեն աշխարհի ուժեղագույն թիմերը:

 

 

Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ