Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան էլ զարմանալի է` արտահայտման ամենանախընտրելի եւ ազատ հարթակ համարվող համացանցը չշրջանցեց անգամ Ազատ Սարգսյանի մահը: Նրա անունը, իհարկե, շոշափվեց միայն այն պատճառով, որ նա Սերժ, Ալեքսանդր եւ Լեւոն Սարգսյանների հայրն էր:
Ազատ Սարգսյանի հանդեպ ագրեսիան առնվազն անհասկանալի է: Այնքան անհասկանալի, որ ակամա մտածում ես` ինչո՞ւ այսպիսին դարձանք: Ինչո՞ւ մարդիկ այնքան չարացան, որ պատրաստ են առանց մեկ վայրկյան իսկ մտածելու, վատաբանել մեզ` հայերիս համար ամենասուրբ բանը` ծնողին:
Մի քանի ամիս առաջ Yerkir.am-ը բացառիկ հարզացրույց էր ներկայացրել Ազատ եւ Նորա Սարգսյանների հետ, որոնց որդին այսօր ՀՀ նախագահն է: Արդեն երկու օր է` խորհում ենք` գրե՞լ այս մասին, թե՞ ոչ: Որոշեցինք գրել, բայց նախ ցանկանում ենք մի ավանդույթի մասին պատմել, որ հատուկ է հայերին: Հին ժամանակներում, երբ գյուղում որևէ մեկը մատաղ պետք է մատուցեր Աստծուն, իր հավաքած գումարը տանում, փոխում էր դարբնի գումարի հետ: Համարվում էր, որ ամենաարդար քրտինքով վաստակած գումարը դարբնինն է, և միայն այդպիսի գումարով գնված մատաղացու կենդանու արյունը Աստծո կողմից ընդունելի կլինի: Ինչեւէ… Ասածն ամբողջացնելու համար ներկայացնում ենք չհրապարակված դրվագներ վերը նշված հարցազրույցից: Իսկ մեր կողմից միայն մեկ բան` հողը թող թեթև լինի վրադ, Ազա'տ պապ:
...Երբ թեյ պետք է խմեինք, տիկին Նորան, մեղավոր հայացքով դառնալով դեպի ինձ, ասաց. «Դու չայը սարքե, ես քինամ (գնամ) իմ հիվանդին մի քյաթա (գաթա) տամ օտե, ճարի (դեղ) վախտն ա, ճարը խմե, նոր վեր չայը խմինք»: Մինչ խոհանոցում պատրաստում էի թեյը, լսվում էին տիկին Նորայի հոգատար հարցերը. «Ճարը կոլ ըս տվա՞լ, դե ճյուրը խմե»: Իսկ երբ արդեն նստած էինք, տիկին Նորան սկսեց բացատրել, որ Ազատն արդեն դժվարությամբ է դեղը կուլ տալիս: Ու անգամ, երբ հրապարկման համար զրույցն արդեն սկսել էինք, տեսնում էի, թե ինչպես էր գաղտագողի անընդհատ ամուսնու կողմը նայում` համոզվելու համար, որ Ազատը լավ է:
Տիկին Նորան չափազանց ուշադիր էր հիվանդ ամուսնու նկատմամբ, ուշադիր և այնքան սիրով լի: Հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը և արտասանած ցանկացած բառին կամ ցանկությանը ու ամեն անգամ ընդհատում հարցազրույցը` դառնալով դեպի ամուսինը. «Հա, Ազա'տ, հինչ ա իլա՞լ, հինչ ըս օզո՞ւմ»: Ազատ պապը չէր կարողանում երկար ժամանակով նստել, անընդհատ կնոջն ասում էր. «Նորա', քինա՞մ...քինա՞մ»: Տիկին Նորան էլ համոզում էր, որ դուրս չգա, արդեն ուշ է, մարդ չկա դրսում: Ու երբ Ազատ պապիին համոզեց, ընդհատեց նաեւ հարցազրույցն ու սկսեց խոսել երեւի իր համար ավելի հաճելի թեմայի մասին` ժենգյալով հացի:
Տիկին Նորան նախ հետաքրքրվեց, թե իմ կերած ժենգյալով հացը ինչպես են պատրաստել, հետո բացատրեց, որ ինքն ունի ժենգյալով հացի իր տարբերակը` թթվաշության համար մի քանի հատիկ հոնի չիր է գցում կանաչու մեջ, իսկ ամենակարևորը` ձեթի մեջ սոխեռած են անում, դա լցնում կանաչեղենի մեջ ու խառնում: «Եթե ժենգյալով հացը օտում ըս, պերանդ քղցրում ա, գիտա վեր իսկական ժենգյալավ հաց ա»,- բացատրեց տիկին Նորան, հետո փոքր-ինչ ամոթխած նշեց, որ իր սեփական ձեռքերով պատրաստած ժենգյալով հացն է համեղ լինում, բայց, դե, իրենց հասակում այդքան էլ հեշտ չէ դա պատրաստելը: «Բայց վեր ես մհենգ (հիմա) սարքիմ, կտեռնա վեչ թա ժենգյալով հաց, այլ ջանջալավ հաց»,- կատակեց տիկին Նորան:
Այդ ընթացքում զրույցին միացավ Ազատ պապի եւ տիկին Նորայի երկարամյա հարեւանուհին: Ակնհայտ էր, որ նա եկել էր` Ազատ պապի առողջականի մասին տեղեկանալու: Նայելով Ազատ պապին, անգամ չնկատելով իմ ներկայությունը, ափսոսանքով ասաց. «Պա ինդի մարդը ստի կտեռնա՞», հետո էլ, դառնալով ինձ, շարունակեց. «Ամբողջ կյանքում կուզնեց ա իլալ, 14 տարեկանից մինչև արցախյան կռիվները: Ինձ շատ-շատ ա հարգում, միշտ ասում ա `հաշիվ եմ անում, թե Համեստն ես, (Ազատ պապի քույրը)»: Ազատ պապը հարցրեց. «Հո՞ւվ ա էդ»: «Քո մասին ըմ պատմում, Ազա'տ»,- ասաց հարևանուհին:
Հարցազրույցն արդեն ավարտել էի, պետք է գնայի, տիկին Նորան իր տնից դատարկ ձեռքով դուրս գալ չթողեց: Ղարաբաղյան բերք ու բարիքներից բաժին էր դնում ու, ասես, հարազատ թոռան հետ խոսելիս լիներ, համոզում էր, որ ամեն մրգից էլ դնի. «Կա, մատաղ ինիմ, էս տանձը էնքան համավ ա, մին հափուռ (բուռ) էլ ճղոպուր (ընկույզ) ածի՞մ, կոզի կեշ ա (գեղեցիկ չէ), բայց դե Ղարաբաղի յղալի ճղոպուր ա»: Ու երբ դուրս էի գալիս, ասաց. «Առողջ ինիք, էնքան ապրիք, ինձ նման ծոռնը տեսնաք»: Ես էլ առողջություն մաղթեցի. «Դե լավ կաց, Ազա'տ պապ»: Ձայն չհանեց...
Մելանյա Մելքումյան