կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 21:50
Հասարակություն

Տավուշի մարզ. խոստացված, բայց չհրապարակված աշխատատեղեր. Հետք

Տավուշի մարզ. խոստացված, բայց չհրապարակված աշխատատեղեր. Հետք

Հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը: Ցուցարարների մոտ էր եկել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի, անդրադարձավ նաև աշխատատեղերի հարցին:

«Վաղը առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար առնվազն 50 աշխատատեղ՝ 8 հազարից 15 հազար դրամ օրական, ինչ աշխատանք ա, ինչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան և այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»,-ցուցարարների հետ զրույցում ասել էր Հայկ Չոբանյանը:

Այսօր արդեն հուլիսի 27-ն է և մարզպետարանի կայքում այդպես էլ չգտանք օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետ Չոբանյանի խոստացած հայտարարությունը:

«Հետք»-ը գրավոր դիմել էր Տավուշի մարզպետին` խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե մարզում քանի թափուր աշխատատեղ կա, ինչ չափի վարձատրությունով: Հետաքրքրվել էինք նաև, եթե կան թափուր աշխատատեղեր, ապա ի՞նչն է պատճառը, որ մարզի բնակիչները չեն դիմում:

Մարզպետը պատասխանել է, թե առկա թափուր աշխատատեղերում աշխատելու համար բնակիչների չդիմելու պատճառները դեռևս ուսումնասիրված չեն, և նման տվյալների չեն տիրապետում: Այնուամենայնիվ, նշել է, որ հուլիսի 24-ի դրությամբ և համաձայն Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների ներկայացրած տվյալների, մարզում կա 355 թափուր աշխատատեղ, որն ամենօրյա ռեժիմով թարմացվում է: Գրության մեջ նշված է, որ թափուր աշխատատեղերի ցանկը և աշխատավարձերի չափերի մասին տեղեկատվությունը կարող ենք ստանալ գործակալության ինտերնետային էջից:

Հուլիսի 26-ի դրությամբ, տարածքային կենտրոնները հրապարակել են 418 թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն: Օրինակ՝ Դիլիջանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է 71  աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն: Ամենաբարձր աշխատավարձով՝ ամսական 300,000 դրամ, ընդամենը մեկ աշխատատեղ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ: 250,000 դրամ աշխատավարձով ևս մեկ թափուր աշխատատեղ կա, փնտրում են բեռնող մեխանիզմների մեքենավար: Նույն աշխատանքի համար մեկ այլ գործատու պահանջում է 3 աշխատող, սակայն արդեն 200,000 դրամ աշխատավարձով: 3 թափուր աշխատատեղ էլ կա ամսական 150,000 դրամ աշխատավարձով, փնտրում են մանկապարտեզի դայակ, խոհարար, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մնացած աշխատատեղերի համար ամսական վարձատրության չափը 150,000 դրամից պակաս է: Օրինակ՝ 78,000 դրամով առաջարկում են հոգեբույժի, մանկաբույժի, բարմենի և այլ աշխատանք:

Իջևանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է 136 թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն: Պարզվում է՝ Իջևանի տարածաշրջանում ամենաբարձր՝ 150,000 դրամ աշխատավարձով ընդամենը 4 աշխատատեղ կա՝ նախագծող, բանվոր և վարորդ: Դրան նախորդող համեմատաբար բարձր աշխատավարձի չափը 120,000 դրամ է: Այդ աշխատավարձով առաջարկում են 4 աշխատատեղ՝ գինեգործի, բանվորի, էնդոկրինոլոգի, մանկական անեսթեզիոլոգի հաստիքներով: Մնացած աշխատատեղերի համար առաջարկվող աշխատավարձը պակաս է 120,000 դրամից:

Նոյեմբերյանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է ընդամենը 29 թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն: Այստեղ ամենաբարձր՝ 105,000 դրամ աշխատավարձով առաջարկում են հեմոդիալեզի բժշկի աշխատանք: 90,000 դրամ աշխատավարձով պահանջվում է գինեկոլոգ, իսկ դրանից ցածր աշխատավարձերով՝ դեղագործ, հրուշակագործ, հացթուխ, վաճառող և այլն:

Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնում փնտրում են 182 աշխատող: Միայն 67 թափուր աշխատատեղ կա օպերատոր-մեքենավարի հաստիքով՝ ամսական 70-148 հազար դրամ աշխատավարձով: Ամենաբարձր վարձատրվողը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի, վիրաբուժական բաժանմունքի վարիչի, տեղամասային թերապևտի, մանկաբույժի աշխատանքն է՝ 250,000 դրամ: Ապա 200,000 դրամով պահանջում են ոսկերիչ: Այնուհետև 100-150 հազար դրամ աշխատավարձով փնտրում են մաշկաբան, նյարդաբան, ձեռնոց կարող բանվոր, մեխանիկ և այլն: Թափուր է շտապօգնության երկու հերթապահ բժշկի տեղ՝ 175,000 դրամ աշխատավարձով: Ամենացածրը ուսուցիչների վարձատրությունն է՝ 14 հազար դրամից մինչև 130 հազար դրամ: