Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայրաքաղաքի տարբեր փողոցներում կառուցվում են վերգետնյա անցումներ` փողոց հատելը հետիոտնի համար անվտանգ դարձնելու համար: Այդ անցումները նաեւ փողոցների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու գործառույթ ունեն: Բայց երբեմն դրանք կառուցվում են այնպիսի դիրքերով, որ դրանցով անցնող անցորդների համար տեսանելի են դառում հարակից բնակելի շենքերի բնակարանները: Այդպիսի վերգետնյա անցում կա, օրինակ, Զեյթունում` թաղապետարանի ու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մոտ: Ընդ որում` այդ անցումն ունի այնպիսի բարձրություն, որ հարակից բնակելի շենքի բոլոր երեք հարկերի բնակարաններն էլ տեսանելի են անցումով անցնողների համար. առանց ավելորդ ճիգ գործադրելու կարող են տեսնել, թե ինչ է կատարվում, օրինակ, երկրորդ հարկի բնակչի ննջասենյակում... Իսկ շենքերի բնակիչների դեպքում պատկերը հակառակն է` նրանք պետք է մեծ ճիգեր գործադրեն` իրենց անձնական կյանքը վերգետնյա անցումով անցնող պատահական անցորդից թաքցնելու համար: Այսինքն` արդեն չի գործում «Իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքը: Որովհետեւ քաղաքապետարանը որոշել է «բաց ու թափանցիկ» աշխատել, բայց այդպիսին դարձնելով ոչ թե իր աշխատանքը, այլ շարքային քաղաքացիների բնակարանների անցուդարձը:
Բագրատունյաց պողոտայի 7 եւ 8 շենքերի բնակիչները բողոքել էին իրենց բնակարաններ «ներխուժող» վերգետնյա անցման կապակցությամբ, իսկ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ըստ News.am-ի, ասել էր. «Եթե բնակիչները մինչեւ հիմա դիմացել են շենքի տակ կանգնող մարմնավաճառներին, ուրեմն կամուրջի վրայով անցնողների հայհոյանքներին կդիմանան առանց դժվարության»: Ճիշտ է, քաղաքապետարանը հերքեց, թե նման բան է ասվել, բայց այստեղ էականը երեւույթն է ու մոտեցումը:
Ի դեպ, քաղաքապետն իր տունը հսկայական` մոտ 3 մետրանոց պարիսպներով է «պաշտպանում» կողմնակի հայացքներից: Օրինակ' ինչպե՞ս կզգար իրեն Տարոն Մարգարյանը, երբ նրա առանձնատան հենց դիմաց կառուցվեր նման վերգետնյա անցում, ընդ որում` իր տան բարձրության...
Մի խոսքով` այդպիսի մի «բաց ու թափանցիկ» վերգետնյա անցում էլ այս օրերին կառուցվում է Տիգրան Մեծի պողոտայում' «Տաշիր» առեւտրի կենտրոնի դիմաց: Այդ գետնանցումը եւս ունի այնպիսի դիրք ու բարձրություն, որ դրանով անցնողներն անպայման տեսնելու են, թե ինչ է կատարվում փողոցի երկու կողմում տեղակայված բնակելի շենքերի բնակարաններում, հնարավոր է` խիտ շերտավարագույրներն էլ չօգնեն բնակիչներին` իրենց անձնական կյանքը օտար հայացքներից պաշտպանելու համար: Դրանից բացի` այդ անցումը նաեւ այնքան մոտ է մոնտաժվել շենքերին, որ արդեն մինչեւ 3-րդ հարկի բնակիչները ստիպված են լինելու իրենց տները անցանկալի այցերից` գողերի ու այլոց մուտքից պաշտպանել ճաղավանդակներով:
Արդարության համար նշենք, որ վերգետնյա անցումները, սովորաբար, կառուցվում են այնպիսի փողոցներում, խաչմերուկներում, որտեղ թե' տրանսպորտային հոսքն է բավականին մեծ, թե' հետիոտների շարժն է ակտիվ, նաեւ դպրոցների, կրթական հաստատությունների, հիվանդանոցների եւ այլնի մոտակայքում: Սակայն, օրինակ, նույն Տիգրան Մեծի պողոտայում գտնվող 119 դպրոցի առջեւ ոչ մի նման անցում չկա: Հետիոտնի համար նախատեսված անցումները Տիգրան Մեծի պողոտայի այդ հատվածում նախատեսված են` մեկը Երկաթուղու գլխավոր վարչության շենքի մոտ, իսկ մյուսը' Սասունցի Դավթի արձանի մոտ: Այսինքն' դիմացի մայթի շենքերում բնակվող երեխաները դպրոց գնալու համար մի հսկայական շրջան պետք է կատարեն, որ այդ անցումներից մեկնումեկով անցնեն: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող այդ փողոցի այդ հատվածը մարդիկ հատում են որտեղից պատահի` վտանգելով թե' իրենց կյանքը, թե' վարորդների համար լրացուցիչ անհարմարություններ ստեղծելով:
Մի խոսքով` վատ չէ, երբ փորձում են վերգետնյա անցում կառուցել, բայց «սիրուն» չէ, երբ այդ անցումը մարդկանց բնակարաններն ու անձնական կյանքը «հրապարակայնացնում է»: Եվ ուղղակի մտահոգիչ է, երբ փողոցի կամ խաչմերուկի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը գերադասվում է դպրոցականների անվտանգությունից...
Գևորգ ԱՎՉՅԱՆ