կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 17:08
Քաղաքական

Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից. քաղաքագետ

Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից. քաղաքագետ

Երբեք գաղտնիք չի եղել, որ 1803 թվականից Ռուսաստանը համաձայն չէ եւ չի ուզել հեռանալ Հարավային Կովկասից: Եվ այն, որ չի ուզում հեռանալ, ամենեւին չի նշանակում, թե ուզում է մեզ տիրել. Yerkir.am-ին իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը' անդրադառնալով այսօր Գյումրիում Վլադիմիր Պուտինի «կատակ»-արտահայտությանը, թե Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից:

 

Չհեռանալը, ըստ քաղաքագետի, կարող ենք տարբեր ձեւերով հասկանալ: «Ես դա հասկանում եմ աշխարհաքաղաքական իմաստով: Այդ իմաստով Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից: Համենայն դեպս, պետք է հիշել 1993 թվականը, երբ թուրքական զորքերը մոտեցել էին մեր սահմանին, եւ միայն Ռուսաստանի հայտարարությունն ու ՌԴ պաշտպանության նախարարի դիրքորոշումը կասեցրեցին Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Այսօր էլ Ռուսաստանն ինչ-որ չափով, ես կասեի` մեծապես, մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է»,- ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

 

Թե ո՞ւմ էր ուղղված Պուտինի «կատակը», քաղաքագետը նշեց, որ թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Պուտինի' Գյումրի գալուն եւ նմանատիպ հայտարարություններին  ու նշել, որ դրանք ավելի շատ ուղղված են Թուրքիային եւ Ադրբեջանին: Ըստ քաղաքագետի` ընդունված երեւույթ է, երբ պետությունների առաջին դեմքերը, օգտվում են այն հանգամանքից, թե որ տարածքում են խոսում ու այդ տարածքի հարեւան պետություններին կամ իշխանություններին ինչ-ինչ ազդանշաններ են ուղարկում:

 

«Պուտինը չէր կարող ոչինչ չասել, ոչ մի ազդանշան չուղղել այն երկրներին ու երկրների ղեկավարություններին, որոնք Ռուսաստանի հետ, համենայն դեպս, գաղափարախոսական հակառակորդներն են: Այսինքն` առաջին հերթին ուղղված էր նրանց: Բայց, մյուս կողմից, ուղղված էր նաեւ մեզ: Հարցն այն է, թե ինչ իմաստով ենք մենք ուզում հասկանալ այդ հայտարարությունը` փոխգործակցության ու դաշնակիցներ լինելու կոնտեքստո՞ւմ, թե՞ Հայաստանի դեմ, որը տվյալ դեպքում ես կհամարեի սխալ»,- իր տեսակետները ներկայացրեց Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

 

Քաղաքագետը պարզաբանեց, որ Հայաստանում կան մի խումբ մարդիկ, ովքեր, անտեսելով աշխարհագրական  սահմանները եւ այլն, անհիմն ձգտումներ են արտահայտում դեպի Եվրոպա, ԵՄ եւ այլն, այդ մարդիկ այսօր համարում են, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն ինչ-որ չափով պակասեցնում են Հայաստանի սուվերենությունն ու մեր երկրում ամրապնդում են Ռուսաստանի իշխանությունը: Այդպես մտածող մարդիկ, քաղաքագետի համոզմամբ, Պուտինի այս արտահայտությունը փորձում են մեկնաբանել հենց այդ իմաստով:

 

«Ես  ամենեւին համաձայն չեմ նման մոտեցմանը եւ նման մեկնաբանություններին ու համարում եմ, որ դրանք հորինված մտահոգություններ են, որոնք իրականության մեջ տեղ չունեն»,- նշեց քաղաքագետը: