Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դրանով կլուծվի Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրսմղման ծրագրի պլան Բ-ն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ վերլուծելով Մոսկվայում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպման շեշտադրումները։
«Պլանը՝ Արցախը ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, չստացվեց, Ռուսաստանը շատ լավ հասկացավ, թե Նիկոլ-Ալիև տանդեմն ուր է տանում և կանգնեցրեց։ Հիմա երկարատև խաղաղության համաձայնագրի քողի տակ փորձ է կատարվում օրինականացնել այն, ինչ տեղի չունեցավ Արցախում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ակտի հետևանքով, այսինքն Արցախում հաստատվեցին ռուս խաղաղապահներ, որոնց շնորհիվ էլ Արցախում ապրում են արցախահայերը։ Իսկ եթե ստորագրվի այդ պայմանագիրը Բաքվի հետ, մենք դրանով կպարտադրենք Ռուսաստանին դուրս բերել զորքը Արցախից, որովհետև եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես ցանկանում են Բաքվում, ապա ռուս խաղաղապահների առկայությունն Արցախում ավելորդ է։ Ավելին ասեմ, եթե ռուսները փորձ կատարեն մնալ այնտեղ, նրանք միջազգային հանրություն կոչվածի կողմից կմեղադրվեն օկուպացիայի համար»,-ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Նիկոլի հետ միասին առաջ է տանում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության պայմանագրի ստորագրման թեզը, որի կարևորագույն կետերից մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է պաշտոնական Երևանի կողմից։ Դրանով, ըստ նրա, մենք մեխանիկորեն փակում ենք Արցախի խնդրի պատմությունը և ընդունում ենք, որ Արցախն Ադրբեջանի տարածք է։
«Ճիշտ է, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին պատասխանելով՝ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող «Օմեգա Արայիկը» հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մի դեպքում՝ եթե ճշգրտվի Արցախի կարգավիճակը, սա ընդամենը հայտարարություն է, որովհետև ես նրա ոչ մի խոսքի բացարձակ չեմ հավատում․ նույն այդ Նիկոլը պատերազմից 1 ամիս առաջ Ստեփանակերտի հրապարակում ղժղժում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», արդյունքը մենք տեսանք, հիմա Արայիկը մոսկվաներում հայտարարում է կարգավիճակի մասին այն դեպքում, երբ ՀՀ-ն, լինելով կապիտուլյացիայի ենթարկված պետություն, չի կարող իր կամքը թելադրել։ ՀՀ-ն այնքան թույլ է հիմա, որ մտնում, գրավում են ՀՀ տարբեր մասերը և Հայաստանը խնդրանքով դիմում է ՀԱՊԿ-ին»,-ասաց Գագիկ Համբարյանը։
Մոսկվայում՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների ասուլիսում, Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե այժմ Ադրբեջանում պահվում են միայն նոյեմբերի 9-ից հետո գերեվարված հայ զինծառայողները, և որ Ռուսաստանն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել նրանց առանց նախապայմանների: Քաղաքագետը նկատեց, որ հայկական կողմը նոյեմբերի 9-ից հետո ինչ տեղի է ունենում՝ փորձում է գցել Ռուսաստանի վրա որպես միջնորդ և որպես Հայաստանի կապիտուլյացիոն ակտի տակ ստորագրություն դրած պետության ներկայացուցիչ։
«ՀՀ իշխանությունները բազմիցս են փորձում մեր խնդիրները գցել Ռուսաստանի գրպանը։ Հիմա Ռուսաստանը նույն կերպ պատասխանում է նաև Հայաստանի Հանրապետությանը և դա անում է շատ բացահայտ։ Նույն Ռուսաստանի արտգործնախարարը երեկ Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շատ պարզ նշեց, որ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն։ Ամեն դեպքում Ռուսաստանը փորձ է անում ինչ-որ ձևաչափով օգտակար լինել մեզ, տեսնենք ինչ կստացվի»,-ասաց նա։
Համբարյանը հեվելեց, որ ի սկզբանե՝ նոյեմբերի 9-ից հետո, ինչ տեղի է ունենում, Ռուսաստանը հայտարարում է, որ ինչ իրենից հասնում է՝ անում է։
Մինչդեռ, նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը 2018թ-ից իշխանության գալուց հետո կա՛մ իր կողմից վերահսկվող անձանց և ՀԿ-ների միջոցով, կա՛մ լրատվամիջոցներով բացահայտ տարածում էր հակառուսականություն։
«Երկրորդը՝ բոլորիս համար էլ պարզ է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմքում ուժային պահն է․ որտեղ կան միջէթնիկ խնդիրներ, հատկապես դա վերաբերում է նախկին Խորհրդային Միության հանրապետություններին, այնտեղ Ռուսաստանն իրեն ավելի լավ է զգում, քան այն տարածաշրջաններում, որտեղ ազգամիջյան խնդիրներ չկան։ Արդեն վաղուց ապացուցված է, որ եթե այդ խնդիրները լուծվում են, ապա Ռուսաստանի ներկայությունը շատ արագ չեզոքացվում է։ Օրինակ, ճիշտ է՝ Ուկրաինան կորցրեց Ղրիմը և Դոնբասը, բայց Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան, Մոլդովան կորցրեց Մերձդնեստրը, բայց Ռուսաստանը կորցրեց Մոլդովան, Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, բայց Ռուսաստանը կորցրեց Վրաստանը։ Բոլորիս համար էլ շատ պարզ է, որ եթե չկա Արցախի հարց, չկա նաև Ռուսաստանի ազդեցություն մեր տարածաշրջանում»,-ասաց Գագիկ Համբարյանը։
Նա նշեց, որ մենք 2,5 փչացրինք հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ, և դա տվեց իրավունք մեր թշնամիներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, որ ակտիվանան։
«Հիմա ինչո՞վ էր բացատրվում Նիկոլ Փաշինյանի հակառուսական գործունեությունը իշխանության գալուց հետո․ տարբեր ձև է եղել այդ հակառուսականության դրսևորումները՝ սկսած լրատվամիջոցներում և իր հետ կապ ունեցող անձանց կողմից հակառուսականության տարածմամբ, վերջացրած անհարգալից վերաբերմունքով ՌԴ նախագահի նկատմամբ, որը Երևան ժամանեց և ենթարկվեց հարձակման․ ես դեռ մի կողմ եմ դնում, որ նրան չդիմավորեցին Զվարթնոց օդանավակայանում կամ նախագահական պալատի մոտ, պետք չէ նաև մոռանալ, որ ՀՀ իշխանությունների «դաբրո»-ով վրացի լրագրողը բացահայտ հարձակվեց Պուտինի վրա։ Եվ եթե որևէ մեկը մտածում է, որ Մոսկվայում չգիտեն, թե այդ ամենի հետևում ով է կանգնած՝ չարաչար սխալվում են։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 2020 թ ապրիլից հետո ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա»,-ասաց քաղաքագետը։
Փաստը մնում է փաստ, նշեց նա, Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» ու ևս մի քանի այդպիսի արտահայտություններ բերեցին նրան, որ հենց Նիկոլի կողմից սանձազերծվեր պատերազմ, որտեղ հայկական կողմը պետք է Արցախը ամբողջությամբ զիջեր Ադրբեջանին, և ընդամենը շատ կարճ ժամանակի հարց էր ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։
«Հիմա առաջին փուլով չստացվեց՝ Ռուսաստանը ֆորսմաժորային իրավիճակում շատ արագ կողմնորոշվեց, դադարեցրեց ռազմական գործողությունները և պարտադրեց երկու կողմին էլ՝ Երևանին և Բաքվին, ստորագրել զինադադարի կապիտուլյացիոն ակտը, այժմ էլ փորձում եմ կյանքի կոչել պլան Բ-ն՝ խաղաղության համաձայնագրով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դուրս բերել ռուսական ներկայությունը տարածաշրջանից»,-մեկնաբանեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Աննա Բալյան