կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 17:34
Քաղաքական

Ինչո՞ւ ցեղասպան Թուրքիայի դիրքերի ամրապնդումը հանկարծ դարձավ ձեռնտու. քաղաքագետ

Ինչո՞ւ ցեղասպան Թուրքիայի դիրքերի ամրապնդումը հանկարծ դարձավ ձեռնտու. քաղաքագետ

Հայ-թուրքական հնարավոր հաշտության և դրանից բխող հետևանքների մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

-Ներկայիս իշխանությունները մեծ հույսեր են կապում Թուրքիայի հետ դեռ չսկսված բանակցությունների հետ` հաշվի չառնելով, թե այդ բանակցություններին Հայաստանն ինչպիսի զգեստավորմամբ է գնում։ Նշանակվում է բանագնաց, որը չի կարող մրցակցել Քըլըչի նման «խորամանկ  աղվեսի»  հետ։ Ընդունե՞նք, որ ներկայիս իշխանությունները  բանակցություններում Հայաստանի շահն առաջ տանելու ո՛չ կամք ունեն, ո՛չ ցանկություն։

- Հայ-թուրքական բանակցություններում բանագնացի նշանակումը տեղավորվում է գործող կառավարության առաջնահերթությունների և տրամաբանության մեջ: Ցանկացած կարևոր պաշտոնում նշանակումը կատարվում է բացառապես անձնական հավատարմության և վստահության հիման վրա: Նշված երկու գործոնները համարվում են շատ ավելի կարևոր, քան տվյալ անձի մասնագիտական կամ մարդկային որակները:

- Մենք երբեք չենք հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, սակայն այսօր պատկերն այլ է. Հայաստանն այդ բանակցություններին գնում է պարտված, խոցված։ Մենք երբեք կողմ չենք եղել մեր արժանապատվության, մեր ժողովրդի հավաքական հիշողության, մեր կենսական խնդիրների հաշվին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն։ Հարց է առաջանում` արդյո՞ք այդ բանակցություններն այս պահին մեզ անհրաժեշտ են, և արդյո՞ք Հայաստանը հիմա ունակ է դրանցում գրանցել հաջողություն:

- Թուրքիայի նպատակներն այս գործընթացում հստակ են՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով էլ ավելի մեծացնել սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում: Հայաստանի նպատակներն ավելի անորոշ են: Իշխանական և մերձիշխանական որոշ շրջանակներ համարում են, որ Հայաստանին ևս ձեռնտու է տարածաշրջանում Թուրքիայի դերի ամրապնդումը, քանի որ դա ավտոմատ նշանակելու է Ռուսաստանի ազդեցության նվազում, ինչը հնարավորություն կտա թուլացնելու Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Սակայն այս տեսակետի կողմնակիցները ընդամենը մեկ տարի առաջ՝ 2020 թ. արցախյան պատերազմի ժամանակ, հայտարարում էին, որ Թուրքիան Արցախում շարունակում է 1915 թ. ցեղասպան քաղաքականությունը, և կոչ էին անում Եվրոպային՝ թույլ չտալ բարբարոս թուրքերի հաղթանակը՝ պնդելով, որ Արցախից հետո թուրքական յաթաղանը հասնելու է Եվրոպա: 2020 թ. աշնանից սկսած՝ Թուրքիայում ոչինչ չի փոխվել, նույն ղեկավարներն են և նույն ռազմավարությունը, ուստի զարմանալի է, թե ինչու ցեղասպան և բարբարոս Թուրքիայի տարածաշրջանային դիրքերի ամրապնդումը այդ նույն մարդիկ հիմա համարում են ձեռնտու Հայաստանի Հանրապետության համար:

Ոմանք պնդում են, որ հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա Հայաստանին ավելի մատչելի գներով ապրանքներ ներմուծելու և արտահանելու, բացի դրանից՝ կնվազեն Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների գները՝ դրանց նկատմամբ կիրառվող արգելքի վերացումից հետո: Մի մասը համարում է, որ, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հնարավոր չի լինի տարածաշրջանում խաղաղություն հաստատել, ինչը, կարծես,գոր ծող կառավարության հիմնական առաջնահերթությունն է:

- Փաստն այն է, որ Հայաստանը դուրս է մնացել բոլոր տիպի հավասարություններից և դարձել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային առևտրի օբյեկտ. բանակցություններն ընթանում են այլ վայրերում, որոշումները կայացվում են այլ վայրերում, իսկ Փաշինյանը վերջում ընդամենը հաստատում է այդ ամենը Հայաստանի անունից։ Չկա՞ մտավախություն, որ հայ-թուրքական հարաբերությունները նույն սցենարով կզարգանան։

- Հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից առաջ Հայաստանի իշխանություններն արդեն կատարել են դեռ 1990 - ական թվականներին Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների մեծ մասը: Նրանք, մասնավորապես, հրաժարվել են Արցախից և փաստացի համաձայն են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ինչի մասին վարչապետն ակնարկեց դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ: Հիմա Թուրքիան նոր պայմաններ է առաջ քաշում, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, ինչը, թուրքական և ադրբեջանական տրամաբանության համաձայն, նշանակում է Սյունիքի մարզի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա՝ առանց հայկական կողմից մաքսային և սահմանային վերահսկողության:

                                                               Լենա Կարապետյան