Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լարսում ստեղծված վիճակը Հայաստանի իշխանություններին ստիպեց որոնել Հայաստանից Ռուսաստան հասնելու այլընտրանքային ճանապարհները: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անգամ հայտարարեց, որ Հայաստանը շատ է ուզում այլընտրանքային ճանապարհ ունենալ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան, պարզապես խնդիրը քաղաքական է` Վրաստան-Օսիա-Ռուսաստան համատեքստում:
Yerkir.am-ի հետ զրույցում վրացագետ Ալիկ Էրոյանցը, խոսելով այն մասին, թե որքան հավանական է այլընտրանքային ճանապարհ ունենալը, նշեց, որ, այդ հարցին արձագանքելով, Վրաստանի վարչապետն ասել էր, որ Վրաստանը չի տեսնում որևէ խնդիր, և պատրաստ են համագործակցել այդ հարցով, բայց դա իրենք դիտարկում են օրենքի շրջանակներում, այն է`օկուպացված տարածքների մասին օրենքով, որը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակներում Օսիայի տարածքը դիտարկել որպես չեզոք տարածք և թույլատրել բեռնափոխադրումներ իրականացնել: Ռուսական կողմը, սակայն, մերժել է նման մոտեցումը` ակնկալելով, որ Հայաստանը կամ Վրաստանը բանակցեն Օսիայի հետ` որպես սուվերեն միավորի:
«Դժվար է պատկերացնել` պաշտոնական Երևանը ինչպես կարող է բանակցել Օսիայի հետ, եթե Հայաստանը չի ճանաչել այդ պետությունը` որպես անկախ միավոր: Հարցը փակուղի է մտնում կարծես, այդուհանդերձ, չենք կարող բացառել այլընտրանքային ճանապարհի հնարավորությունը: Վրաստանում առջևում խորհրդարանական ընտրություններ են, ու իշխող կուսակցությունը չոր կվերաբերվի այդ խնդրին: Բայց Հայաստանը պետք է մշտապես այդ հարցը ակտուալ պահի, որովհետև չի բացառվում որ Հայաստանը որպես միջնորդ, թեկուզ միջազգային որևէ կազմակերպության միջոցով այդ հարցին լուծում գտնի ֆորսմաժորային իրավիճակների դեպքում»,- ասաց Ալիկ Էրոյանցը:
Ըստ նրա` եթե այլընտրանքային ճանապարհ բացելը վրացական կողմին ձեռնտու չլիներ, նրանք ընդհանրապես դրա մասին չէին խոսի, որովհետև տրանսպորտային վճարներ, միջնորդավճարներ կարող են գանձել, և եթե հայկական կողմը շարունակի մշտապես բանակցել, ինչ-որ մի օր հարցը կարող է լուծում ստանալ:
«Եթե դա վրացական կողմին ձեռնտու չլիներ, նրանք ընդհանրապես դրա մասին չէին խոսի: Իհարկե, ամենաշահագրգիռ կողմը Հայաստանն է, ուստի այդ հարցը միշտ պետք է լինի բանակցությունների օրակարգում»,- ասաց վրացագետը: