Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
7-8-րդ դասարան էինք, երբ հերթական կռիվն էր դասընկերներիս միջեւ: Տղաներից մեկ այնպես հարվածեց մյուսին, որ վերջինս ընկավ գետնին` աջ, թե ձախ ձեռքի վրա, եւ ձեռքը դուրս ընկավ: Հաշված րոպեների ընթացքում դպրոցում էին երկու տղաների մայրերը: Վնասված դասընկերոջս տարան հիվանդանոց, ծնողներից յուրաքանչյուրը նախ խրատեց իր երեխային, հետո` մատ թափ տվեց մյուսի վրա, դասղեկը դասղեկական ժամ արեց, ու վերջ. սկսվեցին աշակերտական մյուս երջանիկ օրերը` ոչ պակաս թեժ ու աշակերտի օրը հետաքրքիր դարձնող կռիվներով /«ինչպե՞ս կարելի է» հարցն առաջանալու դեպքում փորձեք հիշել ձեր մանկության տարիները/: Սակայն պարզվում է, որ մենք մեր իրավունքները չգիտեինք, քանի որ պարտավոր էինք դիմել նախ` Մարդու իրավունքների պաշտպանին, հետո` ոստիկանություն, հետո` երեխաներով լարվեինք իրար դեմ, իսկ ծնողները... Ծնողները ոչ թե պետք է հարթեին իրավիճակը, այլ ցեխ շպրտեին միմյանց վրա ու սրերով դուրս գային կռվի:
Արդեն մեկ շաբաթ է` Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտները դպրոց չեն հաճախում: Պատճառը, որոշ ծնողների պնդմամբ, իրենց երեխաների անվտանգությունն է, իսկ իրենց երեխաների կյանքը «վտանգավոր» կարող է դարձնել երեխաների դասընկերը` Հարություն Ղազարյանը: Հարությունը սեպտեմբերի 1-ին է թիվ 114 դպրոցից տեղափոխվել թիվ 71 դպրոց, որտեղ, սակայն, ծագել են խնդիրներ դասարանի երեխաներից մի քանիսի հետ: Սակայն աշակերտական խնդիրները դուրս են եկել դպրոցի պատերից` հասնելով ՄԻՊ-ին եւ ոստիկանություն, անգամ` դասարանի 25 աշակերտների ծնողները միահամուռ կերպով ոտքի են կանգնել եւ պնդում են` եթե 11-12-ամյա Հարություն Ղազարյանը չհեռացվի դասարանից, երեխաները դպրոց չեն հաճախի:
Ինչպիսի՞ն է երեխաների արձագանքը. դե, ասում են, չէ՞, երեխան ինչ տեսնում, այն էլ սովորում է. երեխաները չեն ուզում, որ Հարությունն իրենց դասարանում սովորի, եւ վե՛րջ: Հարությունի դասընկերները նամակ են գրել տնօրենին` Հարությունին այլ դպրոց տեղափոխելու խնդրանքով, սակայն տղայի ծնողները հրաժարվում են նրան տեղափոխել՝ պնդելով, որ իրենց երեխան պետք է հենց այդ դպրոցում սովորի:
6բ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը` Հովհաննես Ուստայանը, նշում է, որ Հարությունը ճնշում է գործադրում դասարանի մյուս աշակերտների վրա, փորձում հերոսի տպավորություն թողնել: Աշակերտը, Ուստայանի խոսքերով, փորձում է ցույց տալ, թե ինքն առավել է մյուսներից, ինչն էլ դրսեւորվում է ծեծի եւ սպառնալիքի տեսքով:
«Հարությունը, լինելով միջին կազմվածքի երեխա, կարողացել է վնասներ հասցնել մյուսներին: Նա աշակերտներից մեկի քիթն է կոտրել, մյուսի` աչքը վնասել: Հասկանո՞ւմ եք` նրա ձեռքի տակ ընկած ցանկացած իր կարող է զենք դառնալ, այսօր նա մատիտով է խփում դասընկերոջը, վաղը չգիտենք` ինչ կհայտնվի նրա ձեռքում: Նա արդեն հարցեր ունի ոստիկանության հետ, կրթության եւ գիտության նախարարությունն էլ զբաղվում է երեխայի դաստիարակությամբ»,- ասում է Ուստայանը` հավատացնելով, թե իրենք ամենեւին էլ չեն ցանկանում տղայի բախտի հետ խաղալ /այս մասին հայտարարելով ԶԼՄ-ներով/, ուղղակի ուզում են, որ նա լքի դասարանը կամ դպրոցը:
Ուստայանը կարծում է, որ տղայի նախկին դպրոցի /թիվ 114/ տնօրենն իրենց այլ կարծիք է հայտնել Հարությունի մասին, ԶԼՄ-ներին` այլ: Նա հավաստիացնում է, որ 114 դպրոցի տնօրենն այնքան էլ դրական կարծիք չունի Հարությունի մասին, եւ ԶԼՄ-ներն ուղղակի սխալ հարցադրումներ են անում: Ծնողը խորհուրդ տվեց լրագրողներին` տնօրենից հարցնել ոչ թե` ինչպիսի՞ն է Հարությունը, ի՞նչ վարք է դրսեւորել դպրոցում սովորելու տարիներին, այլ քանի՞ աշակերտ է եղել Հարությունի դասարանում, դասարանը հիմա ի՞նչ վիճակում է: Հիրավի, գուցե աշակերտների թիվը վկայի Հարությունի վարքի մասին, ինչպե՞ս չէինք մտածել:
«Խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի» հարցին Ուստայանը պատասխանեց, որ իրենք հույսը դրել են վերադաս պաշտոնյաների վրա. «Ի ՊԱՇՏՈՆԵ թող լուծեն հարցը, պետք չէ հարցը երեխաների խոհեմության վրա թողնել»:
Նա նկարագրեց նաեւ վարկածը, թե ինչպես է եղել, որ Հարությունը կոտրել է դասընկերոջ քիթը, ըստ նրա` կռվին ներկա է եղել նաեւ երգեցողության ուսուցչուհին, ով հորդորել է ենթարկվել իրեն: Տղաներից մեկը ենթարկվել է ուսուցչուհուն, իսկ Հարությունը հարվածել է դասընկերոջը ու «թողել-փախել». «Այ, էդ տիպի տղա է էդ ազգային հերոսը, կարող է խփել ու փախչել»:
Մեկ այլ ծնող` սիրիահայ Ալեքսան Կարադանայանն էլ, իր հերթին, ասաց, որ իր աղջիկը վախենում է գնալ դպրոց, քանի որ չգիտի` ինչ վիճակով դպրոցից տուն կվերադառնա:
«Պարտադիր է` իմ երեխայի քիթն էլ կոտրեն, որ նոր բողոքե՞մ: Մեր երեխաներն իրենց ապահով չեն զգում այդ դպրոցում: Ի դեպ, երբ քաղաքապետարանի աշխատակիցը զրուցել է Հարությունի եւ մյուս աշակերտների հետ եւ ասել, որ անհրաժեշտ է հաշտվել, աշակերտներից մեկն ասել է` լավ, Հարությո'ւն, մենք ներում ենք քեզ, իսկ տղան պատասխանել է, թե` ես ինչ եմ արել, որ ներում եք, ես ձեր ներման կարիքը չունեմ: Այսինքն` մեր երեխաները պատրաստ էին նրան ընդունել, իսկ նա` ոչ»,- ասաց Կարադանայանը` հավելելով, որ այժմ հարցը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով` Հարությունը պետք է այլ դասարան կամ դպրոց տեղափոխվի:
Հարությունի եղբայրը` Մակար Ղազարյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ծնողները հավանաբար տեղյակ չեն, որ մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը այցելել է դպրոց եւ տնօրենին ասել. «Հրամայում եմ ձեզ, որպեսզի այսուհետ դպրոցը, լինելով պետական հաստատություն, որեւէ կերպ իրեն թույլ չտա ենթարկվել ծնողների քմահաճույքին, եւ այսուհետ եթե որեւէ երեխա չհաճախի դպրոց, անմիջապես պետք է ստանա բացակա, որոնց կուտակման պարագայում պետք է դուրս մնա դպրոցից կամ վերաքննություն հանձնի, իսկ Հարությունը պետք է մնա այս դասարանում, այս դպրոցում»:
Հարությունի եղբայրը հավաստիացնում է, որ Հարությունը գնում է դպրոց եւ պետք է գնա:
«Սովորաբար, հեղափոխությունը մի փոքրիկ խումբ է կազմակերպում, իսկ մնացածն ամբոխի պես հետեւում են մյուսներին: Աշակերտների համար ուրախություն է, հասկանո՞ւմ եք, դաս չկա: 3-4 ծնողներն են, որ ոգեւորված, երիտասարդական ավյունով, հեռուստատեսությամբ երեւալու առիթը բաց չեն թողնում: Ուրախ-զվարթ ծնողներ են, ի՞նչ ասեմ: Փորձում են իրենք իրենց երեսը փրկել իրենց երեխաների մոտ, քանի որ տեսնում են, որ թե՛ իրավական եւ թե՛ բարոյական առումով կատարելապես տանուլ են տվել իրենց իսկ հնարած կոնֆլիկտը»,- ասաց Ղազարյանը:
Նա հավատացնում է, որ եղբայրը հիանալի է տրամադրված դասընկերների հանդեպ եւ նրա մեջ ոխակալություն չկա:
«Տնօրինությունը, հավանաբար, տեղյակ չի պահել ծնողներին կրթության նախարարության որոշման մասին: Տնօրենն էլ չի կարող էդ հանցավոր պայմանավորվածության մեջ սեւերես դուրս գալ, պետք է ինչ-որ կերպ խեղաթյուրի խոսքը` ուրիշի ձեռքով շագանակները կրակից վերցնելու համար: Ծնողների նման վարքը, լրատվական-ակումբային շրջագայությունները, հեռուստատեսությամբ երեւալու հոգեվարքային ջղաձգումները կատարելապես արհամարհում ենք` իրենց ցանկանալով ամենայն բարիք»:
Թե դեպքերն ի՞նչ զարգացում կունենան, դժվար է ասել, քանի որ, չնայած ոչ ոք չի ուզում դեպքի հետ կապված աղմուկ բարձրացնել, բայց չեն էլ լռում ու փորձում հասկանալ իրար:
Հ. Գ. Տարեսկզբին քրոջս 10-ամյա տղան 1 շաբաթ տատի հետ չխոսեց, ինչ է, թե տատն իրենից ծածուկ գնացել էր դպրոց եւ փորձել քրոջս տղայի հետ կոնֆլիկտի մեջ մտած դասընկերոջ մոր հետ խոսել: Տատի հետ բարիշելիս պայման դրեց. «Մենք մեր հարցերը կլուծենք, սրա համար էլ դպրոց գալ չկա»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ