կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 18:34
Առանց Կատեգորիա

Արևմուտքի նոր ''մարդը'' Վարդան Օսկանյա՞նն է

Արևմուտքի նոր ''մարդը'' Վարդան Օսկանյա՞նն է

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունից զատ, Հայաստանից Վիլնյուսում է գտնվում նաև ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա Լիտվա է մեկնել այդ երկրի խորհրդարանի փոխնախագահի հրավերով: Օսկանյանը «Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով դասախոսություն է կարդալու Վիլնյուսի համալսարանում, մասնակցելու է Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների «Հանուն ժողովրդավարության» ֆորումին, ինչպես նաև Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկու հետ արժանանալու է Վիլնյուսի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի առանձին ընդունելությանը:

 

Օսկանյանը Վիլյուսում չի գտնվում ուղղակիորեն գագաթաժողովին մասնակցելու համար: Դրա մանդատը նա չունի: Սակայն այն հանգամանքը, որ նա հրավերը ստացել է Լիտվայի պառլամենտի փոխնախագահից, և որ դասախոսություն է կարդալու հատկապես ԵՄ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների պրոբլեմատիկայի թեմայով, հուշում է, որ բացարձակապես պատահականություն չէ հենց գագաթաժողովի օրերին Լիտվայում գտնվելու իրողությունը: Ընդհանրապես` Օսկանյանի նկատմամբ վերջին շրջանում չափազանց մեծացել է Արևմուտքի ուշադրությունը: Նոյեմբերի 7-ին Երևանում նրան հանդիպել էին Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդները`հենց նրանց նախաձեռնությամբ: Նրանք Օսկանյանի հետ քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգին առնչվող բոլոր խնդիրները` սկսած Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի որոշմամբ պայմանավորված` ԵՄ-ի հետ հետագա հարաբերություններից, տարածաշրջանային զարգացումներից մինչև ԼՂ հիմնահարցի կարգավորում, սիրիական ճգնաժամ և Հայաստանի ներքաղաքական իրավիճակ: Իսկ դրանից երկու օր առաջ Օսկանյանի հետ Երևանում առանձին հանդիպում էր ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` քննարկելու համար ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը:

 

Թե ինչու է նման պատվի կամ առանձնահատուկ վերաբերմունքի արժանանում հատկապես Օսկանյանը, առայժմ այնքան էլ պարզ չէ: Նախկինում այդ դերը վերապահված էր ՀՀ առաջին նախագահ, ապա արմատական ընդդիմության առաջնորդումն ստանձնած Լևոն Տեր-Պետրոսյանին, ով եվրոպական պատվիրակություններին ընդունում ու ճանապարհում էր գրեթե գործող նախագահին հավասար ինտենսիվությամբ: Բայց Տեր-Պետրոսյանի պարագան հասկանալի էր. նա ներկայացնում էր այդ պահին ամենամասսայական ընդդիմադիր ուժը: Եթե ելնենք այս տրամաբանությունից, ապա ստացվում է, որ Արևմուտքը Օսկանյանի նկատմամբ ուշադրությունը մեծացրել է` հենց նրան դիտարկելով որպես` եթե ոչ իրական, ապա գոնե պոտենցիալ ընդդիմադիմություն: Բայց եթե այդպես է, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է դրա պատճառը, և ի՞նչ խնդիր է ուզում Օսկանյանի միջոցով լուծել Արևմուտքը: Այդ վերաբերմունքը դրսևորվում է անձնապես Օսկանյանի հանդեպ` հաշվի չառնելով նա կուսակցական պատկանելությունը: Եթե հիմնական շարժառիթը դա լիներ, ապա եվրաչինովնիկները Երևանում ոչ թե միայն նրա հետ կհանդիպեին, այլ ԲՀԿ ողջ ղեկավարության և Վիլնյուս կհրավիրեին ոչ թե անձնապես նրան, այլ հենց նրա ներկայացրած կուսակցության ղեկավարին: Այնպես որ` ԲՀԿ-ն այստեղ որևէ կապ չունի, հատկապես` եթե նկատի առնենք, որ ընդամենը մեկուկես տարի առաջ Եվրախորհրդարանում ներկայացված ամենամեծ` Ժողովրդական կուսակցությունը մերժել էր իրեն միանալու` ԲՀԿ-ի առաջարկությունը: Եվ սա հուշում է, որ խնդիր է դրված աշխատել կոնկրետ Օսկանյանի հետ և դրանով իսկ արժևորել նրան ու բարձրացնել հենց նրա քաղաքական կշիռը: Հենց ԱլԳ գագաթաժողովին նրան Վիլնյուս հրավիրելով` ԵՄ-ն, կարծես, ընդգծում է, թե ում է Հայաստանում համարում իր տեսանկյունից ամենավստահելի ու հեռանկարային քաղաքական գործիչը, ում վրա է պատրաստ խաղադրույք կատարել և ում է Հայաստանի հասարակությանն առաջարկում ընդունել որպես իրական ընդդիմադիր լիդերի:

 

Պետք է ասել` կատարված ընտրությունը շատ օրինաչափ է: Օսկանյանը ընդգծված կերպով առանձնանում է պրոռուսական քաղաքական էլիտայի ներկապնակից: Իրականում հենց նրա պաշտոնավարման ընթացքում են սկսել ակտիվ ինտեգրացիոն գործընթացները ԵՄ-ի հետ, որն սկսվեց, այսպես կոչված, կոմպլեմենտար արտաքին քաղաքականության հայեցակարգը շրջանառության մեջ դնելուց հետո: Ավելին` ԼՂ կարգավորման Մադրիդյան սկզբունքները մշակվել և իրենց ներկայիս բովանդակությունն են ստացել հենց բանակցություններում Օսկանյանի գործուեության ընթացքում: Այնպես որ` Արևմուտքում հիմքեր ունեին նրան համարելու «յուրային»:

 

Սակայն իսկապե՞ս Արևմուտքը որոշել է նրանից կերտել գործող իշխանությունների այլընտրանք` դրդելով հայաստանյան ցիրուցան ընդիմադիր հատվածներին գեներացվել հենց նրա շուրջ, թե՞ Օսկանյանը պարզապես յուրօրինակ «տրաֆարետ» է` գործող իշխանություններին ինչ-որ բան հասկացնելու համար: Արևմուտքում չեն կարող բավարարված լինել Սերժ Սարգսյանի գործունեությամբ, վայրիվերո ու փաստացի անկանխատեսելի դարձող քաղաքականությամբ: Օսկանյանին հատկացվող առանձնահատուկ ուշադրությամբ նրան կարող են հասկացնել, որ իրենց համար ՀՀ գործող նախագահը անփոխարինելի չէ և շատ հանգիստ կարող են նրա վրա կատարված «ներդրումները» տեղափոխել օսկանյանական «բանկ»: Այս ակնարկը, կարծես, չափից դուրս բաց տեքստով է արտահայտվում: Սակայն եթե իսկապես այդպես է, ապա Արևմուտքը չափազանց մեծ ռիսկի է ենթարկում Օսկանյանին: ՌԴ նախագահի` դեկտեմբերյան այցից հետո, որը հայաստանյան իշխանությունների համար կարևոր է առաջին հերթին իրենց սեփական ապահովագրության երաշխիքներն ստանալու իմաստով, ոչինչ չի կարող խանգարել, որպեսզի դրանից հետո վերակենդանացնեն Օսկանյանի նկատմամբ ոչ վաղ անցյալում ձեռնարկված հարձակումներն ու քաղաքական հետապնդումները:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ