կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-22 12:01
Առանց Կատեգորիա

Իշխանության հանցագործությունների մեկամսյա պլան

Իշխանության հանցագործությունների մեկամսյա պլան

Երեւանում իշխանությունը հասունացնում է տրանսպորտային քաոս։ Մարդիկ մեզ նախապատրաստում են քաղաքային տրանսպորտի գնի բարձրացման։ Գծատերերից մեկի էն բացառիկ հիմարությունը, որ «հլը թող ձյուն գա, տենանք ոնց են քշելու ավտոբուսները», այդ կոլապսի շարքից է։ Տարոն Մարգարյանը պատերազմ է հայտարարում համաքաղաքացիներին։

 

Պետք է սպասել նոր փորձանքների։ Առաջիններից մեկն այն է, որ ավելի հաճախ ուղեւորներին ճամփի կեսին կթողնեն վարորդներն այն պատճառաբանությամբ, որ, ասենք, «սվեչեն թրջվել ա», «պագրիշկեն թողել ա»։ Կսկսեն խնայել ջեռուցումը, իբր տաքությունը «սալյարկա ա տանում»։ Սրանով չեն բավարարվի։ Սրանց հանցագործ ուղեղը կհերիքի նաեւ զոհաբերել ավտոբուսներից կամ երթուղային տաքսիներից մեկը, ասենք, ճամփի կեսին կարող է հրդեհվել, որովհետեւ «բա ի՞նչ էիք ուզում»։ Կսկսեն ավելի ու ավելի քիչ դուրս գալ երթուղի։ Մութն ընկնելուն պես ընդհանրապես կհեռանան գծից։ Նոր Նորքի ավտոբուսներն արդեն էդ «գաղափարական գծի» վրա են, ժամը 20։00-ից հետո ընդհանրապես չկան։

 

Նոր տարվան ընդառաջ բանկերը ժամանակավորապես կհավաքեն 50 եւ 100 դրամանոցները, որպեսզի էդ ճանապարհով բացառեն համաժողովրդական ընդվզումը։

 

Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, եւ վայ նրան։ Ավելացել է նաեւ տաքսիստների ցինիզմը, որը, բնականաբար, իշխանության թողտվության արդյունք է։ Տաքսիստները քաղաքի կենտրոնում արդեն կայանում են հենց կանգառներում։ Երիտասարդական մետրոյի կանգառներից անհետացել են տեսախցիկները։ Որպեսզի որեւէ խախտում չարձանագրվի։ Սադրանքը հասնելու է նրան, որ «անհավասարակշիռ» մի ուղեւոր կարող է, բառի բուն իմաստով, սպանել վարորդներից կամ գծատերերից մեկին։ Քաղաքային իշխանությանը դրամա է անհրաժեշտ, պետք է շարժել ուղեւորների սիրտը, պետք է ամեն ինչ անել, որ նրանք կամավոր համաձայնեն 150 կամ 200 դրամանոց տրանսպորտին։ Հընթացս, երբ արդեն գինը բարձրացրած կլինեն, գիծ դուրս եկած վարորդներն անմիջապես կդադարեցնեն երթեւեկել, եթե հանկարծ ուղեւորներից մեկը վճարի 100 դրամ, իրենք չեն կարող «աշխատել էդ պայմաններում»։ Որովհետեւ իշխանությունը չի կարող թույլ տալ երկրորդ այդպիսի պարտություն։ Չէ՞ որ երկրում սոցիալական իրավիճակը միայն վատացել է, հետեւաբար` ցանկացած փոքրիկ ընդվզում կարող է հասցնել սոցիալական պայթյունի, հարկավոր է բնում խեղդել էդ ընդվզումները։

 

Ահա այսպիսի ընդվզումները կանխելու համար իշխանությունը կարող է գնալ վարորդներից կամ գծատերերից մեկին զոհաբերելու ճանապարհով։ Չի բացառվում, որ արդեն այսօր նրանք մտածում են, թե հատկապես ով պետք է լինի զոհը։ Հընթացս իշխանության լրատվամիջոցները կսկսեն ռեպորտաժներ պատրաստել վարորդների կամ գծատերերի վատ կյանքից, որոնցից պարզ կերեւա, որ «էս կյանքը կյանք չի, 100 դրամի համար մեզի դրել ենք կացնի տակ»։

 

Մաքսային միությանը միանալուց հետո Սերժ Սարգսյանի ձեռքերն արդեն ազատվել են, ինքը կարիք չունի մտածելու, թե ինչպես հաճոյանա սեփական ժողովրդին։ Ավելին` ինքը կարիք չունի որեւէ կերպ բարելավել իշխանության հեղինակությունը։ Առայժմ թիվ մեկ խնդիրը, որ պետք է լուծի իշխանությունը, քաղաքային տրանսպորտի ուղեւորավարձի բարձրացումն է եւ դրան պետք է գնալ ցանկացած ճանապարհով, միջոցների առջեւ խտրություն չդնելով։

 

Ուրիշ ի՞նչ կարող է անել իշխանությունը։ Չզարմանաք, կարող է դեկտեմբերի 28-ին կամ հունվարի 2-ին պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին։ Սա նույնպես ուշադրությունից շեղելու քայլ է, չէ՞ որ միամիտ հայ ժողովուրդը մեր գլխին եկած փորձանքների կեսը կապում է այդ մարդու անվան հետ։ Այնպես չէ, որ դրա ոտքերն ամպոտ են, բայց որ նա ոչ մեկն է միայնակ հարյուրավոր հանցագործ ծրագրեր իրականացնելու համար, փաստ է։ Հարկ եղած դեպքում կզոհաբերվի ամբողջ կառավարությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ուղեւորավարձի բարձրացումն առայժմ միակ ոսկորն է, որը չի կարողացել կուլ տալ այս իշխանությունը, հետեւաբար` նա պետք է մտածի՝ ինչպե՞ս անի, որ կուլ տալու փոխարեն այդ ոսկորը խցկի «հարազատ» ժողովրդի կոկորդը։

 

Սեյրան Հանոյան