կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 18:54
Հասարակություն

ՀԷՑ տնօրենին դուր չի գալու այս հինգշաբթին…

ՀԷՑ տնօրենին դուր չի գալու այս հինգշաբթին…

ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի 41 աշխատակիցներ, այլ աշխատողների հետ միասին, վաղը պահանջելու են ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականն ու նամակ-խնդրագիր են ուղղելու ՀՀ նախագահին` աջակցության խնդրանքով:

 

«Հայաստանում վերջերս տեղի ունեցած` էլեկտրամատակարարման խափանման պատասխանատուն ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն է, որին պետք է հենց դրա համար միանգամից հեռացնեին աշխատանքից»,- Yerkir.am-ին այսօր ասաց ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Սակարյանը: Որովհետեւ, պարզաբանեց մեր զրուցակիցը, հենց Բիբինը պետք է ենթակայանները ստուգել տար, ներդրումներ աներ, որ այդ ենթակառուցվածքները սարքին լինեին, մեխանիզմն աշխատեցվեր, բայց չի արել: Իսկ Բիբինին ոչ միայն չհեռացրեցին զբաղեցրած պաշտոնից, այլև նա է շարունակում ՀԷՑ-ի մի ամբողջ` խոշոր սպառողների դեպարտամենտը փակել եւ 41 աշխատակցի զրկել աշխատանքից:

 

Հոկտեմբերի 18-ի առավոտյան ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի 41 աշխատակիցները հանկարծ իմացան, որ արդեն գործազուրկ են: Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող «Հայկական էլեկտրական ցանցերի» խոշոր սպառողների բաժնի աշխատակիցներն այդ օրը առավոտյան ընկերության  անվատնգության աշխատակիցներից էին իմացել, որ իրենք այլևս չեն աշխատում ՀԷՑ-ում, համապատասխանաբար` անվտանգության ծառայությունը պարզապես չէր թույլատրել նրանց մուտքը իրենց աշխատանքի վայր` գրասենյակի շենք:

 

Այս դեպարտամենտը ՀԷՑ կազմում ստեղծվել է 2003 թվականին` որպես տնօրինություն, նպատակը խոշոր սպառողներին, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, բնակչությունից առանձնացնելն է: Սա էլեկտրամատակարարման վերահսկելիության բարձրացմանն ուղղված միավոր էր: Դեպարտամենտն իր բաժին սպառման ցանցն ընդունում է 18 տոկոս կորուստներով ու, ջանասիրաբար աշխատելով, կորուստների մակարդակը հասցնում 2,5 տոկոսի:

 

Սակայն 3 տարի առաջ փոխվում է ՀԷՑ-ի ղեկավարը` Հայաստանում ՀԷՑ գործադիր տնօրեն է նշանակվում  Եվգենի Բիբինը, ով հասցրել է հայտնվել լրատվամիջոցների տեսադաշտում հատկապես իր կադրային ջարդերի պատճառով: Բիբինը պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո, առանց հանդիպելու այս միավորի աշխատակիցների հետ, առանց քննարկելու համապատասխան հարցերը, մեկ օրվա մեջ վերացնում է տնօրինությունը` այն դարձնելով դեպարտամենտ ու մտցնելով իրացման տնօրինության կազմ: Այդ ժամանակ կոլեկտիվը չի հասկանում, թե ինչ է ուզում անել Բիբինը, եւ շարունակում է իր աշխատանքը` սովորականի պես:

 

Եվ մեկ էլ 2,5 տարի հետո` անցյալ ուրբաթ օրը` ժամը 3-ին, Բիբինն իր մոտ է կանչում դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Սակարյանին` իրացման տնօրինության ղեկավարի տեղակալ Աշոտ Թոխունցի հետ միասին, ու հայտնում, որ այդ դեպարտամենտն այլեւս գոյություն չունի, իսկ աշխատակիցները կրճատված են: 

 

«Ես հարցրեցի, բա աշխատողներն ի՞նչ պետք է անեն: Նա ինձ վիրավորական ձեւով պատասխանեց, թե` եթե ինչ-որ մեկը հեռացվի կամ հեռանա աշխատանքից, ու տեղ ազատվի, մեկնումեկին կվերցնենք աշխատանքի: Ես սկսեցի վիճել նրա հետ, թե` էդ մարդիկ արյուն-քրտինք են թափել, իրենց կյանքը վտանգելով` աշխատել ու ցուցանիշներ են գրանցել, էսօր Դուք իրենց հետ հենց էդպե՞ս եք վարվում: Որ վիճեցինք, նա շրջվեց Թոխունցի կողմն ու ասաց` վե'րջ, ազատման դիմումների թղթերը բաժանե'ք, թող ստորագրեն ու հեռանան աշխատանքից»,- Yerkir.am-ին պատմեց Սակարյանը:

 

Հետո նա իմանում է, որ տնօրենների խորհուրդ չի եղել, ու այդ հարցը խորհրդում չի քննարկվել: Բիբինը բանավոր կարգադրում է, որ երկուշաբթի օրը` նոյեմբերի 18-ին, ազատման դիմումի թերթիկները բաժանեն աշխատակիցներին, իսկ ինքը կիրակի օրը մեկնում է Մոսկվա` մասնակցելու տնօրենների խորհրդի նիստին, որտեղ պետք է փորձեր այդ հարցը մտցնել նիստի օրակարգ: Հենց այդ ժամանակ են աշխատակիցներն իմանում, որ իրենց դեպարտամենտը լուծարելու մասին որոշումը կամայական է եղել:

 

Դրանից հետո դեպարտամենտի աշխատակիցները գնում են ՀԷՑ գրասենյակ` պահանջելով հանդիպում Բիբինի ու նրա տեղակալ Սազոնովի հետ, բայց ոչ ոք չի հանդիպում նրանց հետ: Հետո աշխատակիցները դիմում են արհմիության ղեկավարին, ներկայացնում հարցը:

 

«Ամենից հետո ինձ զանգեց Բիբինը. նա ինձ կյանքում զանգ տված չկար: Նա ինձ ասաց, թե ինձ գործի կտեղավորի` եւս 15 հոգու հետ, միայն թե իրավիճակն ավելի չսրենք: Ես ասացի` ժողովրդին պետք է գործ տաք, ինձ գործ պետք չի, ու հեռախոսն անջատեցի»,- պատմեց Սակարյանը:

 

Բիբինի որոշման դրդապատճառն էլ, ինչպես Yerkir.am-ին պարզաբանեց ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի ղեկավարը ,պարզ է եղել: Ըստ այդմ` եթե Բիբինին հաջողվում է ցրել խոշոր սպառողների դեպարտամենտը, ապա նա կկարողանա այդ սպառողներին բաշխել ըստ այն ցանցերի ու մասնաճյուղերի, որտեղ կորուստները շատ են: Այդ խոշոր սպառողների ցուցանիշների հաշվին այդ ցանցերում կորուստների նվազում կգրանցվի: Եվ այդ դեպքում Բիբինը Մոսկվայում տնօրենների խորհրդին կկարողանա ցույց տալ, թե իբր ապահովել է կորուստների կրճատում:

 

«13 տոկոս կորուստները կդարձնի 8 տոկոս, Մոսկվային ցույց կտա, Մոսկվան էլ կասի` վայ, ապրի Բիբինը, էլ չի ասի, որ այս համակարգը կայացնող մարդկանց աշխատանքից ազատելու ու այսպիսի միջոցներով են գրանցվել էդ «հաջողությունները»,- նշեց Սակարյանը:

 

Այսպիսով` աշխատակիցները պարզել են, որ տնօրենների խորհրդում այս հարցը չի քննարկվել, իրենց դեռ ոչ ոք չի ազատել աշխատանքից, այլ դա միայն Բիբինի կամքն է: Ընդ որում` եթե անգամ բոլոր օրենքներն ու ընթացակարգերը պահպանված լինեին, միեւնույն է, սուր անկյուններ կան` ՀԷՑ-ի աշխատակիցներին ոչ ոք նախապես չի զգուշացրել կրճատման մասին, ոչ ոք չի առաջարկել վերջնահաշվարկ և այլն:

 

Մի խոսքով` աշխատակիցների բողոքի ճնշման տակ Բիբինը Մոսկվայում տնօրենների խորհրդի նիստի օրակարգից հանել է այս դեպարտամենտը լուծարելու և աշխատակիցներին կրճատելու մասին հարցը, այսօր երեկոյան էլ վերադառնալու է Հայաստան:

 

Բայց վիրավորված ու վրդովված աշխատակիցները պատրաստվում են «արժանիորեն» դիմավորել նրան: Վաղը ՀԷՑ-ի խոշոր սպառողների դեպարտամենտի աշխատակիցները բողոքի մեծ միջոցառում են պատրաստվում անցկացնել ՀԷՑ գլխավոր գրասենյակի մոտ: Այդ ակցիային մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ ՀԷՑ-ի այլ աշխատակիցներ:

 

«Արդեն մեր խնդիրը չկա, մենք ազատված չենք: Հիմա մենք պատրաստվում ենք պահանջել Բիբինի հրաժարականը: Նրանք չպետք է աշխատեն, որովհետեւ մեր համակարգը քանդեցին: Ես դիմել եմ նաեւ Մոսկվայի տնօրեններին, որ` ձեր Բիբինին տարե'ք այստեղից, նա համակարգը քանդում է: Մեր դեպարտամենտի աշխատակիցները բոլորն էլ ունեն ընկերության գովասանագրեր, պատվոգրեր: Մենք վաղը խնդրանքով կդիմենք նաեւ երկրի նախագահին, որ օգնի, քանի որ մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, այլ ոչ թե Ռուսաստանի»,- վաղվա անելիքները ներկայացրեց Ռ. Սակարյանը: