Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սանկտ Պետերբուրգում կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ. տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքի կապակցությամբ և կարևորել դրանց շարունակական խորացումը:
ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկայի տրամադրումը մեծ ոգևորություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների շրջանում, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել մատչելի և որակյալ գյուղտեխնիկա:
Իր հերթին, Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ գոհ է պայմանավորվածությունների արդյունքներից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական կապերին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանից արտահանումը Բելառուս 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 15 տոկոսով: Երկու երկրների վարչապետերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների հետագա ավելացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Միխայիլ Մյասնիկովիչը, ողջունելով Հայաստանի նախաձեռնությունը՝ անդամակցել ՄՄ-ին, հավաստիացրել է, որ բելառուսական կողմն աջակցում այդ գործընթացի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: