կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-14 11:23
Քաղաքական

Սեփական ձախողումը արդարացնելու համար միշտ էլ պետք է թշնամիներ ստեղծել և նրանց դեմ պայքարել. Արթուր Խաչատրյան

Սեփական ձախողումը արդարացնելու համար միշտ էլ պետք է թշնամիներ ստեղծել և նրանց դեմ պայքարել. Արթուր Խաչատրյան

Ես պետական ապարատից հեռացել եմ 2018-ի հոկտեմբերի 2-ին, այդ օրվա դրությամբ գոնե գյուղնախարարության կտրվածքով կարող եմ ասել, որ որևէ մեկը հեղափոխության դեմ չէր պայքարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և նա ամեն ինչ անելու է՝ այդ դիմադրությունը ջարդելու համար:

«Եթե մարդկանց առջև դնում ես ճիշտ խնդիրներ և կարող ես մարդկանց հետ ճիշտ աշխատել ու ներգրավվել խնդիրների լուծման մեջ, ապա պետական ապարատը կարող է արդյունք ցույց տալ»,- շեշտեց նա:

Իսկ թե ինչի համար են ամեն օր նոր մեղավորներ ի հայտ գալիս, հեղափոխության դեմ նոր պայքարողներ փնտրվում, Խաչատրյանն ասաց. «Ցանկացած հեղափոխությունից հետո այդպես էլ լինում է: Օրինակ՝ բոլշևիկյան հեղափոխությունը. անընդհատ գտնում էին հակահեղափոխականներ, կուլակներ, ժողովրդի թշնամիներ: Սեփական ձախողումն արդարացնելու համար միշտ էլ պետք է թշնամիներ ստեղծել և թշնամիների դեմ պայքարել»:

Ըստ բանախոսի՝ հայտարարության մյուս խնդիրն այն է, որ սրանով հիմք է դրվում պետական ապարատում էական կրճատումներ սկսելուն: «Նախորդ փուլում նախարարությունները միավորվեցին և մի քանի աշխատողներ կրճատվեցին, բայց չմոռանանք, որ անցած տարի խոսում էին հարյուր հազարավոր «ձրիակեր» մարդկանց մասին, որոնք նստած են հարկատուների ուսերին: Այս հայտարարությամբ, կարծում եմ, ցավոք սրտի, հող է նախապատրաստվում հետագա կրճատումների համար»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց՝ անցած տարի էլ էին ասում, որ պետական ապարատը պետք է կրճատեն, որովհետև նրանից արդյունք չկա: «Հիմա էլ էական կրճատումների համար հող են նախապատրաստում. կարող է՝ սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ պետական ապարատում կրճատումներ կլինեն»,- ասաց նա և ևս մեկ անգամ ընդգծեց, որ հեղափոխության հանդեպ որևէ դիմադրություն չկա:

«2018 թվականի հոկտեմբերի 2-ին մինչև ժամը տասը այդ «հակահեղափոխականների» հետ բյուջետային հայտերն էինք քննարկում և ապարատը նորմալ աշխատում էր, թե ինչ եղավ հետո՝ չգիտեմ, բայց եթե մարդկանց հետ կարողանան ճիշտ աշխատել, ճիշտ առաջադրանք տալ, ճիշտ կարողանան ներգրավել խնդիրների լուծման հարցում, ճիշտ կարողանան խրախուսել, ես համոզված եմ՝ պետական կառավարման ապարատը կաշխատի ըստ պահանջի: Ունի՞ այն բարելավման խնդիր, իհարկե ունի , ունի՞ արդյունավետության բարձրացման խնդիր՝ ունի, բայց դա չի նշանակում որ այնտեղ հակահեղափոխականների որջ է և ակահեղափոխություն է հասունանում»,- շեշտեց նա: