կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-16 13:40
Հասարակություն

Սա մեր երկիրն է, թող բոռերը հեռանան. ծրագրավորող

Սա մեր երկիրն է, թող բոռերը հեռանան. ծրագրավորող

Ծրագրավորող Արտակ Ենոքյանը կարևորում է, որ իրենց պայքարին միանան բոլոր քաղաքացիները, և տեղի ունենա մեծ համախմբում: Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ծրագրավորողների մասնկացությամբ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին, նա առանձնացրեց ակնկալիքների երկու տեսակ` վատատեսականի դեպքում` եթե իրենց բողոքը տեղ չհասնի, ապա ուղեղների արտագաղթը ավելի կուժեղանա, ձեռնարկություններին ձեռնտու չի լինի այլևս Հայաստանում գործել, հետևապես`  ծրագրավորողների հետ միասին կարտագաղթեն նաև ձեռնարկություններ: Իսկ լավատեսականի դեպքում` Արտակ Ենոքյանի խոսքով` «սա մեր երկիրն է, և մենք կհաղթենք, թող բոռերը հեռանան»:

 

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցավ ծրագրավորողների բողոքի զանգավածային ակցիա: Բողոքն ուղղված էր կառավարության ներկայացրած կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ: Երեկ նաև Հանրապետական խմբակցության բոյկոտի արդյունքում չկայացավ այն արտահերթ նիստը, որում բարձրացվելու էր վերոնշյալ խնդիրը: Արտահերթ նիստը նախաձեռնել էր ՀՅԴ խմբակցությունը, որին միացել էին ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ խմբակցությունները, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը:

 

Արտակ Ենոքյանը կարծիք հայտնեց, որ ծրագրավորողները կարող են նույնիսկ ստվերում նույն գումարը աշխատել, այդ դեպքում կառավարությունը կմնա այդ ոլորտում գլուխ գովելու հնարավորությունից զուրկ։ Նա առաջարկում է կոշտ քայլերի դիմել, զանգվածաբար գործադուլ անել կամ ինչ-որ կերպ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել: Անդրադառնալով երեկվա պայքարին ԱԺ ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, նա կարծիք հայտնեց, որ քաղաքացիներից շատերը վերապահումով են մոտենում այդ հարցին, քանի որ քաղաքական միավորները վատնել են իրենց վստահությունը, բայց նա նաև համարում է, որ նույն քաղաքացիները չպետք է զրկեն քաղաքական ուժերին ուշքի գալու և վերաձևավորվելու հնարավորությունից:

 

«Թող միանան բոլորը. սա համահայկական գործ է, միայն համընդհանուր պայքարով է ինչ-որ բան հնարավոր փոխել, հատ-հատ բոլորին էլ կհաղթեն, բայց որ գյուղ կանգնի, գերան կկոտրի»,- ասաց Արտակ Ենոքյանը: Նրա կարծիքով` բոլորը պետք է հասկանան, որ ոչ թե պետք է գործել «իմ ախպոր» համար` 5000-10000 դրամով ձայները վաճառելով, այլ գիտակցեն, որ այսօրվա ամեն մի որոշումը վաղը մի ամբողջ սերունդի վրա է անդրադառնալու, ուստի քաղաքացու ձայնը շատ կարևոր է: «Պետք է համախմբվենք մեկ օր առաջ, ոչ թե Սարդարապատի կամ Վարդանանցի ժամանակների պես՝ ամենավերջում, երբ արդեն տեղ չկա նահանջելու: Պետք է հենց հիմա կանգնել ոտքի»,- ասաց Արտակ Ենոքյանը: