կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 16:03
Առանց Կատեգորիա

"Օրինական" արտագաղթ

"Օրինական" արտագաղթ

Օրերս ավարտվել է 2013 թվականի «Գրին քարտի» խաղարկությունը, որը մեկնարկել էր դրանից մեկ ամիս առաջ, սակայն խաղարկության «շունչը» դեռ կայքերում պահպանվում է: Ինտերնետային կայքեր մտնելիս հաճախ էջի ողջ լայնքով հայտնվում է պատահական գովազդ, որում քարտի լրացման ծառայություններ են առաջարկվում։ Կարծում ենք՝ տեղին է անդրադառնալ վիճակախաղին, որը երկրից հավիտյանս փախչելու օրինական միջոցներից է: Իսկ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ երկրից փախչելու համար գործի են դնում հնարավոր ու անհնար բոլոր միջոցները: Սովոր ենք արդեն ամերիկյան եւ եվրոպական երկրների դեսպանատների մոտ մշտապես գոյացող հերթերին:

 

 

«Բազմազանության արտոնագիրը» կամ, ինչպես ընդունված է ասել, «Գրին քարտը» ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ իրականացվող ներգաղթի  արտոնագրի ամենամյա վիճակախաղ է, որը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից եւ կոչված է ապահովելու «ներգաղթողների բազմազանությունը»: Այս օրենքի համաձայն` ամեն տարի մշտական բնակության` առավելագույնը  55.000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ստանալ: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին: Միայն 2011թ. մասնակցության հայտ էր ներկայացրել 15 միլիոն մարդ: 18-ամյա պատմություն ունեցող այս վիճակախաղում արդեն մոտ 800 հազար մարդ է շահել, որոնցից 19,5 հազարը՝ Հայաստանից:

 

«Գրին քարտ»-ի խաղարկությանը մասնակցող ՀՀ քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրություն ԱՄՆ դեսպանատունը չունի, սակայն հայտնի է, որ շահումների մասով տարածաշրջանում առաջատար ենք: 2011 թվականի վիճակախաղի արդյունքում` Հայաստանից շահել է 1200 մարդ: Եվս 1000 մարդ շահել է 2012 թվականին, այս ցուցանիշով ԱՊՀ երկրներում առաջին տեղն ենք գրավում` բնակչության ընդհանուր թվի հաշվարկով: 2011 թ. Վրաստանից շահել է մոտ 700, Ադրբեջանից՝ 350 մարդ, Ռուսաստանից՝  2400 մարդ: 50 միլիոն իսպանացիներից, օրինակ, 2012 թվականին շահել էր ընդամենը 230 մարդ, 10 միլիոն շվեյցարիացիներից' 200 մարդ, 80 միլիոն գերմանացիներից' 1800 մարդ, 25 միլիոնանոց  Ուզբեկստանից' 4800 մարդ:

 

Շահողներից ոմանք, հնարավոր է, չբավարարեն արտոնագրի ստացման պահանջները, ոմանք էլ կարող է չցանկանան դիմել` արտոնագիր ստանալու համար: Մեր քաղաքացիների շրջանում կա տեսակետ, թե, «Գրին քարտ» շահելով, արդեն ԱՄՆ քաղաքացի են եւ պետք է գնան այնտեղ, ստանան բնակարան, աշխատանք եւ այլն: Այնինչ խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացում: Հաղթողները պետք է հաղթահարեն նաեւ հարցազրույցի փուլը: Այս ծրագրով վիզա ստացողներին որեւէ աջակցություն, ինչպիսին կարող է լինել ճանապարհածախս  հոգալը, բնակարանով ապահովելը, սուբսիդիաներ տրամադրելը,  չի նախատեսվում:

 

Եթե շահել եք վիճակախաղում եւ ներգաղթի վիզայի դիմում եք ներկայացնում, ապա պետք է կարողանաք հավաստիացնել, որ դուք պետության ուսերին բեռ չեք դառնալու, կարողանալու եք ինքներդ հոգալ ձեր կենսաապահովման ծախսերը: Որպես ապացույց` կարող եք ներկայացնել Ձեր ունեցած միջոցները, ԱՄՆ-ում բնակվող ազգականի կամ բարեկամի կողմից Ձեզ աջակցելու մասին պարտավորագիր կամ ամերիկյան գործատուից ստացված աշխատանքային առաջարկ:

 

«Գրին քարտ» խաղարկությունը դադարեցնելու նախաձեռնություններ բազմիցս են եղել: Այժմ էլ Կոնգրեսի երկու կուսակցությունները պնդում են, որ ոչ թե բոլորին` պատահականության սկզբունքով, պետք է տալ ԱՄՆ-ում ապրելու հնարավորություն, այլ կենտրոնանալ  գիտության եւ տեխնիկայի ոլորտում գիտական աստիճաններ ունեցող անձանց վրա, տալ մասնագիտական արտոնագրեր, ընդունել մարդկանց, ովքեր կարող են, խելքը գործի դնելով, աշխատատեղեր ստեղծել:

 

Իհարկե, քաղաքացին ինքն է որոշում` որտեղ ապրի, իսկ մենք մտահոգված ենք, որ այդպես կորցնում ենք մեր քաղաքացիներին, իսկ մեծ մասամբ' մասնագետ քաղաքացիներին: Խնդիրը միայն ԱՄՆ-ը կամ «Գրին քարտը» չէ, կան բազմաթիվ այլ ծրագրեր՝ տարբեր երկրների կողմից իրականացվող: ՀՀ-ի ու Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի շուրջ ընթանում են բանակցություններ, եւ այս պայմաններում հարց է առաջանում՝ եթե բացվեն բոլոր սահմանները, եւ դյուրացվեն պայմանները  որքա՞ն մարդ կմնա Հայաստանում:

 

Հարց է նաեւ՝ արդյո՞ք մեղավոր են այն պետությունները, որոնք խլում են մեր քաղաքացիներին, թե՞ մեղավոր է մեր երկրի կառավարությունը, որ, քաղաքացուն պահել չկարողանալով, «արտոնում է» գնալ ուր աչքը կտրի՝ «յուրաքանչյուր մարդ ունի ազատ տեղաշարժի իրավունք» մշտական հիմնավորմամբ: Խոսքը բնավ սահմանադրական այդ դրույթի իրավացիությունը քննարկելու մասին չէ, այլ այն, որ մեր կառավարության եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները երկրից փախուստի դեմն առնելու փոխարեն պնդում են, թե չեն կարող մարդկանց ազատ տեղաշարժն արգելել:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ