Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վերջին հարյուրամյակում սահմանահատումների արդյունքում Հայաստանում միայն երկու անգամ է բնակչության աճ գրանցվել` առաջինը եղել է 1940-ականներին` հայրենադարձության ժամանակաշրջանում, իսկ երկրորդը` Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում, երբ Ադրբեջանից մեծ թվով հայեր գաղթեցին: Մյուս տարիներին մեկնողներն ավելի շատ են եղել, քան եկողները:
«2008 թվականին մեկնողների եւ չվերադարձածների թիվը 22–23 հազար է եղել, իսկ 2009-ին` 25 հազար, անցյալ տարի` 29-30 հազար, իսկ այս տարի 30 հազար կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, ըստ որի` դեռ 2007-ին հետազոտություն է հրապարակվել, որ 2002–2007 թվականներին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 205 հազար մարդ:
«Առավել մտահոգիչ է այն, որ մեկնողները մեծ մասամբ կոնկրետ սեռատարիքային խմբից են` 20–50 տարեկան աշխատունակ եւ վերարտադրողական տարիքում գտնվող տղամարդիկ: Դրա հետեւանքով փոխվում է մեր բնակչության սեռատարիքային կազմը, նվազում է աշխատունակ, վերարտադրողական տարիքի բնակչության տեսակարար կշիռը, խաթարվում է սեռատարիքային` տղամարդ-կին խմբերի բաշխման կառուցվածքը: Սրա հետեւանքով է նաեւ, որ հանրապետությունում վերարտադրողականության` ծնելիության ցածր մակարդակ կա»,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ միգրանտները հիմնականում մեկնում են Ռուսաստան: Մի քանի տարի առաջ փորձնական ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն է կատարվել եւ պարզվել է, որ միգրանտները նախընտրում են եվրոպական երկրները, սակայն այդ երկրները ավելի թանկ են եւ կան խնդիրներ` կապված վիզային ռեժիմի, փաստաթղթերի հետ, իսկ Ռուսաստանն ավելի մատչելի է:
Լրագրողների այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք կաշխատեն ՌԴ օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում միգրանտներն ավելի բարեկեցիկ կյանք կունենան, Ռ. Եգանյանը նշեց. «Ես վստահ չեմ, եւ ինձ թվում է, որ նրանք էլ վստահ չեն: Ես վերջերս եղել եմ Մոսկվայում եւ հանդիպել եմ իմ գործնկերներին: Նրանք կարծում են, որ գործընթացն արդեն տապալված է: Դա մեզ համար փոքր մխիթարություն է: Եթե նրանք այդ ծրագիրը կարգավորեն, եթե լուրջ գումարներ տրամադրեն այդ ծրագրերին, ապա դրանք Հայաստանի համար կդառնան խիստ վտանգավոր»:
Բանախոսն անդրադարձավ նաեւ խնդրի քաղաքականացված շահարկումներին. ընդդիմությունը արտագաղթողների ուռճացրած թվեր է ներկայացնում, իսկ իշխանությունը` ավելի մեղմ, սակայն ժողովրդագիրը նշեց, որ քաղաքական շահերից դրդված այս թվերը էական ոչինչ չեն փոխում. «Թվերի խաղը` շատը, քիչը, ավելին, ինձ բոլորովին հետաքրքիր չէ: Նախ` ես կարծում եմ, որ այդ թվերը իրականում եղած պատկերից շատ չեն տարբերվել: Երկրորդ` այն ինչ մենք ունենք, արդեն իսկ այնքան մտահոգիչ է, որ արհեստական ձեւով սրելը բոլորովին իմաստ չունի»:
Հայկ ԿԻՍԵԲԼՅԱՆ