Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաղանիսցի Սոնյա Բեգլարյանը ընդարձակ տուն ունի , բայց վերջին շաբաթներին հյուրասենյակի պատի տակ` հատակին է քնում: Գիշերային ոչ մի գնդակոծություն նրա տունը չի շրջանցում :
«Ամբողջ գիշեր կրակեցին , էնա ընդեղ փամփուշտը ծակեց, բայց չընկավ»,-ասում է տիկին Սոնյան և ցույց տալիս առաստաղի ճաքը: Բեգլարյանների տան պատերը լի են հակառակորդի հետքերով` «լռված» կամ տեղ հասած փամփուշտերով:
«Աստված չանի դրանց տակով անցնեք, վզզզզ..». կինը հատկապես գիշերն ակտիվացող կրակոցների մասին խոսում է սարսափով, սակայն սեփական տունը, որ ուղիղ ադրբեջանական դիրքերին է նայում , լքել չի պատրաստվում.
«Առաջին տունը հենց իմն ա , ոչ մի անգամ ոչ դուրս ենք եկել, ոչ դուրս ենք գալու»:
Գիշերը, որ ժամին, ում տունն է գնդակոծվել…. Բաղանիսի առավոտը բացվում է քննարկումներով` գյուղի կենտրոնում և զայրույթով : Շատերը նկուղներում են պատսպարվում, մի քանի ընտանքիներ երեխաներին տեղափոխել են ավելի անվտանգ գյուղեր, դրանից էլ այլ հարցեր են բացվում .«Ուրիշի տանն ինչքան մնան , խոշոր ուտող էրեխեք են»,- Աննա Բայրամյանը անորոշ այս վիճակից ելք է ուզում:
«Գյուլլեն գեղիցը դուրս չի գալիս »,-վերջին շրջանի իրավիճակն է ներկայացնում Սուրիկ Ավագյանը: Չդադարող կրակոցների պատճառով գյուղի հարյուր հեկտար վարելահողերը արոտավայրի ու խոտհարքի են վերածվել` այն էլ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ: Ութ հեկտար ցորեն ունեն, հնձել չեն կարողանում: Մարուսյա Ղոզանյանը գյուղի կենտրոնում մոլորված - կանգնած է. ութսունամյա ամուսինը կարտոֆիլի դաշտում է . «եկավ ոչ», կինն անհանգիստ է: Ամիսների չարչարանքը` բերքը հաճախ դաշտում է մնում : Բաղանիսցիներին մնում է փառք տալ Աստծուն ` իրենց մի բան չլինի…
Վերջին օրերին պարբերաբար կրակաերթի տակ է հայտնվում Երևան -Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար –Բաղանիս հատվածը : Շրջանցիկ ճանապարհն էլ է հաճախ գնդակոծության տակ: Երբ սահմանագոտին անհանգիստ է, գյուղացիներն իրենք էլ զանգով, ձեռքի շարժումով կանխում մեքենաների ռիսկային երթևեկը :
«Մեր հույսը բանակի հետ ենք կապում »,-ասում է գյուղամեջում նստած Սուրիկ Ալեքսանյանը և պատմում բանակին օգնելու իրենց ցանկության մասին : Գյուղի տղամարդիկ ջոկատ են կազմում : «Պատրաստ կսպասենք»,- ասում է Սուրիկ Ալեքսանյանը :
Գյուղապետ Նարեկ Սահակյանն ինքն էլ հասկանում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» . այս անորոշ վիճակն է հունից հանում մարդկանց . «Իմանան պատրազմ է, իրենց փայ գործը երկրի համար անեն, իմանան խաղաղություն է, անցնեն առօրյա գործերին »: Այնուամենայնիվ գյուղից այս անհանգիստ շաբաթների ընթացքում էլ հեռացողներ չեն եղել : Այս մասին համայնքապետը հաճույքով է խոսում. «Մեր բանակին ժողովուրդը փոքր էրեխու պես սիրում ա ու վստահում»:
Երիտասարդ գյուղապետը հույս ունի `կրակահերթերը ժամանակավոր են, բայց դրանց ավարտին չի սպասում ` երբ գործը գյուղի հոգսերը լուծելուն է վերաբերում: Այս շաբաթ սկսել են ոռոգման նոր ջրագծի անցկացումը : 54 հեկտար տնամերձ շուտով մշտական ջուր կստանա: Անցյալ տարի ջուր հասցրեցին գյուղի խաղողի այգիներին : Սեպտեբերից նախակրթարանը կընդունի գյուղի 25 փոքրիկներին : «Յալգեզյան» հիմնադրամը , Շենը, ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյանը Բաղանիսի անդավաճան բարերարներն են: Սակայն այս տարածաշրջանի գյուղերի մշտական այցելուն, աջակիցը պաշտպանության նախարարն է : Գյուղը սահմանային լարվածության այս օրերին այլ պաշտոնյա այցելուներ ունեցավ : Նարեկ Սահակյանը նկատում է. « Միշտ պիտի գան, ոչ թե լարված ժամանակ»:
Այժմ գյուղապետը միջոցներ է փնտրում հանդիսությունների սրահի կառուցման համար.. հարսանիք, բանակի քեֆ անելու տեղ չունեն : Բաղանիսը գյուղապետին ոգևորում է հատկապես այն, որ արտագաղթ այստեղ չկա, ` ոչ կրակոցներից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո : Անցյալ տարի հունիսին երկու ընտանիքներ հեռացան ` Ռուսաստանում մշտապես հաստատվելու մտադրությամբ, բայց օգոստոսին վերադարձան:
Այս օրերին էլ զարմանալիորեն գյուղից չեն հեռացել հովեկները : Հիմնականում դպրոցահասակ երեխաներ, որ Բաղանիս` տատիկ-պապիկի տուն են եկել ամառային արձակուրդն անցկացնելու : Նրանց թեման էլ կրակոցներն են , իրար հերթ չտալով պատմում են կռիվ կինոյի նմանվող արձակուրդի մասին : Ասացին ` հաջորդ տարի հանգստի ուղղությունը նույնն է լինելու. Բաղանիս: Նրանցից ամենախորամանկը վեցամայ Արեն Հարությունյանն է : Կրակոցներին հյուր գալու իր արկածախնդրությունը արդարացնում է միամիտ հայացքով ասելով . « Ես բան էլ չեմ լսում»: