|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ԲՀԿ խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում Արարատի քաղաքապետի ընտրությունները որակեց «աննախադեպ»: Մասնավորապես, նրա խոսքով, ՀՀ պատմության ընթացքում Հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ռեսուրսների կենտրոնացում մի համայնքում երբևէ չէր եղել, անգամ` համապետական ընտրությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ Արարատի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակով: Ներկայացված էին երկու թեկնածուներ` ՀՀԿ կողմից առաջադրված Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ընտրություններում արձանագրվել են խախտումներ, համատարած էին անկյունները ծալած քվեաթերթիկները, ինչը արձանագրել են բոլոր լրատվամիջոցները: Եղել են մարդիկ, ովքեր նկարահանել են իրենց քվեաթերթիկները, բացի այդ` ընտրություններին նախորդող շրջանում եղել է ոստիկանական ռեսուրսի աննախադեպ ակտիվություն:
«Եթե իշխանության համար ինքնանպատակ է մի քանի ձայնի առավելությամբ, ցանկացած գնով հաղթանակ տանել այնպիսի քաղաքում, ինչպիսին Արարատն է, ի՞նչ ասեմ»,- նշեց Ուրիխանյանը:
Անդրադառնալով ընտրությունների նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթին, ով եկել էր սատարելու ՀՀԿ թեկնածուին, նա կարծիք հայտնեց, որ այդ ելույթները եղել են քարոզչության շրջանակներում, սակայն լավ կլիներ, որ բոլորը մտածեին ոչ թե այդ ելույթների, այլ ընտրողի ազատ կամաարտահայտման մասին և տեսանելի ճնշումների մասին` լծակների կենտրոնացում, աշխատանքից ազատելու սպառնալիք և այլն:
Դիտարկմանը, որ աշխատանքից ազատելու ճնշումները վերագրում էին հենց ԲՀԿ թեկնածուին, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Դժվար չէր ճշտել, ցանկացողները կարող են ճշտել: Մենք բազմիցս հերքել ենք այդ տեղեկությունները»: