կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 16:26
Հասարակություն

«Էյր Արմենիա»-ի ներդրողը «վայրենություն» է որակում Արսեն Ավետիսյանի հետ կատարվածը

«Էյր Արմենիա»-ի ներդրողը «վայրենություն» է որակում Արսեն Ավետիսյանի հետ կատարվածը

«Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր, ուկրաինացի գործարար Վլադիմիր Բոբիլյովը «վայրենություն» է որակում գործընկերոջ՝ Արսեն Ավետիսյանի հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպը, որում շրջանառվում է հանրապետական գործարար Ռուբեն Հայրապետյանի անունը. հայտնում է «Ազատություն»-ը:

«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում East Prospect ներդրումային ընկերության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի իշխանություններից ակնկալում են այնպիսի լուծում, որն այսուհետ կբացառի «ուժային մեթոդներով հարցեր լուծելու հնարավորությունը»։

«Մեր հիմնադրամը միջազգային է, մենք ներդրումներ ենք անում աշխարհի տարբեր երկրներում, նաև այնպիսի պետություններում, որտեղ բռնապետական կարգեր են տիրում, ներդրումներ ենք անում երկրներում, որտեղ թե՛ մենթալիտետով, թե՛ բիզնեսի նկատմամբ իրենց վերաբերմունքով մարդիկ տարբերվում են այն ամենից, ինչին մենք սովոր ենք այստեղ՝ Եվրոպայում:

Եվ այդուհանդերձ, ոչ մի տեղ այսպիսի վայրենություն, այո՝ չեմ վարանի ասել՝ վայրենություն, չի եղել: Անշո՛ւշտ, մենք հույս ունենք, որ հարցը բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կստանա, անշո՛ւշտ, մեր կարծիքով նման միջադեպերը բարեփոխված, ժողովրդավարական Հայաստանում չպետք է տեղի ունենան: Եվ առհասարակ՝ որևէ երկրում նման բան չպետք է լինի», - ասել է Բոբիլյովը։

Միջազգային հիմնադրամը, որն ամիսներ առաջ պատրաստակամություն էր հայտնել միլիոնավոր դոլարների ներդրում անել սնանկացման եզրին կանգնած «Էյր Արմենիա» ընկերությունում, չի ցանկացել մանրամասնել, թե ինչ է իրեն հայտնի Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպից, բայց ընդգծել է՝ Եվրոպայում և լուրջ բիզնես ծավալող ընկերություններում ընդունված չէ խնդիրները լուծել դատարանից դուրս։

«Որոշակի զարգացումներ կան արդենև հույս ունենք, որ ամենամոտ ապագայում այս հարցը իր տրամաբանական լուծումը կստանա, եւ դա կլինի այնպիսի լուծում, որ այլևս երբեք որևէ մեկը չի կարողանա ուժային մեթոդներով «Էյր Արմենիա» ընկերությանը և մեր ֆոնդին առնչվող հարց լուծել», - նաև ասել է նա։

Քննադատելով և մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ՝ East Prospect-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ այդ միջադեպը չի ազդի Հայաստանում, մասնավորապես՝ «Էյր Արմենիա» ընկերությունում ներդրումներ կատարելու իրենց մտադրության վրա։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի