կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-09 11:52
Մշակույթ

Հայկական մշակույթը զարգացման նոր փուլ է ապրում. Ալեքսեյ Լյուբիմով

Հայկական մշակույթը զարգացման նոր փուլ է ապրում. Ալեքսեյ Լյուբիմով

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հերթական համերգը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես եկավ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը: Համերգը ղեկավարում էր գերմանացի դիրիժոր Ստեֆան Վիլլիխը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ Ալեքսեյ Լյուբիմովը ամենասպասված երաժիշտներից է, որը համաշխարհային ասպարեզում կարողացել է իր ինքնատիպ ձեռագիրը թողել. «2000թ. Ալեքսեյ Լյուբիմովը փառատոնի առաջին մասնակից ընկերս էր, ինչն ինձ համար խորհրդանշական է»:

 

Լյուբիմովն էլ նշեց, որ շնորհակալ է հրավերի համար, քանի որ Հայաստան գալն իր համար տոն է:

 

«Հայերն ու Հայաստանն ինձ հոգեհարազատ են դեռ մանկուց, ինձ միշտ զարմացրել եւ հիացրել է հայերի տոկունությունն ու պայքարը` հանուն լավի: Չնայած մի շարք դժվարություններին` դուք միշտ առաջ եք շարժվել` դրանով իսկ մեծ ու խոշոր ազգերին օրինակ ծառայելով: Դրա համար էլ կարող եմ փաստել` հայկական մշակույթը զարգացման նոր փուլ է ապրում»,- ասաց նա` հավելելով, որ ողջունելի է նաեւ այն փաստը, որ հայերը կարողանում են պահպանել ավանդույթները:

 

Ի դեպ, Լյուբիմովը հեշտ չպրծավ հայ հանդիսատեսի ձեռքից` երկու բիս կատարեց:

 

Ստեֆան Վիլլիխը նույնպես առաջին անգամ չէր Հայաստանում. 3 տարի առաջ նա կրկին փառատոնի հյուրն էր: Վիլլիխը հաջող գործունեություն է ծավալում երաժշտության եւ բժշկության բնագավառներում՝ ղեկավարելով բացառապես բժիշկներից կազմված նվագախումբ. 2007-ին հիմնադրել է Բժիշկների համաշխարհային նվագախումբը: «Ես հիանում եմ Հայաստանով: Երեք տարվա մեջ շատ բան է փոխվել. Հայաստանը տարեցտարի ծաղկում է»,- ասաց նա:

 

Վիլլիխը նշեց նաեւ, որ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը ամենաֆանտաստիկ երաժշտական իրադարձություններից մեկն է: Իսկ թե հայ կոմպոզիտորներից ո՞ւմ գործերն է նախընտրում կատարել, պատասխանեց` Տիգրան Մանսուրյանի: 

 

Ծրագրում հնչեցին Բեթհովենի «Կորիոլան» օպերայի նախերգանքը, Մոցարտի «Դաշնամուրային կոնցերտ» թիվ 27-ը, Վագների «Մայստերզինգեր» օպերայի նախերգանքը եւ Շտրաուսի «Մահ եւ ձեւափոխարկում» ստեղծագործությունները:

 

Ի դեպ, Ալեքսեյ Լյուբիմովը եւ Ստեֆան Վիլլիխը պարգեւատրվել են ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: