Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանությունից հետո տեղեկություն տարածվեց, թե իբր նրա սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել և մի քանի օր առաջ էլ համաներմամբ ազատ արձակվել: Նույն օրը թե' արդարադատության նախարարությունը, թե' ոստիկանությունը հերքեցին այդ լուրը` նշելով, որ մեղադրյալը բանտից ազատվել է դեռևս այս տարվա փետրվարի 22-ին: Հիշյալ կառույցները լրատվամիջոցներին հորդորեցին անտեղի «չմրոտել համաներման էությունը»: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ համաներմամբ պատժի կրումից ազատվածների կողմից նոր հանցանքներ գործելու վերաբերյալ փաստերն այլ բան են վկայում:
Yerkir.am-ի տեղեկություններով` բոլորովին վերջերս համաներմամբ ազատ արձակված երեք երիտասարդ խմբակային ավազակային հարձակում են կատարել և կրկին հայտնվել կալանավայրում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանն էլ հայտնեց, որ իրենք ճշգրիտ տվյալներ չունեն, թե վերջին համաներմամբ ազատ արձակվածներից քանիսն են նոր հանցագործություններ կատարել, սակայն չբացառեց, որ համաներմամբ ազատ արձակվածների մեջ եղել են նման անձինք:
ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից, երեկվա դրությամբ, ազատ է արձակվել 616 դատապարտյալ: Սա այն դեպքում, երբ պատկան մարմինները հավաստիացնում էին, որ համաներմամբ ազատ արձակվածների թիվը չի գերազանցի 600-ը: