|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ապահով
«Զրոն ինչով էլ բազմապատկես՝ զրո է լինում»,- ի պատասխան ԱԺ-ում Լևոն Զուրաբյանի արած մի հայտարարության՝ ասել է ՀՀԿ-ի ջահել իմաստունը: Բայց պարոն Շարմազանովը, կարծես, այնքան էլ իմաստուն բան չի ասել, որովհետև, դիցուք, իշխանության խոստումները կարելի է բազմապատկել ժողովրդի բարեկեցության զրոյով և արդյունքում ստանալ ոչ թե զրո, այլ... Ապահով Հայաստան:
Մեծ ու փոքր
Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին՝ Պլասիդո Դոմինգո կրտսերը, նոյեմբերի վերջին, որպես հյուր, կմասնակցի Երևանում կազմակերպվող դասական երաժշտության շաբաթին: Երևանի քաղաքապետարանում այդ այցին արդեն իսկ նախապատրաստվում են, ընդ որում՝ լրջորեն. փորձանքի մեծ ու փոքրը չի լինում:
Խորհուրդ
Որքան էլ անհավատալի թվա, բայց վոլեյբոլի արքա Արթուրից հետո մարզական որևէ ֆեդերացիայի նախագահ դառնալու երազանք ունի ինքը` օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա մամուլի քարտուղարը թեև եռանդագին հերքում է այս լուրերը, սակայն, միևնույն է, դրանք տարածվում են լույսի արագությամբ, և հիմա նույնիսկ հեռավոր գյուղերում գիտեն, որ Գագիկն ուզում է Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Հայաստանի ֆեդերացիա, ինքն էլ նստել նախագահ: Ասում են` այդ կերպ նախագահ դառնալու խորհուրդը «պարոն Գագիկ Ծառուկյանին» Նաիրա Զոհրաբյանն է տվել:
Տրետյակ
Ձողացատկի ֆեդերացիայի նախագահի նկրտումներ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրերս, գործին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու նպատակով, նա պաշտոնական ընդունելություն է կազմակերպել աշխարհահռչակ Սերգեյ Բուբկայի համար: ՀՀԿ ծերակույտը, սակայն, որոշմանը համաձայն չէ, որովհետև այն կարող է վարակիչ դառնալ իշխանական դասի համար. բա որ նախագահն էլ, շախմատի փառավոր ֆեդերացիան թողած, ուզենա տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ դառնալ:
Աներձագ
Տարոն Մարգարյանի աչքն էլ, իբր, նարդու ֆեդերացիայի նախագահի աթոռի վրա է: Կողքից ինչքան բզում են, թե` գոնե շաշկու ֆեդերացիան վերցրու, ասում է` չէ, նարդին անշառ խաղ է, ոչ մտածել կա, ոչ բան. զառ է` գցի: Ասում են` աներձագը նույն կարծիքին է:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ