կարևոր
1234 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-02 00:40
Հասարակություն

Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը

Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը

Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել: 

Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգեւորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և «Նռնօրհնեքի» կարգ են կատարել։ Այս մասին հայտարարություն է տարածել  ՀԱՍԵ Արագածոտնի թեմը։

«Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է, որ 2026թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին իր անձը պետք է ներկայացվի, որպես Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ Պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: 

   Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում է 
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ու նրա կողմնակիցներին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն: Եվ ամենակարեւորը. Հայ Եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը:

Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։ Եկեղեցի ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ 

Սուրբ Եկեղեցու անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։

Տերը օգնական հայոց ազգին»,- նշված է Արագածոտնի թեմի հայտարարությունում։