կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 18:15
Հասարակություն

Բաժնի պետն ու տարածքի տեսուչն ազատվել են աշխատանքից. Երևանի քաղաքապետարան

Բաժնի պետն ու տարածքի տեսուչն ազատվել են աշխատանքից. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 26 դեպք: 

14 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Միաժամանակ, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների մասով նախորդ շաբաթ Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը և տեսուչներից մեկն ազատվել են աշխատանքից, իսկ Ավան վարչական շրջանի համապատասխան բաժնի և քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման վարչության մեկական աշխատակիցներ էլ ենթարկվել են կարգապահական տույժերի:

 «Շուրջ մեկ ամիս է, ինչ աշխատակազմի վարչությունները ներկայացնում են նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունները, որի շրջանակում լսում են նաև իմ դիտարկումներն ու մոտեցումները: Ի դեպ, առաջինը հենց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը ներկայացրեց հաշվետվությունն, ու ես բառացի ասացի, որ ապօրինաշինության ցանկացած դեպք, որը ոչ թե մի քանի օրվա, այլև երկարաժամկետ բացթողման արդյունք է, պետք է կարգավորվի՝ պատասխանատվության ենթարկելու միջոցով: Նոր Նորքի պետի և տվյալ տարածքի տեսուչի ազատումը հենց դրա տրամաբանական հետևանքն է: Զգուշացումն արվե՞լ է, այո՛, ուրեմն բարի եղեք նորմալ աշխատել: Ու սա վերաբերում է բոլորին: Այն աշխատակիցները, ովքեր իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարի, նույնպես կազատվեն աշխատանքից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն