Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանությունը Երեւանի կենտրոնում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում:
Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը:
Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան:
Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Կան տուժած ոստիկաններ:
Կատարվում է դեպքի վայրի զննություն:
Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: