Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կունենանք լոմբարդային բյուջե, որովհետև գումարների զգալի մասն ուղղվում է դեպի ապահովագրական գործակալություններ, հիմնադրամներ, միջնորդավորված ինչ-որ գործակալություններ, իսկ` ինչ է լինելու այդ գործակալությունների գործառույթը, մենք մեր դառը փորձից գիտենք»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` գնահատելով 2014թ. բյուջեի նախագիծը: Նրա խոսքով` այդ բյուջեն, ըստ էության, անհեռանկարային է, քանի որ 100 միլիարդ դրամի ավելացումը, որը ձևավորվելու է ոչ թե հարկային բեռի, այլ ստվերի կրճատման հիման վրա, առանձնապես հավատ չի ներշնչում:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ կառավարության քաղաքականությունը ստվերի կրճատման ուղղությամբ արդյունավետ չի լինելու, որովհետև այն դառնալու է գործիք հարկային վարչարարություն իրականացնելու գործում, երբ մտնելու են կոնկրետ տնտեսվարողների մոտ:
«Բյուջեն հեքիաթների ժողովածու չէ կամ բեստսելլեր, որ լինի դրական: Բյուջեն պետք է լինի իրատեսական փաստաթուղթ, իսկ այս տարվա բյուջեն, ինչպես և նախորդները, այդպիսին չեն»,- ասաց Նաիրա Զոհրանյանը: Նա նշեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները ակտիվ մասնակցել են բյուջետային քննարկումներին, սակայն նրանց կողմից բարձրացված հարցերը սպառիչ պատասխաններ չեն ստացել: ԲՀԿ խմբակցության պատգամավորները առանձնապես զարմացած չեն, որովհետև այս կառավարությունից այլ պատասխաններ հնարավոր չէ ակնկալել:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի` չի կարող մի կառավարություն, որը երկիրը տարել է փակուղի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, ադեկվատ պատասխաններ ունենալ իր արածների ու չարածների համար, իսկ ադեկվատ պատասխանը այն պետք է լիներ, որ իրենք պետք է խոստովանեին իրենց պարտությունը: Մնացած պատասխանները, պատգամավորի խոսքով, արդարացումների շարքից են, երբ ցանկացած ձախողում շատ հանգիստ վերագրում են ոչ թե հայրենի կառավարությանը, այլ արտաքին ռիսկերին, մասնավորապես` Հայաստանի տնտեսական պարտնյորներ Ռուսաստանին ու ԵՄ-ին: Պատգամավորը նշեց, որ մինչև բյուջեի նախագծին քվեարկելը ԲՀԿ խմբակցությունը ևս մեկ քննարկում կանցկացնի:
«Ես հիմա չեմ ցանկանում կանխորոշել ԲՀԿ խմբակցությունում քննարկումները քվեարկության վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի 2014թ. բյուջեին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: