կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 17:46
Արցախ

Ղարաբաղյան դիվանագիտությունն իր պտուղներն է տալիս

Ղարաբաղյան դիվանագիտությունն իր պտուղներն է տալիս

Արդեն տեղեկացրել ենք, որ  հոկտեմբերի 17-ին Հեսսեն դաշնային երկրամասում նշվել է Հայաստանի Անկախության տոնը: Վերջերս այնտեղ Հայաստանին եւ հայ-գերմանական կապերին վերաբերող եւս մի կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. Բերգշտրասե շրջանի լանդրատի եւ  տնտեսական խորհրդի պաշտոնական հրավերով Հեսսեն դաշնային երկրամաս է այցելել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Հեպենհեյմ քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել ընդունելություն` ի պատվի բարձրաստիճան հյուրի եւ Արցախի ու Հայաստանի պատվիրակության, որի կազմում, բացի ԼՂՀ վարչապետից, ընդգրկված են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վանո Ավանեսյանը եւ Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

 

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել Հեսսեն երկրամասում Հայաստանի պատվավոր հյուպատոս` դոկտոր Բրայան Ֆերան եւ լանդրատ Մաթիաս Վիլկեսը: Վերջինս առանձնահատուկ նշել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, տրանսպորտային բոլոր հնարավորությունները, այդ թվում` օդային տրանսպորտն իր զարգացման համար կիրառելու իրավունքը, նաեւ ընդգծել Ադրբեջանի' շրջափակման քաղաքականության անթույլատրելիությունը:

 

Կարեւոր է նշել, որ ընդունելությանը մասնակել են Ֆրանկֆուրտի մերձակա տարածքներում հավատարմագրված հյուպատոսներ` Բուլղարիայի, Լիտվայի, Մոնակոյի, Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Վենեսուելայի, Կանաչ հրվանդանի կղզիների, Զամբիայի: Իսլամական երկրների գլխավոր եւ պատվավոր հյուպատոսների ներկայությունը կարելի է համարել ղարաբաղյան դիվանագիտության հաջողություն, որը դիմակայում է Ադրբեջանի` Արցախին միջազգային մեկուսացում պարտադրելու փորձերին:

 

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ելույթը ջերմ ընդունելության է արժանացել  ներկաների կողմից, ովքեր հոտնկայս ողջունել են նաեւ ԼՂՀ օրհներգը' հայտնի երաժիշտ Ֆրանց Լամբերտի կատարմամբ:

 

Տեղական մամուլը լայնորեն լուսաբանել է հայկական պատվիրակության այցը: