«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երկրի վարկանիշի անկումը, ի թիվս մի շարք գործոնների, սկսվում է նաև ներքաղաքական հարցերում իշխանության դիլետանտությունից, անպատասխանատվությունից և իրարարամերժ քայլերից: Մարդկային հարաբերություններից մինչև պետական քաղաքականություն, գնահատելի է վստահելի լինելու գործոնը, հակառակ դեպքում դու դիտարկվում ես խոցելի, ոչ անվտանգ, իսկ ավելի կոշտ՝ դավաճան, որի հետ զարգացող, դինամիկ և հեռանկարային հարաբերությունների ձգտելը ժամանակի անիմաստ կորուստ է: Այսպես է նաև պետությունների իշխանություների դեպքում:
Ազգային, պետական շահի առաջնահերթություն և պետության վստահելի պատասխանատու. այս կարևորագույն սկզբունքները ևս, որպես արդյունավետ կառավարման հենք, վերջին երկուս ու կես տարում ամբողջովին բացակայում է մեր երկրում: Եվ այդ պատճառով է նաև, որ մենք սառեցված, անորոշ հարաբերությունների մեջ ենք արտաքին դաշտում ընդհանրապես, իսկ ռազմավարական, դաշնակից-գործընկեր Ռուսատանի Դաշնության հետ՝ մասնավորապես: Սա մեծապես վնասում է մեր պետական շահին:
Փոխարենը ստեղծվում է առանց իզմերի, այսինքն գաղափարազուրկ հասարակության մոդել, որը արդեն իսկ հանգեցնում է քաոսի: Հենց այս՝ քաոսին զարկ տրվեց 2018-ի մայիսից, իսկ «պտուղներն» արդեն նկատելի են. քաոս կրթական համակարգում, քաոս անվտանգության ոլորտում, քաոս տնտեսությունում, քաոս միջպետական հարաբերություններում, քաոս հասարակական հարաբերություններում, քաոս ազգային արժեհամակարգում: Եթե այսպես շարունակվեց, ապա մենք մի քանի տարի հետո լրջագույն խնդիր ենք ունենալու թե ազգային ինքնության պահպանման առումով, և թե բանակի առումով:
Իշխանության բոլոր օղակներում, վերից վար, տեղավորված են բաց հասարակության՝ սորոսականները, որոնք իրենց ապազգային գործունեությամբ սպառնալիք են մեր պետականությանը: Մենք պարտավոր ենք շտկել այս թյուրիմացությունը մեր երկրում: Մեր աշխարհագարական դիրքը, հարևանների հետ հարաբերություններն ու մեր ազգի բազմադարյա պատմությունը վկայում է, որ մենք պետք է դրսևորենք խոհեմ, ճկուն քաղաքականություն՝ հստակ վեկտորներով և ռազմավարական, դաշնակցային առաջնահերթություններով:
Ի վերջո, ինչ է նշանակում պետականություն պահել և երկիր զարգացնել: Նշանակում է ունենալ կայուն տնտեսություն, ամուր անվտանգություն, ազգային ինքնության վրա հիմնված հասարակական հարաբերություններ, կրթական համակարգ, հոգևոր- մշակութային կյանք»: