Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը թուրքական լրատվամիջոցների գլխագրերում է: Այս մասին գրում է Yerkirmedia.am-ը:
Տեղեկատվության տարածումից անմիջապես հետո թուրքական տարբեր լրատվամիջոցներ շտապեցին արձանագրել, որ ՀՀ նախագահը իր նստավայրում հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է արձանագրություններն առ ոչինչ համարելու մասին: Տարօրինակ չէ, որ լրատվամիջոցները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի ձախողման հանգամանքը կանխատեսելիորեն փորձում են կապել հայկական կողմի դիրքորոշման հետ՝ նշելով, թե «Հայաստանը վերջ է տալիս կարգավորման գործընթացին»:
«Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց»,- այսպիսի գլխագրով է տեղեկությունը հրապարակել թուրքական ազգայնական Sozcu պարբերականը՝ մեջբերելով 2017 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ արձանագրությունների «կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ»:
Թուրքական «Հուրիեթ»-ը հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան արձանագրությունները ստորագրել էին 2009 թվականին՝ Ցյուրիխում՝ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աջակցությամբ:
Մեկ այլ պարբերական՝ «Միլլիեթ»-ը, հիշեցրել է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մտադրության վերաբերյալ հայկական կողմի հայտարարությանը արձագանքել էր Թուրքիայի ԱԳՆ-ն՝ նշելով, թե այդ արձանագրությունները շարունակում են «մնալ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»:
Թուրքական «Ջումհուրիեթ»-ն էլ մեջ է բերել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ 2017 թվականի դեկտեմբերին արած հայտարարությունն այն մասին, որ «փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:
Հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին գրել են ավելի քան երկու տասնյակ լրատվամիջոցներ, ինչպես «Աքշամ»-ը, «Հաբերլեր»-ը, Haver7-ը, HaberTurk-ը, Demokrathaber-ը և այլն: