կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 15:03
Հասարակություն

Մայր տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք

Մայր տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք

 

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 14-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և բազում ուխտավորների, կատարվեց Հայրապետական մաղթանք:

 

Մաղթանքի հանդիսավոր արարողությունը կատարվեց Ս. Պատարագի ավարտից հետո Իջման Ս. Սեղանի առջև` հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:

 

Մինչ մաղթանքը, պատարագիչ Սրբազան Հայրը` Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը,  շնորհավորական խոսք ասաց ազգընտիր Վեհափառ Հայրապետի գահակալության 14-ամյակի  կապակցությամբ: «Այսօր, սիրելիներ, այստեղ ենք, որպեսզի ցնծությամբ և ուրախությամբ խնդրենք Աստծուն, որպեսզի Նա իր օրհնությունն անպակաս դարձնի հայ հավատացյալից և ընդհանրապես Հայ Եկեղեցին կազմող յուրաքանչյուր հայորդուց, և առավել ևս այստեղ ենք, որ աղոթք բարձրացնենք մեր Հայրապետության համար և մեր աղոթքներով խնդրենք, որպեսզի Աստված բազում քաջառողջ և երկար տարիներ պարգևի Ամենայն Հայոց Հայրապետին», - մասնավոր կերպով նշեց Մուշեղ Սրբազանն իր քարոզում:

 

Խոսքի վերջում Սրբազանը հայցեց Բարձրյալից` ուժ և եռանդ պարգևել Հայոց Եկեղեցու բոլոր սպասավորներին` գլխավորությամբ համայն հայության հոգևոր Հոր` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի:

 

Այնուհետև, Հայրապետական մաղթանքի ընթացքում, ծնրադիր աղոթքներով, սաղմոսներով ու շարականներով եկեղեցականաց դասն ուխտավորների աղոթակցությամբ անսասանություն մաղթեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և արդյունաշատ գահակալություն` Հայոց Հովվապետին: