կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-02 13:13
Առանց Կատեգորիա

Վերադարձ ակունքներին, կամ թուրքահայը` Հայաստանում

Վերադարձ ակունքներին, կամ թուրքահայը` Հայաստանում

Տրապիզոնից իսլամացած հայ` Նեդիմ Քարայելը, այս ամառ Հայաստան կատարած իր այցելության ընթացքում տեսածների, մտորումների և զգացմունքների մասին է պատմել Agos.com-ին:

 

Նեդիմն ասել է. «Երկար ժամանակ է` ուզում էի Հայաստան այցելել: Այս ամառ վերջապես երազանքս իրականացրի: Ընկերոջս` Սերհադի հետ Վրաստան շատ էի գնում: Նրա մայրը հույն է, հայրը` հայ: Հայերենին սահուն տիրապետող Սերհադը շատ է այցելել Հայաստան, եւ երբ առաջարկեց միասին գնալ, միանգամից ընդունեցի առաջարկը:

 

Բաթումից Թիֆլիս, այնուհետև` Երևան: Նրանք, ովքեր հետաքրքրված են վիզայի հարցով, ասեմ` 5 րոպեի ընթացքում տալիս են: Միայն հարցնում են, թե` որ հյուրանոցում եք մնալու:

 

Երբ մտանք Հայաստան, տեսարանն ամբողջովին փոխվեց: Երեկոյան ժամը ինն էր, երբ հասանք Երևան: Բառի բուն իմաստով` լուսավոր, պայծառ մայրաքաղաք դիմավորեց մեզ: Ճաշից անմիջապես հետո սկսեցինք քննարկել, թե որտեղից ենք սկսելու մեր պտույտը: Իհարկե, առաջին վայրը, որ ես ցանկանում էի տեսնել, Ծիծեռնակաբերդն էր կամ, ինչպես մենք ենք ասում, Ցեղասպանության հուշահամալիրը:

 

Ծիծեռնակաբերդը անմար կրակով, 44 մետր բարձրության` հայերի վերածնունդն ու Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթները խորհրդանշող սյուներով  մի հիասքանչ կառույց է: Անմար կրակին զուգընթաց լսվող երաժշտությունը, որ կնոջ և երեխայի ողբի ձայն է հիշեցնում, ասես դեպի խավար պատմություն է տանում: Ահա, այս ձայնը ես մի տեղից հիշում եմ....

 

Ցեղասպանության թանգարանում ցուցադրված` 1915 թվականի պատկերներին նայելով և երաժշտությունն ունկնդրելով` չդիմացանք, դուրս եկանք... Ինձ շատ էր հետաքրքրում, թե այստեղ ինչ են մտածում թուրքերի մասին: Մեծամասնությունը նույն կարծիքին էր` Հրանտ Դինքի սպանությունը 1915 թվականի շարունակությունն էր, այդ վերքը երբեք չի ապաքինվի և այլ նման կարծիքներ:

 

Հաջորդ օրն այցելեցինք Խոր Վիրապ: Արարատի հոյակապ տեսարանը Խոր Վիրապից... Ասես, ձգվես` կդիպչես: Հենց այդ պահին հասկացա` երկու երկրների միջև բարեկամության հաստատումը դարերի հեռավորության է: Հայաստան այցելությանս 6 օրերի ընթացքում ես հասկացա, որ այս թշնամանքը ոչ թե երկու ազգերի միջև է, այլ քաղաքական ուժերի: Աշխարհի որ երկրում էլ լինեք, բոլորի ցավերը նման են: Մենք` հայերս, կոտորածի զավակներ ենք: Չապաքինվող բոլոր վերքերը մերն են... Բոլորս նույն տեղից ենք արյունահոսում, մարդու ամենախոցելի տեղից` սրտից»: