Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Կառավարությունը փետրվարի 6-ին հավանություն էր տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանն իրավունք է տրվում գովազդ հեռարձակելու: Որպես հիմնավորում՝ նշվում է, որ Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու Հանրային հեռուստաընկերության կողմից իր սահմանադրական առաքելության պատշաճ իրականացմանը, այն է՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը:
Ըստ այդմ՝ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա լրացուցիչ համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն: Նախագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:
Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:
Նախատեսվում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ գովազդի հեռարձակման մեկ եթերաժամի հաշվով մինչև 5 րոպե տևողությամբ գովազդի հեռարձակման ժամանակային սահմանափակումը չի ներառում հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդումների հովանավորների վերաբերյալ տեղեկություններ նշելու դեպքերը: Բոլոր դեպքերում, հովանավորների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը չպետք է գերազանցի հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը: Կարգավորվել են նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ սոցիալական գովազդը, կախված եթերաժամից, կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով:
Կառավարության՝ մրցակցային պայմանների կոպտագույն ոտնահարում պարունակող այս որոշմանն արձագանքել է «Մեդիա պաշտպանը», նշելով, որ անընդունելի է մասնավոր հեռուստաընկերությունների դեմ արշավը, և սա մասնավոր ընկերություններում հնչող այլակարծությունը և ազատ խոսքը ճնշելու հերթական քայլն է:
Այն, ինչ այսօր առաջարկում է կառավարությունը, բնորոշ էր ՀՀԿ-ի իշխանության շրջանին, երբ Հանրային հեռուստատեսությունը հեղեղված էր գովազդով, այն ամբողջովին կորցրել կամ շեղվել էր բուն գործառույթներից՝ դառնալով կոմերցիոն հիմնարկ: Հիշենք՝ մարդիկ, հասարակության մտավորական հատվածը և այլ շրջանակներ մշտապես դժգոհել են այդ տխրահռչակ իրողությունից:
Հանրային հեռուստաընկերության՝ մշտական քննադատության թիրախ հանդիսացող գովազդային քաղաքականության վերաբերյալ քննարկումներ եղել են բազմիցս: ԱԺ չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի՝ 2008 թ. նոյեմբերի 10-ի նիստին տեղի ունեցած այդպիսի քննարկմանը, օրինակ, Հանրային հ/տ-ն եթերում գովազդի վերացման համար սուր և փաստարկված ելույթ-առաջարկներով են հանդես եկել ՀՅԴ ԱԺ ֆրակցիայի պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Ռուզան Առաքելյանը և Արա Նռանյանը:
Անդրադառնալով Հանրային հեռուստառադիոընկերության գովազդների նպատակահարմարությանը՝ ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի պատգամավորները, որպես օրինակ, բերել էին բրիտանական BBC հեռուստաընկերությունը, ով գումարներ ստանում է ոչ թե գովազդներից, այլ վաճառելով սեփական արտադրությունը՝ հաղորդումներ, ֆիլմեր և այլն:
Պատգամավորները մատնանշել էին միջազգային փորձը, ըստ որի՝ այն հանրային հեռուստաընկերությունները, որոնք գնացին առևտրայինի ճանապարհով, նրանք այդպես էլ չդարձան զարգացած երկրների հանրային հեռուստաընկերությունների նման հեռուստաընկերություններ։ Այդ առումով, ուսումնասիրելով Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության բյուջեն՝ փաստվել էր, որ պետական այդ հիմնարկության՝ գովազդից ստացվող եկամուտները կազմել են ֆինանսավորվող պետական միջոցների ընդամենը 10 տոկոսը: Փոխարենը, սակայն հեռուստաընկերությունը ամբողջությամբ լցված էր գովազդով:
Արժե՞ր այդ 10 տոկոս ֆինանսավորման համար Հանրային հեռուստաընկերությունը մղել գովազդի դաշտ՝ հայտարարել էին ՀՅԴ խմբակցության պատգամավորները՝ հավելելով, որ, այլ հեռուստաընկերությունների հետ համեմատած՝ Հանրային հեռուստաընկերությունն իր էությամբ ավելի շատ կոմերցիոն հիմնարկ է։
Քննարկմանը բերվել էին նաև երկրների հետ համեմատելի կոնկրետ օրինակներ, և մատնանշվել էր Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությունը, որն իր եթերի 45 տոկոսը տրամադրում էր տեղեկատվական, վերլուծական ծրագրերին: Փոխարենը՝ Հայաստանի հանրային հ/տ-ում տեղեկատվական, վերլուծական, լրատվական ծրագրերը կազմում էին եթերի մոտավորապես 20 տոկոսը, որը միջազգային միջին չափանիշներով հավասարազոր էր կոմերցիոն հեռուստաընկերությունների եթերին։
2008 թ. ավարտին տեղի ունեցած այս քննարկումներից որոշ ժամանակ անց Հանրային հեռուստաընկերության եթերից գովազդը դուրս է մղվում՝ ավելի բարձրացնելով վերջինիս հեղինակությունը:
Ստացվում է այնպես, որ ՀՅԴ-ական պատգամավորները պայքարել են ՀՀԿ-ի իշխանության շրջանում գոյություն ունեցած և սուր պայքարի արդյունքում Հանրային հ/տ-ից դուրս մղված այս արատավոր երևույթի դեմ, իսկ նախկիններին իբր մերժած ներկա իշխանությունները, ի զորու չլինելով ստեղծել որևէ նոր բան, կոնկրետ այս պարագայում՝ վաճառքի ենթակա բարձրարժեք հեռուստամթերք, կրկին կատարում են դարձ ի շրջանս յուր՝ ընտրելով հեշտ ճանապարհ: Իսկ դա ենթադրում է՝ պարզապես վաճառել եթերը և փողի դիմաց այն վերստին լցնել եթերային աղբով:
Այսպիսով՝ ՀՀ նոր իշխանությունները ողջ ուժով հետ են կանչում «մերժված» արժեհամակարգի ժամանակ գոյություն ունեցած ևս մեկ արատավոր երևույթ:
Վ. Սարգսյան