Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատկապես վերջին տարիներին նկատելի է, թե ինչպես է ՀԱՊԿ ԽՎ-ն ամրանում, ինչպես է սկսում ավելի մեծ դեր խաղալ միջազգային պառլամենտական հարթակներում եւ ինչպիսի հետաքրքրություն է ներկայացնում ՀԱՊԿ շրջանակներում ընթացող բոլոր գործընթացների նկատմամբ. Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետում այսօր ասաց ՀԱՊԿ քարտուղարության ինֆորմացիոն ծրագրերի վարչության պետ եւ ՀԱՊԿ պառլամենտական բաղադրիչի պատասխանատու Ալեքսանդր Վինիդիկտովը:
«Космический генерал» Վենիդիկտովը, ինչպես սիրում են նրան կոչել նրա ծննդավայր' ՌԴ Ամուրի երկրամասում, քանի որ եղել է ռուսական «Սվոբոդնի» տիեզերակայանի հրամանատարն ու ղեկավարել «ԶԵՅԱ» արբանյակի արձակումը Երկրի ուղեծիր, համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորների այցելությունը Հայաստան ցույց է տալիս այն մեծ հետաքրքրությունը, որը ստեղծվել է ՌԴ դաշնակից պետություն, նրա խնդիրների նկատմամբ:
«Ամեն դեպքում' ինձ դուր է գալիս այս մեծ հետաքրքրությունը: Որովհետեւ այս այցից հետո հավաքվելու են մեր խորհրդարանների ղեկավարները, եւ արդեն պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահը նրանց կզեկուցի այս այցելության արդյունքները: Հետո մեր խորհրդարանների ղեկավարները կորոշեն, թե ինչով ու ինչպես օգնեն Հայաստանի Հանրապետությանն, այս իրավիճակում... Ամեն դեպքում' նրանք ավելի շատ կիմանան իրական դրության մասին եւ կկարողանան օգնություն ցուցաբերել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Խոշոր հաշվով' անվտանգության մակարդակի բարձրացման հարցում օգնություն պետք է ՀԱՊԿ բոլոր անդամ պետություններին: Դրանով զբաղվում են մեր նախագահները' տարեկան առնվազն մեկ անգամ հավաքվելով նիստերի»,- նշեց Ալեքսանդր Վինիդիկտովը:
ՌԴ նախկին պատգամավոր, պահեստազորի գեներալը, լինելով ՀԱՊԿ ԽՎ համակարգողը եւ ներկա գտնվելով ՀԱՊԿ շրջանակներում ընթացող բոլոր գործընթացներին, ներկայացրեց ՀԱՊԿ ներկայիս հարցերը' նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր հարցերից մեկը ՀԱՊԿ ազդեցության տիրույթում գտնվող տարածքների հարավային սահմանների ամրապնդումն է' կապված Աֆղանստանից միջազգային խաղաղապահ ուժերի դուրսբերման, Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ եւ այլն:
Yerkir.am-ի հարցին' ինչպե՞ս է գեներալը վերաբերվում երեւույթին, երբ ՀԱՊԿ մի անդամը կազմակերպության անդամ չհանդիսացող երրորդ երկրի սպառազինություններ է մատակարարում, Ալեքսանդր Վինիդիկտովը պատասխանեց, թե մեր երկրների ղեկավարներն արդեն ընդունել են համատեղ որոշում, որը թույլ չի տալիս ՀԱՊԿ անդամ որեւէ երկրում երրորդ երկրի ռազմաբազա տեղակայել:
«Ես կարծում եմ, որ դա շատ մեծ համատեղ քայլ է' ուղղված հավաքական անվտանգությանը: Ցավոք, ՀԱՊԿ համակարգում առայժմ չկա որեւէ փաստաթուղթ, որը կարգելեր նույն կերպ զենք վաճառել երրորդ երկրի: Բայց պրակտիկան, կյանքը ցույց են տալիս, որ պետք է ինչ-որ ընդհանուր որոշում ընդունել, որպեսզի ՀԱՊԿ գործունեության մեջ չլինեն այսպիսի պահեր»,- նշեց «տիեզերական գեներալ»-ը: