Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Կոմպոզիտորների միությունում տեղի կունենա միության համագումարը: Արդեն երկար ժամանակ է, ինչ մի խումբ կոմպոզիտորներ բողոքում են միությունում ստեղծված իրավիճակից: Նրանք անգամ փորձեցին իրավական ճանապարհով պաշտպանել իրենց շահերը:
Վաղը միությունում նաեւ նախագահ են ընտրելու:
Օրեր առաջ ՀԳՄ-ում նույնպես համագումար էր: ՀԳՄ համագումարում եղան մարդիկ, որ իրենց բողոքն արտահայտեցին բղավելու տեսքով, սակայն նրանցից մեկն ասաց. «ՀԳՄ-ն մեր տունն է, ոնց ուզում, այդպես էլ խոսում ենք»: ՀԳՄ նախագահի ընտրությունն անցավ բուռն, ինչպես եւ սպասվում էր: Սակայն ՀԳՄ անդամներից եւ ոչ մեկի մտքով այդպես էլ չանցավ ինչ-որ բան ասմունքել, քանի որ մարդիկ հավաքվել էին իրենց խնդիրների մասին խոսելու` թեկուզ գոռգոռալով:
Վաղը, ինչպես որոշել է Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, համագումարը կսկսվի համերգով: Համերգ` ահա՛ բոլոր հարցերի պատասխանը:
Ձեզ ի՞նչն է հուզում, պարո'ն Չաուշյան, այն, որ միության նախագահի իրավասության ժամկետը վաղուց է անցել, բայց նա դեռ նախագա՞հ է, հոգ չէ, համերգի ժամանակ կատարումներից որեւէ մեկի միջոցով էլ կգտնեք Ձեր հարցի պատասխանը:
Պարո'ն Սաթյան, կարծում եք, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություննե՞ր, եւ միությունն այդպես էլ չի՞ լուծում մեր ստեղծագործությունները դրսում հնչեցնելու հարցը, կարիք չկա անհանգստանալու, անհրաժեշտ է միայն շատ ուշադիր համերգը վայելել, ու երգերից մեկի տողատակում հարցի լուծումը կստանաք:
Մարտին Վարդազարյանը կարծում է, որ միությունը դարձել է փակ կառույց, որն անհաղո՞րդ է երաժշտության ոլորտում համաշխարհային իրադարձություններին: Համերգի ժամանակ կգտնեք հարցի լուծումը:
Երիտասարդ կոմպոզիտորները բաց նամակ էին գրել եւ վերհանել մի շարք խախտումներ, սակայն նրանք նույնպես ստիպված են երաժշտական զեղումների ընթացքում հասկանալ` ո՞րն է իրենց հարցի պատասխանը, եւ ո՞վ է պատասխանատու դրանց համար:
Ի դեպ, երեկ նաեւ պարզ դարձավ, որ Կոմպոզիտորների միության համագումարը տեղի կունենա ոչ թե միության դահլիճում, այլ Ֆիլհարմոնիայում:
Մի խորհուրդ` կարելի է համագումարը սկսել եւ ավարտել «Երազ իմ երկիր»-ով, շոուն լրիվ կստացվի:
Լուսի ԽԱՉԱՏՐՅԱՆ