կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 11:17
Մշակույթ

Սոս Սարգսյանի վերջին գործնական հարցը Համազգայինի շենքի հետ էր կապված

Սոս Սարգսյանի վերջին գործնական հարցը Համազգայինի շենքի հետ էր կապված

Ներկայացնում ենք Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոհերը` Սոս Սարգսյանի մասին:

 

Սոս Սարգսյանն ինքն իրենով լուսավոր մարդ է, իր տեսակով` պայծառ, մտածող: Երբ այդ անունը տալիս ես, մի տեսակ վեհություն, հպարտություն, ուրախություն է առաջանում քո մեջ: Իր հետ կապված հուշերը շատ-շատ են եւ չեմ ցանկանում, որ դրանք հուշ դառնան, մենք պատրաստ չենք այն փաստին, որ նա այլեւս հուշ է: Գիտակցությամբ հասկանում ենք, սակայն դեռ չենք ցանկանում ընդունել, նրան «փոխանցել» անցյալին:

 

Այսօր պետք է միայն ափսոսալ, քանի որ վերջին մոհիկանն է գնում, մեր ժամանակների ամենամեծ հեղինակությունը: Թե հետո ի՞նչ կլինի, ո՞վ կգա այդ մակարդակի, դա լուրջ հարց է: Երբ տան մեջ կա մեծը, նույնիսկ եթե այդքան էլ ակտիվ չէ, բայց կա, միշտ կարեւոր ու դժվար պահերին ապավինում ես նրան, քանզի նա անելանելի դրություններում իրեն հատուկ ձեւով լուծել է բոլոր խնդիրները: Մեծը, հենքը ապավենը այլեւս չկա... Իհարկե, նա դեռ բոլորիս մեջ շատ երկար կապրի:

***

Համազգային պետական թատրոնի նոր շենքի կառուցումը Սոս Սարգսյանի երազանքներից մեկն էր: Թե ինչպե՞ս էր ուզում այն իրականացնել, այդ մասին կարելի է գիրք գրել, քանի որ մենք միասին էինք աշխատում այդ հարցի շուրջ: Մահից մեկ օր առաջ, երբ ինձ կանչեց իր մոտ, իր վերջին գործնական հարցը շենքին էր վերաբերում: Չեմ ուզում այդ ամենի վրա շատ շեղվել, բայց դա իր կյանքի վերջին գործնական հարցն էր: Դա իր նպատակն էր եւ է ու, կարծում եմ, որ իր նպատակը, եթե իրագործվի, Սոս Սարգսյանի դիմանկարը կամբողջականանա: Ես չեմ էլ ցանկանում կասկածի տակ առնել, որ դա չի լինելու` ես հավատում եմ, որ կիրագործվի, քանի որ դրանով Սոս Սարգսյանը առավել հանգիստ կլինի: Վարպետի ցանկությունը շենքի հետ կապված այն էր, որ Երեւանում կառուցենք զուտ թատերական, թատրոնի համար նախատեսված շենք:

 

Երազում էր դասական ոճի թատրոն, իհարկե, ժամանակակից ոճի հարմարություններով: Երազում էր` իր երազած թատրոնը, ի վերջո, ունենա իր տանիքը, քանի որ միշտ ասում էր.«Համազգայինը վաստակել է դա. սա իմ հարցը չէ, ես իմ կյանքն արդեն ապրել եմ, սա թատրոնի հարցն է»: Բոլոր դեպքերում, թատրոնը իր դպրոցն է` երեխաները, աշակերտները եւ բոլորս տարբեր չափով սնվել ենք իրենից: Իր ցանկությունները` շենքի հետ կապված, ճարտարապետական լուծումներով պահվել են: