Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-06 17:24
Առանց Կատեգորիա

Ուրեմն` կլինի. Համազգային թատրոնի շենքի հետ կապված` Սոս Սարգսյանի վերջին խոսքը

Ուրեմն` կլինի. Համազգային թատրոնի շենքի հետ կապված` Սոս Սարգսյանի վերջին խոսքը

Yerkir.am-ի զրուցակիցն է Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:


-Երբ Սոս Սարգսյանը ողջ էր /հատկապես` վերջին տարիներին/' Համազգայինի շենքի խնդիրն ակտիվ էր, բայց վերջին շրջանում վերին օղակներում խոսակցությունները, կարծես, մարե՞լ են:

-Այդ խոսակցությունները ոչ թե մարել են, այլ, իմ կարծիքով, քաղաքական առաջնային խնդիրներն այնքան շատ են, որ պարզապես դրան անդրադառնալու ժամանակ չկա: Բայց ես չեմ կարծում, որ հնարավոր է մարվի այդ թեման, քանի որ օրեցօր ավելանում է Համազգայինի համակիրների բանակը: Ավելին` շենքի կառուցումը կյանքի կոչելու համար մենք սկսել ենք համազգային դրամահավաք: 2 տարի առաջ մենք մեկնեցինք Արցախ, մենք երբեք Արցախում տոմս չենք վաճառում, սակայն այդ անգամ վաճառեցինք, բայց տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցեցինք Ստեփանակերտի Սուրբ Մայր Աստվածածին եկեղեցու շինարարությանը: Ես իմ խմբին ասացի' վստահ ձեր սերունդներին կարող եք ասել, որ այս եկեղեցու մի քարը դուք եք դրել: Համազգային թատրոնը  կայացած կառույց է, ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում. աշխարհի ամենամեծ թատրոնները դժվարությամբ և մեծ գումարներով են բարձրացնում «Համլետի» նման բեռը, իսկ մենք դա արեցինք' լավ կամ վատ: Սա ինչ-որ բան է ասում թատրոնի այսօրվա մասին: Սա Սոս Սարգսյանի դերասանական դպրոցն է, հակառակ դեպքում' թատրոնը վաղուց իրեն սպառած կլիներ: Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որոնց հետևում ենք, և դրանցից մեկն էլ հայոց լեզվի, լեզվամտածողության պահպանումն է և տարածումը:

 

-Փաստորեն, այնպես չէ, որ կա հիասթափություն, կամ պետական մարմինների հետ այլևս հույսեր չեք կապում, ուղղակի դրամահավաք անելով' հարցին այլ տեսանկյունի՞ց ենք փորձում լուծում տալ:

-Սոս Սարգսյանի մահից հետո մեր կյանքում մեծ վակուում առաջացավ, և մենք ուժ չունեինք` ինչ-որ բան անելու: Ճիշտ է, այդ ընթացքում մեկնեցինք ԱՄՆ` հյուրախաղերի, բավական հաջող հյուրախաղեր էին, բայց ինչ-որ տեղ պասիվացավ մեր գործունեությունը, ինչը չեմ ասի այսօրվա մասին: Մայիս ամսին մենք հնարավորություն չունեցանք խաղալու, քանի որ ուսանողական քննական շրջան էր, և ուսանողները զբաղեցրել էին դահլիճը: Մենք գիշերներն էին փորձեր անում, բայց կարողացանք պրեմիերա իրականացնել, իսկ հունիսից ակտիվորեն սկսել ենք մեր խաղաշրջանը: Գիտեք' դրամահավաքը մեզ համար մտածողության ձևավորում է, կարծում եմ' կան կառույցներ, որոնք պետք է համայնքը կառուցի' եկեղեցի, թատրոն, դպրոց: Հավատքը, կրթությունը, մշակույթը, ինչպես նաև բանակն ազգի հոգևոր ներուժը շարժող բաղադրիչներն են: Սրանց արժեքը քննարկման նյութ չէ, ես չեմ պատկերացնում որևէ` իրեն արժանապատիվ ու կիրթ համարող, պատմություն ունեցող ազգ, որը կժխտի այս արժեքները: Ժողովուրդը պետք է կառուցի դրանք և տեր կանգնի իր կառուցածին: Ես լիահույս եմ, որ պետական մարմինները մեծապես և էապես կաջակցեն այս նախագծին, քանի որ ես գիտեմ, որ կա պատրաստակամություն և դրական տրամադրվածություն: Ես գտնում եմ, որ սա ժողովրդական շարժման պետք է վերածվի: Գիտեմ, որ ժողովրդի տվածը գուցե չի լինի միլիոնավոր դոլարներ, թող լինեն միլիոնավոր դրամներ, և յուրաքանչյուր հայ, ով 1000 դրամ կտա, կիմանա, որ ինքն իր զավակի, թոռան համար մշակութային օջախ է ստեղծել:

 

-Այսինքն' խնդիրն այս պահին միայն գումա՞րն է:

-Այո, սկսելու համար մեզ գումար է պետք: Այս պահին մեզ անհրաժեշտ է մոտ 60 մլն դրամ: Հիմա արդեն բացվել է «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի անունով հաշվեհամարը: Գիտե՞ք' վարպետը պետք է ելույթով հանդես գար` շենքի կառուցման հետ կապված, պարզապես չհասցրեց:

 

-Որքան տեղյակ եմ' մահվան օրը խոսել եք Սոս Սարգսյանի հետ, և առաջին մտահոգիչ հարցերից մեկը շենքի կառուցումն է եղել: Ինչպիսի՞ն էր տեսնում շենքը, ի՞նչ հեռանկարներ ուներ` շենքի կառուցման հետ կապված:

-Այո, մեր վերջին խոսակցությունը նրա մահից երեք ժամ առաջ է եղել: Այդ օրերին կարևոր հանդիպում էի ունեցել' շենքի հարցի հետ կապված: Եերբ հարցրեց, թե` ի՞նչ են ասում, պատասխանեցի, որ ամեն ինչ հստակ է, որ այն մարդիկ, ովքեր վերցրել են այս ծանրությունն իրենց վրա, հավատացնում են, որ ընթացքը նորմալ է, լավ է լինելու: Նա երկար նայեց ինձ, ոչինչ չասաց, հետո մի բառ ասաց. «Ուրեմն' կլինի»: Սա, շենքի հետ կապված, վերջին հարց ու պատասխանն էր' սեպտեմբեր 26-ին: Ի դեպ, մեր ներկայացումների ժամանակ մենք ցուցադրում ենք մեր մակետը և հանգանակությունների արկղ ունենք, որտեղ էլ կարող են իրենց լուման ներդնել ցանկացողները: Հավաստիացնում եմ' յուրաքանչյուր մեկ լուման էլ հասնելու է իր նպատակին: Կա նաև նվիրատուների ցանկ, մենք շենքում յուրաքանչյուր ներդրողի համար մի հաճելի անակնկալ պիտի մատուցենք:

 

-Այսինքն' հույս ունենանք, որ այս տարվա մեջ ինչ-որ շա՞րժ կլինի:

-Մենք լիահույս ենք, որ աշնանը կարող ենք հողային աշխատանքները սկսել:

 

-Ասացիք, որ ազգի կարևոր բաղադրիչներն են`  մշակույթ, կրթություն, կրոն, բանակ: Վերջին շրջանում չե՞նք հեռացել այդ դաշտից, ինչ-որ բան չի՞ աղճատվել:

-Ես մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում հարցին: Եթե մարդ հեռանում է մշակույթից և կրոնից, իր ազգային հավատքից, գիտությունից, դա մարդու խնդիրն է: Մարդ ինքը պետք է գիտակցի դրանց արժեքը և գնա դեպի այդ ամենը, միշտ արժևորի: Գիտեք' որքան հասարակական պահանջը մեծ է լինում արվեստի հանդեպ, այնքան արվեստի մեծ գործեր են ծնվում:

 

-Հասարակության պահանջը բարձրացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

-Մենք մեր մասով պետք է մեր գործը լավ անենք, անենք անընդհատ և չհոգնենք, և մենք, հավատացեք, անում ենք: Գիտե՞ք' այո, կարելի է նստել և մտածել' թող մեզ օգնեն, թող շատ օգնեն, այդ օգնությունը կա՛մ լինելու է, կա՛մ չի լինելու: Կարծում եմ, որ այսօր Հայաստանն անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան 1991-ին: 1991-ին Սոս Սարգսյանը ստեղծեց թատրոն, և այն ապրեց, ժողովրդի հետ խոսեց, ներքին սնունդ եղավ մարդկանց համար: Մենք այսօր փորձում ենք ոչ թե նորից ստեղծել, այլ զարգացնել, շարունակել, սահմաններն ընդլայնել, ներկայանալի դառնալ դրսում, իսկ զարգացման ընթացքը միշտ էլ պրոբլեմատիկ է յուրաքանչյուր երկրում: Իհարկե, շատ լավ կլիներ, որ մեր երկիրը լիներ շատ հարուստ, և այդ դեպքում մենք շատ ավելի հեշտությամբ այդ դժվարությունները կհաղթահարեինք: Ավելի աղքատ երկիր ենք, ավելի դժվար է, խնդիրները շատ են, առօրեական, մանր, անիմաստ քաշքշոցները շատ են, բայց, ոչինչ, հաղթահարելի են: Եթե ունենք նպատակ' ամեն ինչ հաղթահարվելու է: Այսօր ես շենք կառուցելու գումար չունեմ, այն թիվը, որը ձևավորվել է մոտավորապես' այդ վեցանիշ թվի անգամ առաջինն էլ չունեմ, բայց ես տեսնում եմ այդ շենքը, ես հանուն դրա եմ ապրում: Եթե ես չտեսնեմ, այլ կենտրոնանամ, թե' այսօր ինձ ինչպե՞ս նեղացրին, ի՞նչ ասաց կողքինը, ես չեմ հասնի ոչնչի:

 

-Փոքր բաների հետևից շա՞տ ենք ընկնում:

-Երբեմն' այո: Գիտեք' դա խանգարում է, եթե շատ ես ուշադրություն դարձնում: Պետք է մի քիչ ավելի մեծ վրձնահարվածներով ապրել:

 

Կարինե Հարությունյան

 

Հ. Գ. Համազգային թատրոնի շենքի կառուցման դրամահավաքին մասնակցելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: