Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: Մինչ միջոցառման սկիզբը`ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ընթերցել է Սոս Սարգսյանի խոսքերը.
«Ես կուզենամ, որ հայոց երկիրը համարեք ձերը ու տեր լինենք, ու ձեր ամեն բեմելը թող ունենա բովանդակություն ու որպես արժեք հրամցնեք ձեր հայրենակիցներին: Իսկ բարձր արվեստն արժեք է: Բարձր կուլտուրայի տեր մարդիկ մեզանում չկան կամ շատ ու շատ քիչ են, դուք պարտավոր եք լրացնել էդ դատարկությունը, հասկանալի է, որ ձեզնով:
Հիշե´ք, որ թատրոնը ստեղծվել է նրա համար, որ մարդը գա, իրեն տեսնի, հասկանա իր էությունը, իր հոգու թաքցրած բովանդակությունը, գա, մտորի: Ես խնդրում եմ էնպես անել, որ ես, ինչպես առաջ եմ ասել, որ իմ թատրոնում աշխատում են ամենատաղանդավոր դերասանները»:
Թուղթը, որի վրա գրված էին այդ խոսքերը, դրվել է պարկուճի մեջ, որի մեջ նաև եղել է Սոս Սարգսյանից մի մասունք: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում, երբ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հաստատվում էր Հայաստանում և գալիս էր հետխորհրդային փլզումի, պատերազմի, շրջափակման, մթի ու ցրտի իրականության մեջ հոգևոր-մշակութային օազիսներ կերտելու և նեցուկ լինելու նահանջող մշակութային կյանքին։ Համազգայինի և Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրված թատորնը 2003ին ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Պետական համազգային թատրոն, 2015թ.-ին վերանվանվել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Համազգային թատրոնի շենքի ճարտարապետը Իսահակ Ներսիսյանն է, իսկ շինությունը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի նույն տեղում: Համազգային թատրոնը այս պահին գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և մինչ օրս սեփական շենք չի ունեցել:
Հավելենք նաև, որ հիմնարկեքի արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով զայրացել է `տեսնելով հանդիսավոր միջոցառման վայրում աղբի առկայությունը: Նա մինչ արարողությունը սկսելը` տարածքում մաքրություն է իրականացրել. «Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: