Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Էդիթ Պրինտը» հրատարակել է Յուրի Պետրոսյանի` Պարույր Սևակին նվիրված հանրագիտակը` «Պարույր Սեւակ` «Բարի երազըս` ձե՜զ, սիրելինե′ր» » վերնագրով:
Yerkir.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ ինքը, կարծես, նոր ժանրի գրանակություն է ստեղծում` գրողի հանրագիտարան: Հեղինակը գրքի վրա աշխատել է 2 տարի:
«Սեւակի մեջ նոր բաներ առանձնապես չեմ բացահայտել, քանի որ ես արխիվներ չեմ ուսումնասիրում: Փորձել եմ ներկայացնել Սեւակին իր առօրյայով, կենցաղով ու մարդկային-աստվածային կերպարով: Ես բացահայտումներ չեմ անում»,- ասաց Պետրոսյանը:
Նա նշեց նաեւ, որ գիրքն ավելի շատ հուշանվերային է: Գրքում, ըստ Պետրոսյանի, 15-17 նոր լուսանկարներ կան:
«Ես հանրագիտարաններ եմ սկսել հրատարակել, ունեմ Նարեկացիի, Չարենցի մասին գրված գրքեր: Տերյան-Սարյան ընտրանի պետք է անեմ, քանի որ Տերյանի բանաստեղծությունները քնքուշ են ու բարի, ինչպես Սարյանի ծաղիկները: Ուզում եմ նաեւ Մաշտոցին անդրադառնալ»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ կարծիք կա, թե Սեւակի գրքերը նույնպես բուժում են. «Այո, դա այդպես է, քանի որ հավատում են Սեւակին, նրա գրչի անկեղծությանը, դրա համար էլ նա հզոր ու ուժեղ է: Ես ապրում եմ Սեւակով, նույնիսկ մի տղա եմ ունեցել եւ անունը Սեւակ եմ դրել, որը, ցավոք, 20 օրական էր, երբ հեռացավ կյանքից»: